Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն ո՞ւմ «դաբրոյով» է հերթական ագրեսիան «հրահրելու»

Հունիս 28,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Հայաստանի դաշնակիցների՞, որոնք հետո կխոստովանեն, որ Ալիեւին այդ հարցում էլ են «թեւ ու թիկունք» եղել

Չնայած Ռուսաստանից հնչող շարունակական քննադատություններին, շանտաժներին՝ ուղղված Հայաստանին, թե՛ ռուսաստանցի պաշտոնյաները, եւ թե՛ ՀԱՊԿ-ից պարբերաբար հույս են հայտնում, որ Հայաստանը կտրուկ «գործողությունների» չի դիմի:

ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, վերջերս այս մասին կառույցի քարտուղարությունից հայտնել էին ՏԱՍՍ գործակալությանը, նշելով. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությանը. «Փաշինյանը չի ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք»։ Հետեւաբար մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, այն շարունակում է մնալ Կազմակերպության լիիրավ անդամ»։

Կրեմլի խոսնակն էլ իր հերթին է օրերս վստահեցրել, որ Ռուսաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ, եւ որ ռուսական կողմն ակնկալում է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կշարունակվեն գործընկերության ու դաշնակցային հունով։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային եւ դաշնակցային հարաբերություններին», -ասել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի վերաբերյալ հայտարարություններին։ Կրեմլի խոսնակը նշել էր, թե ենթադրում է, որ Հայաստանը եւս շահագրգռված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմամբ։

Անցյալ շաբաթ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը ՏԱՍՍ-ին հայտնել էր, թե Հայաստանը որեւէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ «Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել էր Լեբեդեւը, ուշադրություն հրավիրելով Երեւանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։ «Բայց հետո ասվեց՝ ես սա արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարեւանների հետ։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար եւ հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- ընդգծել էր նա:

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը, անցյալ շաբաթ նաեւ հայտնել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Հայաստանը եղել է եւ կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, եւ մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է», – ասել է Թասմագամբետովը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ հույս էր հայտնել, որ Երեւանը «դեռ կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում եւ պաշտոնական որոշում կկայացնի «կազմակերպության մաս լինել, թե չլինել»։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել Ալմաթիում կայացած նախարարների խորհրդում, նման խնդրանք չի եղել», – անցյալ շաբաթ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Երեւանը պաշտոնական փաստաթղթեր չի ուղարկել ՀԱՊԿ, որպեսզի կազմակերպության անդամները քննարկեն Հայաստանի հեռանալու հնարավոր հետեւանքները», – հավելել էր Լավրովը:

Հայաստանի քայլերի ու գործողությունների վերաբերյալ երբեմն-երբեմն վառ արտահայտված դժգոհությունների ֆոնին անցյալ շաբաթ ռուսական կողմը Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ցանկության մասին էլ հայտնեց: «Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում», – ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Իվանովը, հավելելով. «Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու առաջադրանքներն արդեն տրվել են, մոտ ապագայում այն կբացվի»:

Հարավային Կովկասից, ավելին` Հայաստանից Ռուսաստանի հեռանալու հավանականությունը, ինչպես նկատում ենք, խիստ չափազանցված կանխատեսում է: Ռուսաստանը ոչ միայն մտադրություն չունի հեռանալու, այլեւ ամրապնդվում է Հարավային Կովկասում, իսկ Հայաստանից, կարելի է ասել, ողջ ուժով կառչած է, չնայած Հայաստանի դերակատարությունը, նշանակությունն ու արժեքը միտումնավոր նվազեցնելու Ռուսաստանի պետական քաղաքականությանը:

Միայն զայրույթ ու խորը հիասթափություն կարող են առաջացնել ռուսաստանցի մեկնաբանների գնահատականները Հայաստանի վերաբերյալ: Մեր պետության գոյությունն այսօր առհասարակ ռուսները կապում են բացառապես Ռուսաստանի մեծահոգության հետ եւ պատեհ-անպատեհ երեսով տալիս, թե` «քանի անգամ են փրկել մեզ», իսկ «մենք`ապերախտներս, ինչպես ենք դրան պատասխանում…»:

Այն, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին ռազմավարական օբյեկտները «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում նվիրվեցին Ռուսաստանին, իսկ հետո Ռուսաստանի իշխանական վերնախավը քաղաքական որոշում կայացրեց անցնել հարուստ Ադրբեջանի կողմը ու անգամ զինել Ադրբեջանին 2010-2011թ.թ.-ից սկսած, դրանում ռուս մեկնաբաններն ու փորձագետները որեւէ արտառոց բան, առավելեւս` դավաճանական քայլ չեն տեսնում:

Ավելին, Ռուսաստանից միայն լսում ենք հավաստիացումներ` խոսքով, մինչդեռ խնդիրը վերաբերում է մեր դաշնակցի պայմանագրային պարտավորություններին: Պատասխանատվության մասին նույնիսկ ավելորդ է ակնարկել:

Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունից, արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում անցյալ շաբաթ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ ռազմական արտադրանքի մատակարարումներն այլ երկրներ կատարվում են հաշվի առնելով Հյուսիսային ռազմական օկրուգի կարիքները, իսկ զենքի որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ այլ գործընկերներին։ «Այդուհանդերձ, Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում շփումները կանոնավոր են, եւ Մոսկվան այդ կողմից որեւէ բողոք չի լսել»,- նշել է Զախարովան։

Հաջորդ նուրբ թեման, պարզվում է, ռուսական կողմն արդեն վարպետորեն «տեղավորել» է Երեւան-Բաքու «շփումների» դաշտում: «Ես չեմ տեսել՝ արդյոք բարձրացվո՞ւմ է Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցը հայ-ադրբեջանական շփումների ժամանակ», նույն ճեպազրույցում ասել է Զախարովան` հիշեցնելով, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է հղեք Երեւանին եւ Բաքվին»։ Զախարովան նաեւ հավելել է. «Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորման օգտին։ Այդ պրոցեսը ներառում է նաեւ այնպիսի հումանիտար խնդիրների լուծում, ինչպիսիք են բոլոր պահվող անձանց ազատ արձակում, մշակութային կոթողների պահպանում, նաեւ անհետ կորածների մասով տեղեկատվության փոխանակում»։

Այսինքն, Արցախում ռուս խաղաղապահների աչքի առաջ մարդկանց ձերբակալել ու տարել են Բաքվի բանտեր, ու ռուսական կողմը այստեղ որեւէ արտառոց բան չի նկատե՞լ: Հիմա ի՞նչ խղճով է պաշտոնական Մոսկվան պարբերաբար հիշեցնում` «ռուս խաղաղապահները մնացին այնտեղ մինչեւ վերջ…», «մինչդեռ մարդիկ չմնացին այնտեղ…»: Արցախահայերը շարունակեին սովի մատնված, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելով մնա՞լ այնտեղ, միայն նրա համար, որպեսզի ՌԴ-ի խաղաղապահ առաքելությունն իր ներկայության համար արդարացում ունենա՞ր Արցախում, բայց միեւնույն ժամանակ քաղաքացիական անձինք շարունակեին սպանվել ադրբեջանական կողմի սադրանքների հետեւանքով` ռուս խաղաղապահների ներկայության պայմաններո՞ւմ:

Այս հարցադրումները փակված են Մոսկվայի համար, այն աստիճան, որ հիմա, փաստորեն, «Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցը հայ-ադրբեջանական շփումների» թեմա է դարձել, բայց ոչ երբեք ռուսական պատասխանատվության «գոտուն» վերաբերվող հարց: Օրինակ, ԱՄՆ պետքարտուղարը կարող է Ալիեւի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի թեման շոշափել, Բաքվի բանտերում պահվող անձանց անհապաղ ազատ արձակման պահանջ ներկայացնել նրան, իսկ Ռուսաստանի իշխանություններն այդ անձանց ռուս խաղաղապահների աչքի առաջ «սահուն» կերպով Բաքվի բանտեր ուղարկելու հարցում, փաստորեն, որեւէ պատասխանատվություն չունե՞ն, հիմա էլ արդեն մեծահոգաբար «հուշում» են, որ դա ավելի նպատակահարմար է քննարկել Երեւան-Բաքու բանակցությունների օրակարգում:

Հետաքրքիր է, եթե Ռուսաստանում պարտավորություն չեն զգում ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման համար, ՀՀ անվտանգության պաշտպանության հարցում, եթե ռուս խաղաղապահները պարտավորություն չունեին կանխելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը, ինչո՞ւ է ռուսական կողմը ողջ ուժով պայքարում Հայաստանում «մնալու» համար:

Եվ վերջապես, այդ ի՞նչ «խորաթափանցությամբ» է Մոսկվան «կանխատեսում», թե` «Փարիզը զինված առճակատման հերթական փուլ է հրահրում Հարավային Կովկասում…»:

Հայաստա՞նն է նոր պատերազմ հրահրելու… Ո՛չ, բնականաբար: Աշխարհում որեւէ պետություն չկա, որը կհամարի, որ Հայաստանը պատերազմ նախաձեռնող ու սանձազերծող պետություն է: Լեռնային Ղարաբաղում բոլոր պատերազմների նախաձեռնողն ու սկսողը եղել է Ադրբեջանը, ավելին, Ալիեւը խոստովանում է դա ու արդարացնում է ագրեսիան, իսկ նրա հետ միասին այդ երկրին աջակցողներն սկսել են «ինքնախոստովանական ցուցմունքներ» տալ:

Հետեւաբար, պարզ է, որ Ադրբեջանն է հերթական «առճակատման փուլը» պոտենցիալ «հրահրողը»: Ու դարձյալ ո՞ւմ «դաբրոյով»… Հայաստանի դաշնակիցների՞, որոնք հետո մի օր կխոստովանեն, որ Ալիեւին այդ հարցում էլ են «թեւ ու թիկունք» եղել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930