Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան էլ իրատեսական չեմ համարում, որ մոտակա տասնամյակում ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամ»

Հունիս 28,2024 14:00

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ այս հարցով գնդակը Բրյուսելի դաշտում է։

– Ինչպե՞ս կգնահատեք Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի առաջարկը եւ ընդհանրապես ՀՀ-ի՝ առաջիկա տարիներին ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու, այնուհետեւ ԵՄ անդամ դառնալու շանսերը։

– Այնքան էլ իրատեսական չեմ համարում, որ մոտակա տասնամյակում ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամ։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է ինքն էլ քայլեր անի դեպի Եվրամիություն, որպեսզի ԵՄ-ի կողմից էլ ավելի հաստատակամություն լինի ավելի խորացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները։ Անցյալ տարի Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետն ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքանով, որքանով վերջինս կցանկանա։ Այսինքն՝ գնդակը ԵՄ-ի՝ Բրյուսելի դաշտում է։ Մենք էլ մեր ուղերձները պետք է հղենք Բրյուսելին, որ պատրաստ ենք ավելի խորացնել այդ հարաբերությունները։  Իհարկե, մինչեւ անդամակցության առումով դեռ շատ մեծ ճանապարհ կա անցնելու, նույնիսկ ԵՄ անդամակցության թեկնածու լինելը դեռեւս շատ մեծ ճանապարհ է պահանջում, բայց մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով։

– ՀՀ-ի կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը շատերը կապեցին Թուրքիայից եկող ճնշման հետ, մյուսները դա բնորոշեցին չհաշվարկված քայլ, այնուամենայնիվ, այս պահին ճի՞շտ էր այդ քայլին գնալը, մանավանդ՝ Իսրայելից էլ հայտարարությունները չուշացան։

– Անկեղծ ասած՝ այս հարցին ես միանշանակ կարծիք չունեմ, որովհետեւ որոշ չափով նաեւ  ինֆորմացիայի պակաս ունեմ, թե ինչ հաշվարկների հիման վրա է կառավարությունը գնացել այս քայլին։ Սա մի կողմից պահանջված քայլ էր ՀՀ-ի կողմից, բայց նաեւ կարող է պարունակել ռիսկեր ու վտանգներ։ Իհարկե, Իսրայելի կողմից ՀՀ-ի նկատմամբ ճնշման լծակները մեծ չեն, բայց Իսրայելի թիվ մեկ դաշնակից ԱՄՆ-ն կարող է որոշակի քայլեր ձեռնարկել ՀՀ-ի դեմ։ Իսկ հայ-ամերիկյան  հարաբերությունները վերջին երկու-երեք տարիներին բավականին դինամիկա ունեն, եւ տեսնում ենք, որ նույնիսկ հարաբերությունների  զարգացման մակարդակը կողմերը փորձում են հասցնել  ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի։ Ամեն դեպքում հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները խորհրդակցել են ԱՄՆ իշխանությունների հետ եւ միայն դրանից հետո են գնացել այդ քայլին։ Ու հնարավոր է, որ այդ տարբերակը լինի, քանի որ կան տեսակետներ, որ ԱՄՆ-ն ինքն է խրախուսում՝ Իսրայելի վրա  ճնշումներ գործադրելու համար, որպեսզի վերջինս պատերազմը կանգնեցնի Գազայում, որ որոշ երկրներ ճանաչեն Պաղեստինի անկախությունը եւ այդպիսով կանգնեցնեն Իսրայելին Գազայի՝ ամենօրյա ռմբակոծություններից։ Արդեն տեսնում ենք, որ ԵՄ տարածքում չորս երկիր՝ Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Սլովենիան, վերջերս ճանաչել են Պաղեստինի անկախությունը, եւ կարծում եմ, որ այս գործընթացը շարունակական է լինելու։

– Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ներդնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Բաքվից դեռ արձագանք չկա, բայց հայկական փորձագիտական շրջանակում որոշ մտահոգություններ կան, որ սա կարող է լուրջ վտանգ պարունակել, ի՞նչ կարծիք ունեք այս մեխանիզմի ներդրման հարցով։

– Դա որեւէ վտանգ չի կարող պարունակել, ուղղակի ամբողջ հարցն այն է, որ կարծում եմ՝ Ադրբեջանը չի համաձայնի դրան գնալ։ Ադրբեջանին պետք են լծակներ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա կիրառելու, ՀՀ-ն մշտապես այսպես անհանգստության ռեժիմում պահելու համար եւ դրա համար ժամանակ առ  ժամանակ իրենց պետք է սահմանին բախումներ հրահրել, կրակել սահմանին եւ այլն։ Չեմ կարծում՝ Ադրբեջանը կհամաձայնի այդ առաջարկին։ Իսկ առաջարկը միանշանակ բխում է մեր շահերից։

– Այդ դեպքում, արդյոք, սա ցուցիչ չէ՞ այն առումով, որ ԵՄ դիտորդական առաքելությունն առանձնապես արդյունավետ չի աշխատում, եւ դրա համար այս լրացուցիչ մեխանիզմի կարիքը կա։

– ԵՄ դիտորդական առաքելությունը շատ արդյունավետ է աշխատում։ Այն պահից սկսած, ինչ իրենք տեղակայվել են ՀՀ-Ադրբեջան սահմանին, զգալիորեն փոքրացել է սահմանային բախումների, Ադրբեջանի կողից կրակոցների թիվը։ Նույնիսկ քանակական ցուցանիշով կարող ենք չափել՝ ե՛ւ կրակոցներն են պակասել, ե՛ւ զոհերն են պակասել սահմանին։ Եվ նույնիսկ մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն, երբ հերթական հայտարարությամբ հանդես եկավ, իբր հայկական կողմը կրակել է հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջեւան-Երասխ հատվածի ուղղությամբ, եվրոպական կողմը հանդես եկավ այն հերքող հայտարարությամբ եւ փաստացի ասաց, որ հայկական կողմից որեւէ կրակոց չի եղել, ինչը մեր օգտին է։ Եվրամիության դիտորդների դերը շատ կարեւոր է, եւ մենք չպետք է թերագնահատենք։

– Այն, ինչ կատարվում է Վրաստանում, դա ի՞նչ արտահայտություն կունենա ՀՀ-ում զարգացումների վրա, ԵՄ-ի համար ՀՀ-ն որպես հարթակ օգտագործելու առումով, որովհետեւ կան կարծիքներ՝ քանի որ խնդրահարույց օտարերկրյա  գործակալների մասին օրենքն ընդունվել է Վրաստանում, չի բացառվում, որ ՀՀ-ն դառնա ԵՄ-ի համար պլացդարմ։

– ՀՀ իշխանությունների կողմից այդպիսի նույնիսկ ակնարկ երբեւէ չի հնչել՝ թե՛ վրացական, թե՛ ռուսական օրենքի անալոգն ընդունվի ՀՀ-ում. խոսքը օտարերկրյա  գործակալների մասին օրենքի մասին է, եւ ես վստահ եմ, որ այս իշխանության օրոք այդպիսի բան տեղի չի ունենա։ Դա ակնհայտ ռուսական օրենքի անալոգն է, իսկ ՀՀ-ի այս իշխանությունը պատրաստ չէ գնալ այդ ճանապարհով։ Վտանգը մեզ համար այն է, որ Վրաստանը կարող է այսպես դուրս գալ, հետքայլ անել արեւմտյան, եվրոպական ուղուց, վերադառնալ ռուսական ուղեծիր, եւ այդ դեպքում մենք կունենանք ավելի անկանխատեսելի Վրաստան, քան հիմա։ Ուղղակիորեն չի լինի, բայց շատ հնարավոր է, որ Վրաստանի կողմից արեւմտյան, եվրոատլանտյան ինտեգրման ուղուց շեղվելը կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ ՀՀ-ի համար  այն առումով, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն տարածաշրջանում միակ պլացդարմ կարող են դիտարկել արդեն ՀՀ-ն. Ադրբեջանն արդեն վաղուց Արեւմուտքի հետ հարաբերությունները սառն է պահում. ավելի շատ հակված է Ռուսաստանին, Հայաստանը, ընդհակառակը, հայտարարում է, որ պատրաստ է ավելի շատ հարաբերությունները զարգացնել Արեւմուտքի հետ, եւ նաեւ դրա գործնական արտահայտությունն ենք տեսնում։ Այս դեպքում արդեն հնարավոր է, որ Արեւմուտքը մեզ ավելի շատ աջակցի։ Ամեն դեպքում ես այնքան էլ չեմ ուրախանում Վրաստանի՝ արեւմտյան ուղուց շեղվելու փաստով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930