Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. «Պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանի կառավարությունը հանձնել է դե յուրե ՀՀ-ին պատկանող տարածքները». «Հրապարակ»

Հունիս 28,2024 10:29

«Նախորդած գործընթացը կարելի է բնորոշել միայն որպես հակասահմանադրական եւ հակահայկական: Այն հաջողություն է միայն Ադրբեջանի համար, որը, ինչպես Ալիեւն է ասում, առանց կրակոցի ստացել է իր հողերը։ Պարզ ասած, պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանի կառավարությունը հանձնել է դե յուրե ՀՀ-ին պատկանող տարածքները»,- ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը եւ մանրամասն բացատրում, թե ինչու։ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ մենք վերարտադրում ենք ԽՍՀՄ սահմանները` նոր սահմաններ չենք գծում։ Այնինչ, նախ պետք է սահմանազատումն իրականացվեր քարտեզի վրա, որոշվեին Ադրբեջանի հետ սահմանները, որից հետո միայն սահմանազատմանը պետք է հաջորդեր սահմանագծումը։

Սահմանազատումը պետք է իրականացվեր հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի համար, այլ ոչ թե միայն մի առանձին հատվածի։ Մինչդեռ 2 երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հետո մայիսի 15-ին տարածված մամլո հաղորդագրությունից մենք տեղեկացանք, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են, եւ որ երկու կողմերի սահմանապահները շուտով կանգնելու են համաձայնեցված սահմանի վրա: Այս ամբողջ գործընթացը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ մի շարք օրենքներին: Սահմանադրությանը հակասում է, որովհետեւ հանձնվող տարածքները դե յուրե ՀՀ տարածքներ են եւ ամրագրված են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում։ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կատարելու ժամանակ պետք է ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի համաձայն՝ հանրաքվե անցկացվի, իսկ մինչ այդ բազմաթիվ քայլեր կան, որոնք սահմանված են «Պետական սահմանի մասին» եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքներով: «

Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, չեղյալ հայտարարման, փոփոխման եւ գործողության կասեցման ընթացակարգերը։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագրերով իրավասու մարմինը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է: Այդ օրենքի 2-րդից մինչեւ 5-րդ մասերով սահմանված ընթացակարգերի իրականացումից հետո էր միայն հնարավոր Ադրբեջանի հետ կնքել սահմանազատման վերաբերյալ պայմանագիր։ Պայմանագրի կնքումից հետո կառավարությունը պետք է դիմեր Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, եւ դրական որոշման պարագայում դիմեր Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու համար։

Մասնագետի խոսքով, սահմանազատման հանձնաժողովն առհասարակ որեւէ իրավասություն չուներ ստորագրելու մայիսի 15-ի արձանագրությունը։ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ընդամենը խորհրդակցական մարմին է, որը ձեւավորվել է վարչապետի որոշմամբ, բայց նա Ադրբեջանի հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որը ոչ թե նախնական բնույթ ունի, այլ՝ վերջնական․ «Դրանով ՀՀ սահմանը, պայմանականորեն ասած, Ա կետից տեղափոխվել է Բ կետ՝ ի վնաս ՀՀ-ի, այսինքն՝ առանց ներպետական ընթացակարգերը պահպանելու: Մի հանձնաժողով, որը դրա իրավասությունը չունի, կնքում է բովանդակային առումով մի պայմանագիր, որի արդյունքում փոփոխություններ են տեղի ունենում արդեն գետնի վրա՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»։

Մարիաննա Ղահրամանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930