Սովորաբար մենք երեխաներին ասում ենք՝ ճշմարտությունն ասելը ձեռնտու է, որովհետեւ, երբ ստում ես, ստիպված ես ամեն անգամ հիշել, թե ինչ ես հորինել նախորդ անգամ ու կարող ես խճճվել: Իսկ ճշմարտությունը նման խնդիրներ չի առաջացնում:
Ընդհանուր առմամբ, դա ճիշտ է, բայց քարոզչության դեպքում գործում է տրամագծորեն հակառակ սկզբունքը, որի ձեւակերպումը վերագրվում է ամերիկացի գրող-ֆանտաստ Ռոբերտ Շեքլիին. «Ամենացավալին այն է, որ տեղեկատվական պատերազմներում մշտապես պարտվում է նա, ով ասում է ճշմարտությունը՝ նա սահմանափակված է ճշմարտությամբ: Խաբեբան կարող է դուրս տալ, ինչ ուզում է»:
Այսինքն՝ ընդհանրապես ձեռնտու է ճշմարտությունն ասելը, բայց քարոզչության մեջ պետք է անել հակառակը՝ ամեն օր մի բան բստրել, որովհետեւ ոչ ոք չի ստուգում, թե ինչ ես դու դուրս տվել երեկ:
Արցախի կորստի վերաբերյալ իշխանությունը տվել է մի քանի տասնյակ բացատրություն. օրինակ, նախկինների դավաճանություն, 5-րդ շարասյուն, 11 հազար դասալիք, «սխալ» բանակցություններ, «վատ» գեներալներ, Լիսաբոնի գագաթաժողով, ընդհուպ մինչեւ պնդումը, որ ոչ մի Արցախ մեզ պետք չէր, որ 1988 թվականին այդ պայքարը պետք չէր սկսել, որովհետեւ այն ուղղված էր մեր պետականության դեմ եւ այլն: Ստախոսներն, ինչպես տեսնում եք, չեն սահմանափակվում որեւէ մեկ «վարկած» ընտրելով:
Կարդացեք նաև
Այդ արդարացումների կույտից վերջին օրերին հնչում է հիմնականում երկուսը: Արմեն Գրիգորյան. «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»: Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյան. «Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»:
Առաջին պնդման առնչությամբ մի քանի հարց է առաջանում: Եթե «մեր ձեռքից վերցրել էր» Արցախը, ուրեմն այն «մեր ձեռքում էր»: Ո՞ւմ ձեռքում՝ Հայաստանի ներկա՞ իշխանությունների, նախկի՞ն իշխանությունների, ՀՀ-ի՞, հայ ժողովրդի՞: Ե՞րբ, ո՞ր պահին է Ռուսաստանը մեզնից Արցախը վերցրել եւ ո՞ր պահին է հանձնել Ադրբեջանին («վերադարձնել» բառն ինձ համար վիրավորական է հնչում): Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը դա թույլ տվել:
Երկրորդ պնդումն արտառոց է իր ցինիզմով, լկտիությամբ եւ, կասեի, մարդատյացությամբ: Երբ ձեր ղեկավարը սկզբից ասում է «Արցախը Հայաստան է», հետո պարտվում է պատերազմում, հետո խոսում է «խաղաղ դեօկուպացիայի» մասին, հետո՝ որ Արցախն Ադրբեջան է, հետո՝ որ առաջնահերթ խնդիրը արցախցիների անվտանգությունն է ու իրավունքները, եւ ոչ մի բան դրանց համար չի անում, այսքանից հետո պահանջել, որ Արցախի պաշտպանության բանակը միայնակ կռիվ տա Ադրբեջանի բանակի դեմ եւ վտանգի տակ դնի 120 հազար մարդու կյանք… Դրան պարզապես անուն չկա: Դա մտնում է արցախցիների դեմ քստմնելի քարոզչության տրամաբանության մեջ:
…Մի խոսքով, սպասենք նոր «վարկածների»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
2019-2020 թթ լուսանկարներում՝ Արմեն Գրիգորյանն ու Արամ Խաչատրյանը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ, որն այժմ Բաքվի բանտում է:
Ապաւինում են այն ծանօթ ասացուածքին – որու հեղինակութիւնը կը վերագրուի Գեբելսին -, թէ՝
«բաւական յաճախ որ կրկնես սուտ մը, այն կը դառնայ արդէն ճշմարտութիւն»:
Իսկ Ֆրենսիս Բեկոնի խօսքերով՝ « slander boldly, something always sticks » :
Դժբախտաբար Հայաստանը յատկապէս պարարտ հող է, այս հեշտ գործընթացներին համար: