Հավալուսնները, որոնք գրանցված են Կարմիր գրքում, համարվում են վտանգված թռչնատեսակ, բնադրել են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։ Այստեղ հիմնականում հայտնվում են գանգրափետուր և վարդագույն հավալուսնները։
«Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Արփի լճում հայտնվում են ապրիլ ամսից, մնում են մինչև սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Մեզ մոտ հանդիպել են մինչև 250-300 առանձնյակներից կազմված երամներ։
Գանգրափետուր հավալուսնը գրանցված է Կարմիր գրքում՝ որպես խոցելի տեսակ։
Մի քանի տարի առաջ կարծես թե դադարել էին բնադրել, չնայած նրան, որ ազգային պարկի տարածքը համարվում էր գանգրափետուր հավալուսնների միակ բնակավայրը Հայաստանում։
Հավալուսնները հիմնականում սնվում են ձկներով, որոնց որսում են՝ գլուխը ջրի տակ մտցնելով։ Բռնելով ձկանը՝ հավալուսնը կտուցի միջոցով դատարկում է ջուրը կոկորդային պարկից (մինչև 5 լ) և կուլ տալիս որսը։ Օրական ուտում է 1 կգ և ավել ձուկ»։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հավալուսնների լուսանկարներ է հրապարակել «Արփի լիճ» ազգային պարկի տարածքից։
Ինչպես տեղեկանում ենք նախարարության հաղորդագրությունից, այս թռչնատեսակը հանդիպում է Սևանա լճի ավազանում՝ որպես չվահյուր: Ամռանը 30–50 առանձնյակների կարելի է հանդիպել Արմաշի և հարակից ձկնաբուծական լճակներում: Բնադրման շրջանում հանդիպում է նաև Արփի լճում:
Իսկ ընդհանուր առմամբ կարելի է հանդիպել Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Հրաչ Ղազարյանի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էջից