Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է իներտ վիճակից դուրս գալու»․ նախկին նախարարը Երեւանում գեղեցկության սրահ է հիմնել, որտեղ արցախցի կանայք են աշխատում. «Ա1+»

Հունիս 27,2024 23:40

44-օրյա պատերազմում ամուսնուն կորցրած Արմինե Պետրոսյանն իր մեջ ոչ միայն ապրելու ուժ էր գտել, այլև հսկայական պատասխանատվություն՝ պատերազմից հետո զբաղեցնելու Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։

Այժմ տիկին Պետրոսյանը երեխաների հետ հաստատվել է Երեւանում, գեղեցկության սրահ հիմնել, որտեղ արցախցի կանայք են աշխատում։ Ասում է՝ ժամանակն է իներտ վիճակից դուրս գալու, ինքնակազմակերպվելու։

Ա1+-ի հետ զրույցում տիկին Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է կարողացել ամուսնու զոհվելուց հետո դիմակայել ցավին, ոտքի կանգնել ու չկոտրվել․․․

Ամուսնու՝ Արցախի Հանրապետության արտգործնախարարության սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հետ ծանոթացել են «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության թիմում աշխատելու ժամանակ։ ՀԿ-ի հիմնադիրը Արմինե Պետրոսյանն էր։

«Երվանդին Արցախում բոլորը գիտեին որպես հայրենիքի հոգսերով ու խնդիրներով ապրող հայրենասեր մարդու։ Երվանդը ծնվել է Բաքվում հայտնի լրագրող Միքայել Հաջյանի ընտանիքում։ 1988-ին Ադրբեջանում հայ բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերից մի կերպ մազապուրծ՝ ընտանիքով բռնագաղթել են Երևան, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ․․․ 2019-ի հոկտեմբերի 30-ին լրացավ մեր ամուսնության 15-ամյակը։ Այդ օրն առաջին անգամ երկուսով նստել, խորհել ենք անցած 15-ամյա ճանապարհի մասին և պլանավորել ապագան»։

Մեկ տարի անց, սակայն, նախանշած պլանները կյանքի կոչելու պարտականությունը Արմինե Պետրոսյանը ստիպված եղավ ստանձնել միայնակ։

Պատերազմական գործողությունները սկսվելու օրվա առաջին կեսին Երվանդը  կապվեց իր սփյուռքահայ գործընկերների հետ, իրավիճակի մասին հայտնեց՝ որոշում կայացնելով կամավորագրվել հայրենիքի փրկությանը։

«Գնալուց առաջ եկավ տուն, մենք նույնիսկ հրաժեշտ չտվեցինք, որովհետև ասաց՝ գնում եմ գրանցվեմ, հետ գամ։ Հետո զանգեց ու ասաց, որ իրեն  անհրաժեշտ պարագաները զորամաս հասցնենք»։

Ամուսինն առաջնագծում էր, ինքը՝ թիկունքում։

«Հացի փռերից մեկում աշխատանքի անցա, աշխատուժի պակաս կար։ Նաև Երևանից հասնող օգնություններն էինք տեսակավորում։ 11 տարեկան աղջկաս՝ Լուսինեին ասում էի՝ դու մեծ ես ու պատասխանատու փոքր եղբորդ համար։ Հենց կրակոցի ձայներ լսեք, իսկույն իջեք նկուղ։ Այդպես թողնում էի նրանց ու գնում։ Ճիշտ է՝ ուշքս ու միտքս նրանց հետ էր, բայց չգնալ չէի կարող։ Օրեր անց, ընկերուհուս հորդորով երեխաներին Երևան ուղարկեցի։ Քաղաքապետարանում հերթական մարդասիրական բեռն էինք թափում ու դասավորում, որպեսզի համապատասխան աշխատողները դրանք տեղափոխեն նկուղներ՝ այնտեղ պատսպարված բնակիչներին բաժանելու համար։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո վազելով հացի փուռ էի գնում։ Հետո փուռի տիրոջից իմացա, որ մեր թխած հացը Երվանդենց մարտական դիրքերն էլ են տանում։ Ուրախացած զանգեցի ու Երվանդին հայտնեցի այդ մասին, նա էլ ուրախացավ։ Լսում էի՝ ինչպես է տղաներին հպարտությամբ ասում, որ իրենց մատակարարվող հացն իր Արմինկան է թխում (ինձ այդպես էր անվանում)»:

Ամուսինների վերջին հեռախոսազրույցը հոկտեբերի 5-ին էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930