«Ես չգիտեմ, թե ինչ լեզվով նկարագրեմ իրավիճակը, ինչի միջով անցել ենք, թե ինչ էր կատարվում Արցախում՝ սեպտեմբերի 19-ից հետո: Բայց ֆեյսբուքում մի գրառում էի արել հոկտեմբերի 2-ին իմ գալուց հետո, որ ես տեսել եմ դժոխքը, աշխարհի վերջը, եւ բոլորը մեկնաբանության բաժնում գրում էին՝ կարո՞ղ եք նկարագրել: Ես նաեւ հարցազրույցներում նշել եմ, որ չեմ կարող այդ իրավիճակը նկարագրել բառերով»,-«Ինքնապաշտպանություն Արցախում. սեպտեմբեր 2023» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո խոսնակ Հունան Թադեւոսյանը:
«Սկզբնական շրջանում հոգատարություն կար, հետաքրքրվածություն, բոլորն ուզում էին լուսաբանել, մենք էլ շահագրգռված ուզում էինք այդ ամենը քանի թարմ էր, ներկայացնեինք աշխարհին, տարբեր հարթակներին…Բայց մի քանի ամիս անց մարդիկ հարցնում էին՝ վերջը ինչի՞ դուրս եկաք: Ու հասկանում ես, որ հարցնում են՝ ոչ թե իմանալու համար, այլ հարցնում են՝ քեզ ցավ պատճառելու համար: Այս ամենը գիտակցելով՝ ասում էի՝ ես որպես երկրորդ կյանք ապրող, վերածնված մարդ՝ թույլ տվեք չպատասխանեմ, որովհետեւ միեւնույն է, չեք հասկանա… Նաեւ պետք է հիացմունքս հայտնեմ մեր այն հայրենակիցներին, որոնք սրտացավությամբ էին մոտենում եւ շարունակում են իրենց աջակցությունը՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես»,-նշեց Հունան Թադեւոսյանը:
«Ի՞նչ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Արցախում, եւ ինչ արեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը… Քանի որ 2020թ պատերազմի փորձն արդեն անցել էին, արցախցիները՝ սկսած երեխաներից մինչեւ ծեր մարդիկ, գիտեն, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում: Կարեւորը ազդարարումն էր ժամանակին: Օդային տագնապի ժամանակ բոլորը գիտեին, որ իրենց տեղը ապաստարանն է: Բայց ապաստարանում էլ անվտանգ չէր՝ հաշվի առնելով վտանգները եւ այն զենքերը, որ կիրառվում էին խաղաղ բնակչության նկատմամբ, դրա կամաց-կանաց, քանի դեռ Շուշին մեր վերահսկողության ներքո էր, կանայք եւ երեխաները տարհանվեցին դեպի մայր հայրենիք, որտեղ իրենց համար ավելի ապահով էր:
Պատերազմից հետո մեծամասնությունը նորից վերադարձավ Արցախ, հուսով, որ մեր ներկայությամբ պետք է ապրեցնենք: Փրկարար ծառայողները բացի քաղպաշտպանությունից, բացի հրետակոծությունից հետո առաջին օգնություն ցուցաբերելուց, բժիշկների հետ շատ սինխրոն են աշխատել, եւ ինչ պատմում էր պարոն Առստամյանը (Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչը-Գ.Հ.), մենք վերապրում էինք:
Կարդացեք նաև
Բոլոր դեպքերի ականատեսը եղել եմ նաեւ ես: 2020թ պատերազմից հետո մի նոր պատերազմ էր՝ բանակցել ադրբեջանցիների հետ, նայել հաղթողի աչքերին պարտվածի աչքերով եւ գնալ մեր այն տարածքներ, որոնք, ցավոք, արդեն իրենց վերահսկողության տակ էին…Դրանք Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի, Շահումյանի շրջաններն էին, որտեղ մարտերից հետո ունեինք անհետ կորածներ, մեր զինծառայողների աճյունները եւ մարմինները պետք է վերադարձնեինք… Մենք մեկ տարուց ավելի այդ աշխատանքով զբաղվեցինք, 1000-ավոր աճյուններ բերեցինք, եւ այդ մարդիկ ունեցան գերեզմաններ»,-հավելեց Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով. «2023թ սեպտեմբերին գնալով խորանում էր շրջափակումը, մարդկանց վերջին հնարավորությունները սպառվում էին, սեղմվում էր օղակը եւ հասկանում էինք, որ շուտով պատերազմ է լինելու: Մենք հոգեպես, ներքուստ պատրաստվում էինք դրան: Սեպտեմբերի 19-ի կեսօրին, երբ սկսվեց պատերազմը, մենք աշխատավայրում էինք: Երբեք չեմ մոռանա դպրոցից տուն վերադարձող երեխաների ձայները: Այդ ժամանակ Ներքին գործերի նախարարությունում էինք, եւ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում մարդիկ՝ մայրերը, երեխաները, ծերերը կանգնել ու բղավում էին: Քանի որ հոսանք չկար, այդ հատվածում նաեւ հովհարային անջատման ժամ էր, օդային տագնապի ձայն չկար, միայն կրակոցներ եւ պայթյուններ էին: Մենք հանձն առանք, որ հատկապես երեխաներին արագ տեղափոխեցինք ոստիկանության ապաստարան: Բոլոր երեխաները լաց էին լինում այդ նկուղում: Ես վերցրել եմ թուղթ եւ գրիչ, բոլորի հեռախոսների համարները գրել, որպեսզի տեղեկացնեմ, որ երեխաները հուսալի ձեռքում են: Կարճ ժամանակ անց քաղաքում սկսվեց շտապօգնության եւ փրկարար մեքենաների շարժը…Ստեփանակերտում անգամ մեկ րոպե չի դադարել կրակոցի ու պայթյունների ձայնը…Քաղաքի վրա էին կրակում եւ չէին խնայում անգամ քաղաքացիական բնակչությանը…»:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո խոսնակը հիշում է, թե ինչպես են Ստեփանակերտի հիվանդանոցում տեսել քաղաքացիական առաջին վիրավորներին, որոնց մեջ նաեւ երեխաներ կային. «Մահվան դեպք ունեցանք, սրտի կանգ էր գրանցվել տարեկան երեխայի… Հիմա 9 ամիս է անցել, ես մտածում եմ՝ ոնց չէինք գժվում»:
Հավելենք, որ Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը՝ նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակում կազմակերպում է քննարկումների շարք, որոնց նպատակն է անդրադառնալ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին, ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև, արցախցիների առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ