Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Վրաստանի իշխանությունների կողմից մի շարք խախտումներ է գրանցել երկրում ազգային փոքրամասնությունների՝ հատկապես հայերի և ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության առումով։
Խորհրդատվական կոմիտեի հրապարակած զեկույցում ամրագրված է․ «Խորհրդատվական հանձնաժողովը հորդորում է Վրաստանի իշխանություններին ապահովել արդյունավետ, նպատակաուղղված և ապացույցների վրա հիմնված միջոցներ՝ շտկելու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ մասնավորապես հայերի, ադրբեջանցիների, քիստերի և գնչուների նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքը։ Սա պետք է լինի կայուն ու շարունակական գործընթաց՝ այդ թվում՝ կանանց հետ համագործակցությամբ: Իշխանությունները պետք է վերահսկեն և գնահատեն այդ միջոցառումների արդյունքները բոլոր մակարդակներում»։
Փաստաթղթում ամրագրված է՝ ազգային փոքրամասնություններից ամենամեծ համայնքներն ունեն հայերն ու ադրբեջանցիները։ Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ զրույցներ ունեցած անձինք նշել են, որ խտրականության դեմ օրենսդրության վերաբերյալ անտեղյակությունը շարունակում է մարտահրավեր մնալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, հատկապես այն հայերի և ադրբեջանցիների համար, որոնք բավարար չափով չեն տիրապետում վրացերենին։
Կապված իրավունքի հավասար հասանելիության հետ՝ զեկույցում ամրագրված է․ «Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին և հայերին, Շրջանակային կոնվենցիայով երաշխավորված մի շարք իրավունքներին գործնականում նրանց հասանելիությունը բավարար չափով երաշխավորված չէ պետական լեզվի վատ իմացության պատճառով։ Սա խոչընդոտներ է ստեղծում, ի թիվս այլոց՝ որակյալ կրթություն ստանալու, տեղեկատվության և քաղաքական, սոցիալական-տնտեսական կյանքում արդյունավետ մասնակցության իրավունքի արդյունավետ հասանելիության համար»։
Կարդացեք նաև
Անդրադարձ կա նաև ազգային փոքրամասնությունների հոգևոր, մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությանը։
Զեկույցում մտահոգություն կա հայկական եկեղեցիների վիճակի հետ կապված․ «Չլուծված է մնում ազգային փոքրամասնությունների համար կարևոր մշակութային հուշարձանների վերականգնման հարցը, ինչի պատճառով մի շարք հայկական եկեղեցիներ գտնվում են սարսափելի վիճակում։ Վրաստանի հայկական կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին զեկուցել է նաև Էթնիկ փոքրամասնությունների խորհուրդը»։
Խորհրդատվական հանձնաժողովը նաև գրանցել է հայերի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումներ վրացական սոցիալական մեդիահարթակներում՝ հատկապես COVID-19-ի ժամանակահատվածում։
Անդրադարձ կա նաև ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրներին․ «Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախք շրջանում համապատասխանաբար ադրբեջանական և հայկական ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հետ հանդիպումների ժամանակ Խորհրդատվական կոմիտեն տեղեկացել է, որ համայնքապետարանը տեղեկատվություն չի տրամադրում նրանց համար հասկանալի լեզվով, ինչը հաճախ հանգեցնում է տարաձայնությունների և թյուրըմբռնումների բնակիչների և համայնքապետարանի աշխատակիցների միջև»։
Հանձնաժողովն իր զեկույցում նաև մտահոգություն է հայտնում, որ տեղանուններն ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով չեն․ օրինակ՝ համայնքների ցուցանակները հայերեն անվանմամբ տեղադրված չեն։
Հանձնաժողովի անդամների հետ զրույցներում հատկապես հայերն և ադրբեջանցիները մտահոգություն են հայտնել, որ դարերի ընթացքում Վրաստանում իրենց մշակույթները, ավանդույթներն ու պատմությունը պատշաճ կերպով չեն արտացոլվում համապատասխան ուսումնական նյութերում կամ դպրոցական ծրագրերում։
Խորհրդատվական կոմիտեն նշում է, որ նախադպրոցական կրթության հասանելիության հիմնական մարտահրավերներից մեկը ազգային փոքրամասնությունների բնակավայրերում նախադպրոցական կրթական հաստատությունների պակասն է:
Խնդիր է նաև հայերեն դասագրքերի հարցը, ուսումնական նյութերի հարցը ազգային փոքրամասնությունների լեզուներով շարունակում է մարտահրավեր մնալ։
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա Խորհրդատվական կոմիտեն նշում է, որ բուհերի ուսումնական ծրագրերում հայոց լեզու և գրականություն առարկաների բացակայությունը ուսանողներին թույլ չի տալիս մասնագիտանալ այս ուղղություններով․ ստիպված են ուսումը շարունակել ՀՀ-ում։
Խորհրդատվական կոմիտեն այնուհետև մատնանշում է ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց համար առողջապահական՝ ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության ապահովման կարևորությունը:
Զեկույցում նշված է․ «Աշխարհագրական խնդիրները և ենթակառուցվածքների պակասը պետք է լուծվի, որպեսզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք՝ մասնավորապես Սամցխե-Ջավախքում ունենան առողջապահական հավասար և արդյունավետ հասանելիություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ