«Կարծում եմ՝ այս փաստավավերագրությունը պետք է արձանագրվի, ականատեսների խոսքը պետք է պահպանվի, գուցե հետագայում լավ ժամանակներ կգան՝ այս ամենը խորությամբ ուսումնասիրելու եւ պատմական փաստերն արձանագրելու համար »,-«Ինքնապաշտպանություն Արցախում. սեպտեմբեր 2023» քննարկման ժամանակ ասաց Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանը՝ ներկայացնելով, թե ինչ խնդիրների է բախվել առողջապահական համակարգը թշնամու հարձակման առաջին օրերին եւ ինչպես է հաղթահարել մի շարք խոչընդոտներ:
«Առողջապահական համակարգի համար առանձնացնել 1,5 օրվա պատերազմը, ինչպես շատերդ լսել եք տարբեր ատյաններից, ճիշտ չեմ համարում: Մեր՝ առողջապահական համակարգի պատերազմը սկսվել է 2020 թվականից, ավարտվել՝ վերջին կազմի՝ Արցախից դուրս գալով, սեպտեմբերի 20-ին..Այդ մեկ ու կես օրը մի քիչ ավելի ծանր էր: Երեւի շատերդ եք լսել, հայրենակիցներ հարցնում են՝ իրո՞ք շրջափակում է եղել, իրո՞ք խանութներում բան չկար, թե ուղղակի նկարել եք….Հիմա ես ուզում եմ արձագանքել եւ ասել՝ ինչ է եղել, ինչ արդյունքներ է ունեցել այդ բլոկադան…
2020 թվականից հետո մենք հիվանդանոցում աշխատելիս տեսնում էինք ադրբեջանական դիրքերը, պետք չէ լինել ռազմական վերլուծաբան՝ հասկանալու համար, որ ամենափոքր տրամաչափի զենքը կարող էր հասնել հիվանդանոցի բակ: Միաժամանակ հասկանալի էր, որ հարձակման դեպքում պարտությունն անխուսափելի էր լինելու»,-ասաց բաժանմունքի վարիչը:
Նաեւ հավելեց. «Բայց ի զարմանս ինձ, որ ակնկալում էինք ավելի մեծ թվով զոհեր, ավելի մեծ աստիճանի ավերածություն եւ խուճապ, սակայն ես ականատես եմ եղել ամբողջ արցախյան հանրության հերոսական եւ զուսպ պահվածքին՝ թե երեխաների, թե մեծերի, թե մարտական գործողությունների մասնակիցների:
Կարդացեք նաև
2020թ-ից հետո գիտեքին, որ Արցախը Հայաստանին կապում էր ընդամենը մեկ ճանապարհ, եւ մենք շատ լավ գիտակցում էինք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի մեկ ադրբեջանական անձ կարող է փակել: Այս ամենը գիտակցելով՝ մենք անընդհատ պահեստավորում էինք տարբեր դեղամիջոցներ եւ բժշկական պարագաներ՝ ակնհայտ սպասելով, որ պատերազմն անխուսափելի է՝ հույս ունենալով ավելի շատ մարդկանց կյանքեր փրկել…»:
Հավելենք, որ Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը՝ նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակում կազմակերպում է քննարկումների շարք, որոնց նպատակն է անդրադառնալ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին, ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև, արցախցիների առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ