«2020թ պատերազմից հետո Մարտունու ուղղությամբ սահմանները լրիվ փոխվել էին, պետք էին ավելի շատ մարդիկ, որպեսզի կարողանային կազմակերպել պաշտպանություն… Ստեղծվել էր հանձնաժողով քաղաքապետի գլխավորությամբ, եւ ես՝ որպես Մարտունի քաղաքի ավագանու անդամ, ընդգրկվել էի այդ հանձնաժողովի մեջ»,-«Ինքնապաշտպանություն Արցախում. սեպտեմբեր 2023» քննարկման ժամանակ ասաց Մարտունի քաղաքի ավագանու անդամ, մարտական գործողությունների մասնակից Արտակ Մկրտչյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովում նախապատրաստական աշխատանքներ էին տարել՝ ինչպես վարվել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. «Այն մարդիկ, որոնք չեն ծառայել Պաշտպանության բանակում, չկան աշխարհազորայինների մեջ, ինչպես պետք է անեն, ինչպես պետք է կազմակերպվի պաշտպանությունը: Մենք Մարտունի քաղաքը բաժանել էինք 4 թաղամասերի, եւ պատերազմը սկսելու դեպքում ամեն թաղամասի երիտասարդները եւ այն մարդիկ, որոնք ի վիճակի են կռվել, պետք է իրենց թաղամասով մեկնեին, օրինակ՝ արեւելյան ուղղություն, արեւմտյան ուղղություն: Մի խոսքով՝ իրենք գիտեին իրենց դիրքերը… Ինչպես արդեն նշվեց, Պաշտպանության բանակը պահում էր իրարից 3-4 կմ հեռավորությամբ դիրքեր, բայց այդ դիրքերի միջեւ պետք է լինեին խմբեր, դրանք պետք է լինեին քաղաքի, համայնքի, գյուղի բնակիչները»:
Մարտունի քաղաքի ավագանու անդամի խոսքով, սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ իրենք արդեն տեղյակ էին, որ պատերազմ է սպասվում եւ «համար մեկ» էր տրվել: «Շրջափակում էր, ուտելիք չկար, բենզին չկար, մի քանի հոգիս զբաղվում էինք սննդի ապահովման հարցերով՝ քաղաքապետի գլխավորությամբ …Իմ ավտոմեքենան եւս ծառայում էր որպես շտապօգնության մեքենա՝ հղի կանանց, հիվանդներին Մարտունուց Ստեփանակերտ տեղափոխելու համար… Սեպտեմբերի 19-ն էր…Մայրս ուսուցչուհի է, գտնվում էր դպրոցում էր, ես իջել էի տուն, որ հաց ուտեմ ու գնամ դպրոցից վերցնեմ մորս…Հանկարծ 1:10 սկսվեց ռմբակոծությունը, սկսվեց խուճապը, մարդիկ սկսեցին ինքնուրույն ինքնապաշտպանվել…Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ծնողները գտնվում են այլ ապաստարանում, երեխաները՝ այլ նկուղում, լույս չկար, հեռախոսակապ չկար, մարդիկ չգիտեին՝ իրենց երեխաները ո՞ղջ են, դուրս են եկել դպրոցից, թե ոչ…»:
Արտակ Մկրտչյանը նաեւ նշեց, որ ոմանք էլ վերցրել էին իրենց զենքերը ու գնացել մարտական դիրքեր՝ պաշտպանություն իրականացնելու: Իսկ իրենք ոտքով նկուղից նկուղ են գնացել, ցուցակները փոխանցել, թե ով որ նկուղում է, որ մարդիկ իմանան հարազատների մասին:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը՝ նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակում կազմակերպում է քննարկումների շարք, որոնց նպատակն է անդրադառնալ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին, ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև, արցախցիների առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ