Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքաղաքական, մարդու իրավունքների մասով զեկույցը խայտառակ է, չի արտացոլում ՀՀ-ում տիրող իրավիճակը․ առաջարկել էինք հետաձգել քննարկումը»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 27,2024 21:12

«Ներքաղաքական, ժողովրդավարական և  մարդու իրավունքների մասով զեկույցը պարզապես խայտառակ է, որևէ կերպ չի արտացոլում ՀՀ-ում տիրող իրավիճակը՝ ոչ վերջին զարգացումները՝ ոչ հունիսի 12-ի,  ոչ էլ դրան նախորդող քաղբանտարկյալների քաղաքական ճնշումների և այլնի հետ կապված»,-Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ի ընդունած «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին»  բանաձևի մասին այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը» թեմայով քննարկում, որին հաջորդեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին»  բանաձևի ընդունումը՝ միաձայն՝ ձայների 39 կողմ հարաբերակցությամբ։

Գնահատելով զեկույցը աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ համատեքստում՝ այսինքն՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի ագրեսիայի, Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների և այլ ասպեկտներով, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Համազեկուցողները ոչ միայն զեկույցում են նշել մի շարք կարևոր կետեր, այլև ընթացքում հայտարարություններով հանդես գալով՝ դրսևորել են իրենց ուշադրությունը ՀՀ-ի և Արցախի նկատմամբ։ Բայց ցավոք, դրանով գովեստն ավարտվում է»։

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։

Aravot.am-ի հարցին՝ ընդդիմադիր պատգամավորներն ինչո՞ւ չեն կարողացել եվրոպացի զեկուցողներին ներկայացնել հայաստանյան իրավիճակը, որ հանրահավաքները բռնի բնույթ չեն ունեցել ու ներխուժման փորձ չի եղել, որպեսզի այսպիսի ամրագրում չլիներ զեկույցում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր անգամ, երբ համազեկուցողներն այցելել են ՀՀ, մենք իրար հետ հանդիպել ենք և այդ հանդիպումների ընթացքում հանգամանալից, փաստերով ներկայացրել ենք իրողությունը։ Չբավարարվելով դրանով, երբ մենք ստացանք զեկույցի նախնական տարբերակը՝ մարտ, ապրիլ ամիսներին և′ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իմ անունից, և′ «Հայաստան» խմբակցությունը գիտեմ, որ ուղարկել է մանրամասն, գրավոր կետ առ կետ հղումներով առաջարկների փաթեթ, որը ներառում էր բոլոր կետերից՝ սկսած ոստիկանական ճնշումներից, վերջացրած իրավապահ համակարգի՝ առհասարակ դատարանների և այլնի ապօրինությունների, հակաժողովրդավարական գործընթացների, մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ կետ առ կետ հղումներով փաստարկված նկարագրություն։

Իմ ներկայացրած զեկույցում վերջին կետը Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման կետն էր, որը տեղի էր ունեցել  բառացիորեն զեկույցն ուղարկելուց մի քանի օր առաջ։ Բացի դրանից, երբ հունիսի 12-ը տեղի ունեցավ, երկու խմբակցությունների ղեկավարները համատեղ նամակ են գրել բոլոր միջազգային կառույցներին՝ մասնավորապես ԵԽԽՎ-ին, և առաջարկվում էր հետաձգել ՀՀ-ի մասին մոնիտորինգային զեկույցի քննարկումը այս լիագումար նիստի օրակարգից, որ համազեկուցողները ժամանակ ունենան անդրադարձ կատարել տեղի ունեցող իրադարձություններին։ Ինչպես տեսնում եք, դա անպատասխան է մնացել, իսկ ավելի կոնկրետ լինելու համար համազեկուցողն իր ելույթում նշեց Բագրատ սրբազանի շարժման մասին ընդամենը բանավոր, ընդամենը որպես փաստ արձանագրեց, որ նման գործընթաց է տեղի ունեցել՝ բացարձակ որակումներ չտալով ոստիկանական գործողություններին։

Իսկ եթե նկատեք՝ զեկույցի  առաջին հատվածում կա, իմ խորին համոզմամբ, շատ ցինիկ մի ձևակերպում ՝ համեմատական վերջին տեղի ունեցող իրադարձությունների ոստիկանության կողմից բռնությունների և մարտի 1-ի միջև, որ այս անգամ մարդ չի մահացել։ Ես նույնիսկ երևի զերծ մնամ մեկնաբանելուց այդ ձևակերպումը, քանի որ չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել։ Պատվիրակության ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը  ելույթ է ունեցել՝ ներկայացնելով խնդիրները, հարցի քննարկման ժամանակի ավարտի կապակցությամբ ելույթս ներառվել է սղագրության մեջ»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր դիտարկումները չեն արձանագրվել զեկույցում, միտո՞ւմ եք տեսնում, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց․ «Ձեր հարցի հասցեատերը համազեկուցողներն են, այլ ոչ թե ես, թե ինչու չի ներառվել։ Համենայն դեպս, իմ իմացած մաքուր քաղաքական գործընթացների պարագայում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքներն ավելի կարևոր են, քան աշխարհաքաղական շահերի սպասարկումը։ Գուցե ես սխալվում եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. ԵԽԽՎ-ն հայտնվել է Հայաստանի կառավարության և ադրբեջանական լոբբիստական շրջանակների ազդեցության տակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով Հայաստանին վերաբերող երեկվա բանաձևը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ԵԽԽՎ-ի քննադատությամբ է զբաղվել դեռ այն տարիներին, երբ գլխավորում էր այդ կառույցում Ազգային ժողովի պատվիրակությունը: Նա դեռ այն ժամանակ ասում էր, որ ԵԽԽՎ-ն չի կատարում իր առաքելությունը, այլ սպասարկում է տարբեր խաղացողների և երկրների շահերը։

«Եթե նախկինում շատ ակնհայտ էր ադրբեջանական լոբբիի ազդեցությունը նման զեկույցների պատրաստման ժամանակ, ապա այժմ նույնքան ակնհայտ է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ նույն ադրբեջանական լոբբիի ազդեցությունը»,–նշեց նա:

Նրա բնութագրմամբ՝ ԵԽԽՎ զեկույցը երեսպաշտության գլուխգործոցն, որովհետև այն, ինչ նկարագրվում է այստեղ, ընդհանուր լղոզված բառեր են։

Հարությունյանը Հայաստանի իշխանությունների գործողություններին ԵԽԽՎ–ի զգալի չափով լոյալ գնահատականները որակել է «կոռուպցիոն տարր» և երեսպաշտության գլուխգործոց։

«Ես բավական երկար մտածում էի, թե ինչպես կարող են զեկուցողները, որոնք լավ պետք է իմանան այն երկիրը, որի մասին գրում են, գրեն այնպիսի անհեթեթություն, որ խորհրդարանում այսուհետ պետք է պաշտոնների նշանակումը անցկացվի 2/3–րդով։ Պարզ է, որ 2/3–րդն ունի գործող իշխանությունը, իսկ իրենք նկարագրում են դա որպես քաղաքական ուժերի համագործակցություն»,-հավելեց Հարությունյանը։

Նա նաև որոշակի հեգնանքով ենթադրեց, որ փաստաթուղթը գրվել է արհեստական բանականության միջոցով. ԱԲ–ին հանձնարարվել է երկրի մասին զեկույց կազմել, առանձնապես չքննադատել իշխանությանը կամ ընդհանրապես չքննադատել։

Քաղաքական գործիչն ինքն էլ նման փորձ է կատարել` դիմելով արհեստական բանականության «օգնությանը», արդյունքում ստացել է գրեթե նույն կողմնակալ տեքստը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական լոբբիի ազդեցությանը, ապա Հարությունյանն ուշադրություն հրավիրեց նաև այն բանի վրա, թե ինչ ձևով է բանաձևում ներկայացվում Բաքվի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։ Այնտեղ չկա ոչ «ագրեսիա» բառը, ոչ էլ «էթնիկ զտում» բառակապակցությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական բանակը «հանգիստ» մտել է Լեռնային Ղարաբաղի տարածք։ Նրա խոսքով ՝ պարզ է, որ այդ տեքստի մշակման ժամանակ, առնվազն Ղարաբաղին վերաբերող հատվածում, դեր է խաղացել ադրբեջանական լոբբին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930