« Նրանք, ովքեր 2023թ.-ից հետո բռնի տեղահանվել են Արցախից, շատ բաներից տեղյակ են, ամեն ինչ իրենց մաշկի վրա են զգացել, կարիք կա շատ բաներ պատմել մեր հայաստանյան հայրենակիցներին»,-«Ինքնապաշտպանություն Արցախում. սեպտեմբեր 2023» քննարկման ժամանակ ասաց քննարկման մոդերատոր, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ դահլիճում ներկա անձանց մեծամասնությունն արցախցիներ են:
«Կուզենայի, որ գոնե հետագա քննարկումներին ապահովել մասնակցայնություն հայաստանյան հայրենակիցների կողմից, ինչը միանշանակ շատ լավ հնարավորություն կլինի բոլորի համար առաջին ձեռքից իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար…Սկզբում որոշակի մտավախություններ կային, որ միգուցե ճիշտ չէ այս թեմային անդրադառնալ, բայց ես եկել եմ այն համոզման, որ բացի կոնկրետ կենտրոններից ուղղորդված քարոզչությունից՝ կա նաեւ հստակ տեղեկատվության պակաս, եւ մարդիկ կարիք ունեն տեղեկատվություն ստանալու: Թերեւս այսօրվա քննարկումը հնարավորություն կստեղծի մեր մեջ կուտակված շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասաց Գեղամ Ստեփանյանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ, ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ռազմական բաղադրիչի վերաբերյալ:
«Որպեսզի անդրադառնամ 2023թ սեպտեմբերի գործողություններին, պետք է քննարկումները սկսենք 2020թ.-ից հետո ստեղծված իրավիճակից մինչեւ 2023թ սեպտեմբերը, որովհետեւ շատ կարեւոր է նշել, թե այդ շրջանում ինչ իրավիճակում ենք եղել, եւ ինչպես ստացվեց, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը եւ ինչ պայմաններում դիմավորեցինք այն: 2020թ պատերազմից հետո Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը չէր կարող իր վրա ամբողջովին վերցնել Արցախի Հանրապետության անվտանգային համակարգի պաշտպանությունը եւ անվտանգությունը, որովհետեւ շատ բաղադրիչներ կային, որոնք համալիր խախտվել էին… 2020թ.-ից հետո փոխվել էր սահմանների երկարությունը»,-նշեց Գրիգորի Սահակյանը:
Կարդացեք նաև
Գնդապետի խոսքով, եթե նախկինում սահմանները ավելի քան 300 էին, ապա 2020թ.-ից հետո ունեցել են 1,5-2 անգամ ավելի մեծ ձգվածություն. «Բացի ձգվածությունը, այլեւս չկային ինժեներական կառույցները, պաշտպանված էին միայն Հաթերքի ուղղությունում որոշ դիրքեր: Մինչեւ 2023թ սեպտեմբեր դիրքերի կահավորման հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունեցել, ինժեներական աշխատանքների կատարմանը խոչընդոտում էին Ադրբեջանի զինված ուժերը, ռուս խաղաղապահ ուժերի համապատասխան պատասխանատուների միջոցով արգելքներ էին ստեղծվում, սպառնալիքներ էին հնչում, որ կկրակեն կամ կրակում էին ու այլ միջոցներ էին ձեռնարկում: Մենք փորձում էինք հաղթահարել այդ խնդիրը՝ տարբեր հնարքների դիմելով: Ասում էինք, որ ոչ թե ինժեներական կառույցներ ենք փորում, այլ ինքնապաշտպանական աշխատանք ենք իրականացնում:
Եթե նախկինում ԱՀ պաշտպանության բանակի կազմում 20-22 հազար մարդ կար, վերջին ժամանակահատվածում՝ 8-9 հազար: Փորձեք համեմատել այն ուժերը եւ միջոցները, որոնք ընդգրկված էին մինչեւ 2020թ սահմանի պաշտպանությանը, եւ 2023 թ. սեպտեմբերի 19-ին: Դա շատ կարեւոր վիճակագրություն եւ չափանիշ է, որ ազդեցություն է ունեցել;
Այն դիրքերում, որտեղ մենք էինք կանգնած, նախկինում ունեցել ենք 1-ին, 2-րդ էշելոններ, դիրքի հեռավորությունը մեկ այլ դիրքից եղել է 150-200մ, ջոկը ջոկից հեռավորության վրա պաշտպանությունը կատարվում էր դիտարկման համակարգով, բայց այս դեպքում՝ սեպտեմբերի 19-ին դիրքը դիրքից 3-5 կմ հեռավորության վրա է եղել: Թեեւ ունեցել ենք դիտարկման համակարգ, որ մեզ հնարավորություն է տվել դիտարկել հակառակորդի շարժումները, համապատասխան տեղեկություններ ունենալ, բայց սահմանափակ ֆիզիկական ազդեցություն ենք ունեցել հակառակորդի զորքերի վրա:
2020-ից հետո, 2022թ-ին մարտ-օգոստոս ամիսներին, երբ հակառակորդը Փառուխում օպերացիա իրականացրեց, գրավեց Փառուխի Ասկերանի շրջանի դիրքերը, օգոստոս ամսին էլ Սարիբաբի դիրքերը, զբաղեցրեց արեւմտյան հատվածի բոլոր բարձունքները: Դրանք նշան էին, որ հակառակորդն այլեւս կանգ չի առնելու եւ բարելավելով իր դիրքերը՝ ի վերջո գնալու է ռազմական գործողությունների: Բայց, կողմից ռազմական պատասխանատուներս որոշ հույս ունեինք, որ մինչեւ 2025թ երեւի խաղաղապահ զորքերը չեն թույլատրի լուրջ հակամարտություն, լուրջ գործողություններ, որը կբերի էթնիկ զտման »:
Գրիգորի Սահակյանի ձեւակերպմամբ, Փառուխի եւ այլ կարեւոր դիրքերի գրավումից հետո սկսել են իրենք կասկածել, թե ռուս խաղաղապահները լիակատար կկատարեն իրենց ստանձնած առաքելությունը եւ կանխատեսել են գալիք ողբերգությունը:
«Մենք ունեցել ենք համապատասխան զենք-զինամթերք, անձնակազմ, բայց ինչպես նշեցի, սահմանները փոխվել էին…2020թ պատերազմից հետո հայտնվել էինք հակառակորդի օղակի մեջ, ինչը դժվարացնում էր մեր ռազմական գործողությունների իրականացումը, խուսանավումները: Սեպտեմբերի 15–ին մեր հրամանատարները զրկված են եղել նման գործողություններ իրականացնելուց, եւ ով՝ որ դիրքում եղել է, ստիպված է եղել այդ դիրքում էլ մարտնչել…»:
Հավելենք, որ «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» քննարկման նպատակն է` անդրադառնալ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին, ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև, արցախցիների առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին։
Ըստ միջոցառման կազմակերպիչների, միջոցառումը միտված է նաև հայ հասարակության ներսում արցախցիների դեմ շրջանառվող ու տարածվող կեղծ նարատիվներին իրականությունը հակադրելու և դրանով իսկ պայքարելու` ատելության խոսքի դեմ։ Քննարկումը նպատակ չի հետապնդում ռազմական խորը վերլուծություններ ներկայացնելու 2023 թ. սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, այլ նպատակ ունի արցախյան տարբեր ոլորտների ներկայացուցիչների վկայությունների հիմքով ներկայացնելու 2023 թվականի սեպտեմբերյան իրողությունները եւ հակազդելու տարածվող ապատեղեկատվությանն ու ձևավորված կեղծ նարատիվներին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ