Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնչին աշխատավարձ ու բարձրացման ոչ մի հույս․ ինչպե՞ս են գոյատևում Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներից շատերը

Հունիս 27,2024 20:15

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների, այդ թվում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի աշխատավարձը, որը բավական ցածր է, գնաճի պայմաններում նույնիսկ «յոլա չտանող», հնարավոր է և չբարձրանա։

Ինչպես միշտ, երեկ ևս Գյումրու ավագանու նիստի ժամանակ օրակարգի հարցերի զգալի մասը վերաբերում էր այս կամ այն կառույցին՝ ՀՀ գրողների միության Շիրակի մասնաճյուղին, ՀՀ Նկարիչների միությանը կամ սոցիալապես անապահով մարդկանց դրամական օգնություն տրամադրելուն։

Նվիրատվությունների ֆոնին ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հարցրեց, թե կա՞ տարբերակ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու։

«Պարոն Սամսոնյան, մոտ երկու ամիս առաջ մենք քննարկեցինք համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը։ Այն ժամանակ պայմանավորվեցինք, որ նախնական բարձրացում անելու ենք, երկու ամիս հետո քննարկվելու է հարցը։

Մենք հնարավորություն ունե՞նք գոնե սեպտեմբերին անդրադառնալ այս հարցին, աշխատավարձի բարձրացում իրականացնենք»,-հարցրեց ավագանու անդամը։

Հարցին պատասխանեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

«Այս եռամսյակն էլ անցնի, մենք մեր տնտեսումներն ամփոփենք, իմանանք՝մենք կարո՞ղ ենք աշխատավարձի բարձրացում անել, թե՞ չէ, որովհետև կախված է աշխատավարձի ֆոնդից։ Տարատեսակ պահանջներ ու հայտեր են ներկայացվում, այդ իսկ պատճառով երրորդ եռամսյակն էլ ավատելուց հետո, երբ հաշվարկ արեցինք և զգացինք, որ կարող ենք աշխատավարձի բարձրացում անել 5 կամ 10 տոկոսով, պարտադիր կանենք։

Պարոն Սամսոնյանն ավելի շահագրգռված է, աշխատողների ցանկությունը մեծ, բայց հնարավորությունն էլ պետք է մեծ լինի։ Մինչև 9 ամսվա հաշվարկ չանենք, սեպտեմբերից չենք կարող աշխատավարձ բարձրացնել», -ասաց Լենա Ջիլավյանը։

Գյումրու քաղաքապետն էլ հավելեց, որ 100 տոկոսով կիսամյակային խրախուսում են տվել բոլոր աշխատակիցներին, և եթե դա վերածեն տոկոսային բարձրացման, կստացվի, որ արդեն բարձրացել է։

«Եթե մեր միջոցները տնտեսվեն, այդ մասով գումար ունենանք, կուզենք, որ աշխատավարձը բարձրացվի, որ մարդկանց մոտ աշխատելու մոտիվացիան ավելի լավ ստացվի»,-ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ վարձատրության նոր չափ էր սահմանվել․ Գյումրու քաղաքապետի աշխատավարձը 340 հազար դրամից (ներառյալ բոլոր տեսակի հարկերը՝ քաղաքապետը ստանում էր 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ), դարձել էր 431 հազար դրամ։

15 տոկոսով ավելացել էր նաև աշխատակիցների աշխատավարձը, որը, ըստ օրենքի, կախված է քաղաքապետի աշխատավարձի չափից։ Ասենք, բարձրացման արդյունքում գլխավոր մասնագետը 147 հազար դրամ այսպես ասած կեղտոտ աշխատավարձ է ստանում, որից փոխանցում են եկամտահարկը, կենսաթոշակային ֆոնդի համար գանձվող գումարն ու այսպես ասած զինվորի հարկը։

Դեռ այն ժամանակ ավագանու անդամներն առաջարկում էին գոնե 30 տոկոսով բարձրացնել, քանի որ նրանց ստացածը բավարար չէ հագուկապի, ամենօրյա տրանսպորտի ու ընդմիջմանը սնվելու համար։ Իսկ նման աշխատավարձը շահագրգիռ չէ, որ լավ մասնագետները ձգտեն աշխատելու քաղաքապետարանում կամ եղած մասնագետներն էլ իրենց վրա աշխատեն ու լավ արդյունքի հասնեն։

«Գյումրեցի աշխատողն ինչո՞ւ պիտի Արթիկի, Ախուրյանի աշխատակցից էդքան ցածր ստանա», – հարցրել էր ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը։

Ի դեպ, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի միակողմանի դադարեցման պատճառներից մեկը սահմանված աշխատավարձերի շուրջ եղած տարաձայնությունն էր։

«Մեզ համար անընդունելի է, երբ որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը Հայաստանում վերջից երկրորդ կամ երրորդ տեղում է, եթե ոչ առաջին, բայց քաղաքապետարանում միաժամանակ աշխատում էր 270-280 մարդ՝ ստանալով ամենացածր աշխատավարձը՝ բերելով ոչ արդյունավետ կառավարման։ Մենք բազմիցս բարձրացրել ենք աշխատավարձերի բարձրացման հարցը», – ասել էր Դավիթ Առուշանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930