Այսօր փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վերլուծական կենտրոնի ֆորումին էր մասնակցում: Լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով պարտադրանքով Սահմանադրություն փոխելու պատրաստակամության մասին՝ նա ասաց. «Սահմանադրության փոփոխությունը ժողովրդավարական գործընթաց է, այդ գործընթացը սկսել է շատ ավելի վաղ եւ Ադրբեջանը չէ, որ պետք է մեզ թելադրի մեր ներքին օրակարգը: Իհարկե, մեր Սահմանադրությունն ունի փոփոխության կարիք, խոսքը գնում է մի շարք հոդվածների մասին: Սա նորմալ է, չկա մի երկիր, որտեղ նման գործընթացներ չլինեն, բայց դա չի կարող լինել այլ երկրի ճնշման տակ»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը դնում է նախապայմաններ ու առանց նախապայմանների որեւէ առաջարկ չի ուղարկել՝ Պարույր Հովհաննիսյանը արձագանքեց. «Բարդ է ասել՝ արդյոք դա նախապայման է հենց այդ բովանդակությա՞մբ, թե՞ դա պարզապես ցանկության բացակայություն է առաջ շարժվել բանակցություններում: Դա դեռ հարց է, որի պատասխանը մենք դեռ չունենք»:
Հարցին՝ այդ դեպքում Հայաստանի ոգեւորությունն ու պատրաստակամությունը առաջիկայում ստորագրել խաղաղության պայմանագիրը ինչո՞վ է պայմանավորված՝ նա պատասխանեց. «Պայմանավորված է մեր խորին համոզմամբ, որ պետք է լինի խաղաղություն: Դա եղել է մեր մշտական նարատիվը, առավել եւս՝ վերջին ժամանակաշրջանում: Հայաստանի դիրքորոշումը պարզ է, դրան է ուղղված թե՛ Խաղաղության խաչմերուկը, թե՛ մեր մոտեցումները բանակցային պրոցեսի մեջ: Շատ լուրջ ենք վերաբերվում դրան՝ առանց որեւէ նախապայմանների ու միջազգային գործընկերները դա բազմիցս նշում են»:
Հարցին՝ վերջին շրջանում շատ է խոսվում արտաքին վեկտորը փոխելու մասին, անվտանգության համար սա սպառնալիքներ չի՞ ստեղծում ու Արեւմուտքից երաշխիքներ ունե՞նք՝ փոխնախարարը պատասխանեց. «Հակառակը, հենց այդ սպառնալիքներին դիմադրելով է պայմանավորված մեր մոտեցումը: Հիմնական կարգախոսն այստեղ դիվերսիֆիկացիան է եւ մեր դիմադրողականության բարձրացումը: Նայեք ինչքան բազմաշերտ է մեր արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում, ՀՀ-ն նախագահում է Սեւծովյան տնտեսական համագործակցությունում, Հինավուրց ցիվիլիզացիայի ֆորումում, ԵԱՏՄ-ում, տեսնում եք մեծ գործընթացներ ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, հարաբերությունները Հնդկաստանի, Չինաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Նման բազմազանություն մենք մեր արտաքին քաղաքականության մեջ երբեք չենք ունեցել, իսկ դա հենց այդ երաշխիքն է, որը կարող է ունենալ փոքր երկիրը՝ նման բարդ իրավիճակում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ռազմական գործողությունների ժամանակ Արեւմուտքը կա՞ երաշխիք, որ ձեռք կմեկնի՝ նա պատասխանեց. «Մենք օգտագործում ենք բոլոր լծակները՝ սկսած դատական ատյաններից, մեր «Հռոմի ստատուտի» վավերացումը եւ միջազգային քրեական դատարանին միացումը հենց երաշխիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել նման զարգացումներում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ