Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան․ «Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ոչ միայն Հայաստանին չեն մոտեցնում խաղաղությանը եւ անվտանգությանը, այլ բերում են նոր պատերազմ, նոր թշնամիներ, տարածաշրջանում իրավիճակի նոր սրում»

Հունիս 27,2024 19:11

«Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Ռուսաստանի հասցեին արվող Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քննադատական հայտարարություններին։ Նա դրանք համեմատեց Հայաստանում տոթ արեւ ու ամպրոպ-կայծակներով ամառային եղանակի հետ եւ նշեց, որ այս շրջանում ունենալով ԱԽ այնպիսի քարտուղար, ինչպիսին Արմեն Գրիգորյանն է, նույն տիպի կայծակներ մենք ունենք նաեւ արտաքին քաղաքականության մեջ։

«Նրա հայտարարությունները ոչ միայն Հայաստանին չեն մոտեցնում խաղաղությանը եւ անվտանգությանը, այլ ընդհակառակը, բերում են նոր պատերազմ, նոր թշնամիներ, տարածաշրջանում իրավիճակի նոր սրում։ Եվ եթե խոսենք լեզվաբանա-քաղաքական տեսանկյունից, կարծում եմ, Անվտանգության խորհուրդ անվանումը կարող է վերանվանվել եւ դառնալ Վտանգավորության խորհուրդ։ Եվ այդ ՎԽ-ի ծագումով արցախցի քարտուղարը, որն այլեւս Արցախ բառը չի օգտագործում, փաստորեն, խոսում էր այն մասին, որ Արցախը ռուսներն են հանձնել եւ լայն ժպտում էր։

Քաղաքագիտորեն վերլուծենք։ Առաջին․ նիկոլյան այն թեզը, որը լայնորեն շրջանառվում էր եւ հասարակությանը տրամադրում էին, թե  նախկիններն են հանձնել, այդ թեզն արդեն բավարար չէ։ Եվ Արմեն Գրիգորյանը փոխում է ուղղությունը՝ ուժեղացնելու ներհայաստանյան եւ Արցախից եկած ցեղասպանված մեր հայրենակիցների մեջ հակառուսական տրամադրությունները, սլաքները շեղելու իշխանության պատասխանատվությունից։ Այժմ ունենք նոր թեզ, որ ռուսներն են հանձնել եւ միակ մեղավորը նրանք են։ Ուստի, բոլորովին պատահական չէ, որ արտգործնախարարը նրան երկրորդում է։

Հաջորդ խնդիրը։ Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ նման հայտարարությունը։ Եթե անդրադառնում ենք զուտ բովանդակայինին, թերեւս, կյանքում առաջին անգամ ես մտածեցի, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճիշտ շեշտադրում կատարեց՝ հռետորական հարցով նշելով, թե ինչպե՞ս կարելի է այսպես նսեմացնել սեփական ազգին։ Եվ հիշեց Արցախյան պատերազմը, մեր ժողովրդի արժեքային համակարգը։

Նման հայտարարությամբ մենք փաստորեն դառնում ենք բացարձակ կրավորական ինչ-որ գործիք, եւ Արցախն էլ վերածվում է ինչ-որ անշունչ իրողության, որը կարելի է ինքնաբերաբար վերցնել եւ հանձնել։ Սա բովանդակային կողմն է։ Հետեւանքը, ինչպես նշեցի, հակառուսական տրամադրությունների առաջացումն է։ Ընդ որում, նման հայտարարության լսարանը դրսի լսարանն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում աշխատում է ադրբեջանա-թուրքական լսարանի համար, Արմեն Գրիգորյանը եւ Արարատ Միրզոյանը տեղական լսարանի վրա չեն կենտրոնանում։ Նրանք ելնելով օրվա խնդրից, այսինքն, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս բերել, աշխատում են արեւմտյան լսարանի համար, որի հասցեատերը ԱՄՆ-ն է ու եվրոպական այն կառույցները, որոնք կատաղի պայքար են մղում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց գերիշխանությունը հաստատելու եւ Ռուսաստանին դուրս մղելու գործում»,-ասաց Նարինե Դիլբարյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930