Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյոք Իտալիայի պաշտպանության նախարարը չի՞ հետաքրքրվել, թե ինչ նպատակով են օգտագործվելու Ադրբեջանին մատակարարված զենքերը. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հունիս 27,2024 17:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում եղել են նաև Իտալիայի փոխարտգործնախարարն ու Leonardo ռազմաարդյունաբերական կոնցեռնի նախագահը։ Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Իտալիայի հետ իրենց հարաբերություններում նոր էջ է սկսվել ռազմատեխնիկական համագործակցությամբ։ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել իտալական արտադրության C-27J Spartan մակնիշի ռազմատրանսպորտային օդանավի մատակարարումը։ Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ ադբեջանա-իտալական համագործակցային հարաբերությունների հիմքում ընկած է «Ադրբեջանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ» համատեղ հռչակագիրը։ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին իտալական արտադրության ռազմատրանսպորտային օդանավերի ձեռքբերումը հաստատվել է դեռևս 2023 թվականի ամռանը։

Իտալիայի նման ադրբեջանամետ քաղաքականությունը արժանի է ամենասուր քննադատության, քանի որ Ադրբեջանին զենք մատակարարելը հավասարազոր է էթնիկ զտում իրականացնելուն մասնակից դառնալուն։ Արդյո՞ք Իտալիայի պաշտպանության նախարարը չի հետաքրքրվել, թե ինչ նպատակով են օգտագործվել կամ ինչ նպատակով են օգտագործվելու Ադրբեջանին մատակարարված զենքերը։ Կամ մի՞թե Իտալիայի քաղաքական վերնախավը տեղյակ չէ, թե ինչ մեթոդներով է Ադրբեջանը պատերազմել 2020թ․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, 2023թ․ ինչպես է պատերազմ սկսել 10-ամիս շրջափակման մեջ գտնվող և հումանիտար աղետի պայմաններում գոյատևած 120 հազար էթնիկ հայության դեմ։ Արդյո՞ք Իտալիան տեղյակ չէր Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին, որոնք պարտավորեցրել են Ադրբեջանին մի շարք պարտադիր գործողությունների և որոնք այդպես էլ մնացել են անկատար։ Նման և բազմաթիվ այլ հանգամանքներ հաշվի առնելուց հետո ի՞նչ հիմքով է Իտալիան ռազմաստրատեգիական համագործակցության նման մակարդակ հաստատում Ադրբեջանի հետ։ Լինելով հավաքական Եվրոպական ընտանիքի անդամ, արդո՞ք Իտալիան չի կիսում մարդու իրավունքների ոտնահարումների անթույլատրելիության վերաբերյալ համաշխարհային մոտեցումները։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հետ Իտալիայի ռազմական և այլ համագործակցության ցանկացած դրսևորում։ Առավելագույնը, որ կարող էր կատարել Իտալիան Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների համար պատասխանատվության կոչելն էր։ Վերջին տասնամյակների ընթացքում իրականացված հակահայկական քաղաքականության արդյունքում պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափման խնդիրը ծառացել է որպես մարդու իրավունքների համակարգային խախտման օրինակ և ցեղասպանության տեղային դրսևորում, սակայն թվում է, թե Ադրբեջանին զենք վաճառելիս ինչպես Իտալիան, այնպես էլ մյուս բոլոր երկրները չեն գիտակցում նման «շահավետ» գործարքների ողջ վտանգը։ Այդ «չգիտակցումն» այսօր Ադրբեջանին վերածել է տարածաշրջանային լրջագույն սպառնալիքի։ Հետևապես՝ մենք կոչ ենք անում Իտալիային աչալուրջ գտնվել ռազմատեխնիկական գործընկերների ընտրության հարցում և կարճաժամկետ շահույթը չգերադասել մարդու իրավունքների բարձրագույն արժեքից։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930