Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ես 15 տարի եղել եմ ԵԽԽՎ պատգամավոր եւ հիմա ամաչում եմ, երբ որ կարդում եմ ԵԽԽՎ-ի զեկույցը, որտեղ ԵԽԽՎ-ն, ըստ էության, մեղադրում է ցուցարարներին»

Հունիս 27,2024 17:23

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱՄՆ պետդեպի եւ ԵԽԽՎ-ի հրապարակած զեկույցներին՝ ասաց. «Ես 15 տարի եղել եմ ԵԽԽՎ պատգամավոր եւ հիմա ամաչում եմ, երբ որ կարդում եմ ԵԽԽՎ-ի զեկույցը, որտեղ ըստ էության՝ ԵԽԽՎ-ն մեղադրում է ցուցարարներին: Խոսքը վերաբերում է հունիսի 12-ի ջարդին, որը կազմակերպեց այս ռեժիմը: Բայց ԵԽԽՎ-ն նշում է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, եւ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր: Սա ակնհայտ, լկտի եւ անամոթ սուտ է: Որեւէ կոչ՝ մտնել կառավարության կամ ԱԺ շենք, չի եղել ցույցի, «Սրբազան շարժման» որեւէ կազմակերպչի կողմից: ԵԽԽՎ-ն գիտի, որ սա լկտի եւ անամոթ սուտ է: Ավելին, երբ որ նախկին ընդդիմադիր շարժումների ժամանակ, որ գլխավորում էր «Նիկոլ Փաշինյան & քոմփընին», խոսքը վերաբերում է նաեւ 2008-ի մարտի 1-ին, երբ կիրառվեց հատուկ միջոց, ի դեպ, թույլատրելի, տարիներ շարունակ նույն ԵԽ-ն ի՞նչ էր անում, միջազգային կառույցներն ի՞նչ էին անում, ի՞նչ սանկցիաներ կիրառվեցին եւ ի՞նչ սանկցիաների ահաբեկումներ եղան Հայաստանի հանդեպ: Վարկ չենք տա, Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից կկտրենք, ձեզ սառը պատերազմ կհայտարարենք: Քիչ էր մնում ասեին՝ կբերենք, չինական պատ կդնենք Հայաստանի դիմաց, որ աշխարհը չճանաչի Հայաստանը:

Այսօր, 21-րդ դարում համայն միջազգային հանրության աչքի առաջ ռեժիմը կիրառում է լուսաձայնային նռնակ «Զարյա-3», որի արդյունքում 100-ից ավելի խաղաղ անհնազանդություն իրականացնող քաղաքացիներ վիրավորվում են, եւ միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ԵԽԽՎ-ն, ոչ միայն գովերգում է Հայաստանի իշխանությանը, թե ամենաժողովրդավարն են, այս են, այն են, այլ նաեւ լկտիորեն ստում է:

Ես ուզում եմ նայել Հայաստանի հարցով համազեկուցողների աչքերին, ովքեր հրապարակել են այս զեկույցը եւ նրանց զեկուցագրերի հիման վրա է ԵԽ մոնիթորինգի հանձնաժողովը կազմել այս անամոթ եւ լկտի բանաձեւը»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Նա Բագրատ սրբազանի նման չմաղթեց, որ այսպիսի ժողովրդավարությունը լինի այդ երկրներում: «Ես մաղթում եմ, որ ձեր երեխաների հետ լինի այն, ինչ եղավ խաղաղ ցուցարարների հետ հունիսի 12-ին: Այն էլ առանց զգուշացման, երբ հատուկ միջոցներ կիրառելուց առաջ առնվազն մի քանի անգամ ոստիկանությունը ցուցարարներին պիտի զգուշացնի, որ կիրառվելու է հատուկ միջոց: Եվ հատուկ միջոցը պիտի կիրառվի որոշակի հեռավորության վրա: Իսկ 30-ից ավել «Զարյա-3» լուսաձայնային նռնակները, որի ինստրուկցիայում գրված է, որ այն կիրառվում է բացառապես զինված հանցագործներին վնասազերծելու համար, կիրառվել է, օրինակ, «մանկասայլակով զինված» խաղաղ ցուցարարների հանդեպ:

ԵԽԽՎ, դուք լկտի եք, դուք անբարոյական եք, դուք ձեր աշխարհաքաղաքական տերերի պատվերը կատարելու համար ուղղակիորեն ժողովրդավարությունը գլխիվայր շուռ եք տալիս:

Եվ այսօր եւս մեկ զեկույց, այս անգամ արդեն Ամերիկայի պետդեպի կողմից: Պետդեպը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին զեկույցը: Ու զարմանք. 2023 թվականի ընթացքում Հայաստանի Առաքելական եկեղեցու հոգեւորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչեր է հնչեցրել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասով:

Այդ ով է ասել, որ Հայ Առաքելական եկեղեցին, որ 600 տարի պետականություն չունենալու ժամանակաշրջանում կարողացել է պահպանել հայկականությունը, հայի՝ իր հողում մնալու իրավունքը, երբ տեսնում է, որ պետականությունը ավարտվում է, երբ օկուպացիոն ռեժիմը, որ զավթել է Հայաստանը, Հայաստանի պետականությունը տանում եւ մատաղ է անում թուրք-ադրբեջանական տանդեմին, իրավունք չունի կոչնակներ հնչեցնելու եւ եկեղեցին իրավունք չունի իր ձայնը բարձրացնելու:

Սարդարապատի ժամանակ 500 հոգեւորականներ իրավունք ունեին զենքը ձեռքին պայքարելու, իսկ այսօր, երբ նույն խնդրի առջեւ է կանգնած Հայաստանը, կանգնած է գոյաբանական, էքզիստենցիալ, լինել-չլինելու խնդրի առջեւ, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները, Հայ Առաքելական եկեղեցին պիտի որդեգրի դիտորդի կարգավիճա՞կ, կամ պիտի մնա Ալաշուքյուր Փաշազադեի «դուստր ձեռնարկությո՞ւն», ինչպես Հայաստանի կառավարությունն է Ալիեւի կառավարության դուստր ձեռնարկություն դարձել: Դա չի լինելու: Եկեղեցին 600 տարի փրկել է Հայաստանը թուրք-սելջուկների, մոնղոլ-թաթարների ասպատակությունից եւ հիմա էլ եկեղեցին՝ առնվազն մի քանի սրբազաններ անելու են առավելագույնը»,-վստահություն հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930