Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Civic.am-ի լրագրողին հարվածած ԱԺ աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Հունիս 27,2024 16:55

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնականի՝ Արթուր Սուքոյանի գործով դատական նիստին այսօր մեղադրող դատախազ Հարությունյանը «իրավաբանության հետ աղերս չունեցող միջնորդություն» որակեց Սուքոյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Սուքոյանի պաշտպանները միջնորդեցին առանց ապացույցների հետազոտման, դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել քրեական վարույթը:

«Ես կարծում եմ, որ դատարանը պետք է թույլ չտար պարոն Կոչուբաեւին ներկայացնել իրավաբանության հետ որեւէ աղերս չունեցող մի միջնորդություն: Աղերս չունենալու հանգամանքը առնվազն հիմնավորվում է Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ ունեցած տարրական գիտելիքներով: Ամեն դեպքում, դատարանը թույլատրելով Կոչուբաեւին ներկայացնել միջնորդությունը, իմ մոտ տպավորություն ստեղծեց, որ դատարանը գնահատում է այդ միջնորդությունը իրավաբանության հետ աղերս ունեցող: Հետեւաբար, երկրորդ թեստն է գալիս, արդյոք Կոչուբաեւը կարո՞ղ էր այդ փուլում այդ տեսակ միջնորդություն անել»,- ասաց մեղադրող դատախազը:

Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանը 2024 թվականի մայիսի մեկից անազատության մեջ է, Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ տեղի ունեցած վեճի արդյունքում նրան հարվածելու համար:

Ըստ մեղադրող դատախազի՝ Սուքոյանի պաշտպանը ծայրահեղ անհրաժեշտությունից էլ խոսելով, պետք է փաստական հանգամանքների հավաստում ներկայացներ. «Հայրական, դաստիարակչական ապտակներից էր խոսում, իմ մոտ հարց է առաջանում այդ իրավաչափության պայմանները ինչպես կարող են հաստատվել, եթե չի հետազոտվել քրեական գործում առկա որեւէ ապացույց: Առանց մեղադրանքի ներկայացման, առանց տեսագրության զննման, առանց իրավական բոլոր հնարավոր փաստաթղթերի հետազոտության գալ հետեւության առ այն, որ կա այս կամ այն բացառող իրավաչափության պայմանները… ես ասում եմ, որ իրավաչափության այդ պայմանները չկան ու ավելի հիմնավոր կարող եմ լինել, քան պաշտպանը, որ ասում է, թե իրավաչափության պայմանները կան… տվյալ միջնորդությունը չի դիմանա որեւէ քննադատության ու վստահ եմ, որ դատարանն առանց մտորելու կորոշի այն մերժել»:

Կոչուբաեւը շտկեց դատախազին, որ ինքը չի ասել, թե ապտակը եղել է հայրական, այլ ասել է, որ եղել է դաստիարակչական բնույթի:

Սուքոյանի մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ շարունակեց. «Պաշտպանության կողմն այս միջնորդությունը ներկայացրեց մեկ նպատակով, որ հերքվի վարույթ իրականացնող մարմնի առաջ քաշած այն վարկածը, որ Արթուր Սուքոյանի կողմից արարքի շարժառիթը չի եղել միջանձնային, որովհետեւ Սուքոյանի արարքի շարժառիթը եղել է միջանձնային»:

Դատարանը մերժեց Սուքոյանի պաշտպանների միջնորդությունը:

Ավելի ուշ Արթուր Սուքոյանն ազատ արձակվեց․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930