Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական գրական պորտալը հրապարակել է պարսիկ բանաստեղծուհու ստեղծագործությունները՝ նրան ներկայացնելով «ադրբեջանցի»

Հունիս 27,2024 16:47

Ադրբեջանը շարունակում է իր ներկայիս տարածքի ֆիզիկական և պատմամշակութային յուրացման և այդ յուրացումների հանրայնացման տխրահռչակ քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ չեն հասկանում, որ տարածքի պատմությունն ու պետության պատմությունը նույնական չեն, և ընդամենը 106 տարի առաջ ստեղծված պետության վրա չի կարելի կարկատել հազարամյակի պատմություն՝ յուրացնելով տվյալ տարածքում նախկինում այլ ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները։ Մենք բազմիցս անդրադարձել ենք Ադրբեջանի պատմամշակութային գրպանահատության սովորությանը, սակայն այդ քաղաքականությունը չի սահմանափակվում երկրի ներսում ազգայնականություն արմատավորելու գործընթացով, այլ դուրս է գալիս երկրի սահմաններից՝ ձևավորելով արտաքին աշխարհին և միջազգային հանրությանը մոլորեցնելու մի հավաքական վարքագիծ։

Ասվածի վառ օրինակն է միջնադարյան պարսիկ բանաստեղծների «ադրբեջանականացումը» և մեկ հազարամյակ անց «էթնիկությունը փոխած» բանաստեղծներին այլ երկրներում որպես «ադրբեջանցի» հրամցնելը։ Վերջերս Իտալական «Alidicarta.it» գրական պորտալը հրապարակել է 11-12-րդ դդ․ պարսիկ բանաստեղծուհի Մահսատի Գյանջավիի բանաստեղծությունները՝ Ադրբեջանի պետական ​​թարգմանչական կենտրոնի «Ադրբեջանական գրականությունը վիրտուալ աշխարհում» նախագծի շրջանակներում՝ Գյանջավիին ներկայացնելով որպես «ադրբեջանցի»: Մինչդեռ ամբողջ աշխարհն աներկբայորեն ընդունում է նրան որպես պարսիկ բանաստեղծուհի, ով ստեղծագործել է պարսկերենով։ Մահսատիի ծննդյան վայրի շուրջ ևս տարակարծություններ կան։ Հետևապես անգամ Գանձակում ծնված լինելու հանգամանքը որևէ հիմք չի տալիս ժամանակակից Ադրբեջանին՝ իր հետ այլ առնչություն չունեցող գրողին վերագրել «ադրբեջանական» ծագում։ Հարկ է նշել, որ մի շարք հեղինակավոր հանրագիտարաններ, հետազոտողներ բնավ չեն կիսում Ադրբեջանի մոտեցումները։

Սա ևս մեկ փաստ է, որն ապացուցում է, թե որքան հեռուն կարող են գնալ ադրբեջանական յուրացման քաղաքականությունը, և թե ինչպես են քաղաքական առաջնահերթությունները արտացոլվում նաև մշակույթի և հասարակական կյանքի մյուս ոլորտների վրա։ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունից հետո բնական է, որ իտալական հասարակությունը կհամաձայնի նաև պատմական խեղաթյուրումներին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Մենք կոչ ենք անում Իտալիայում մշակութային քաղաքականության համար պատասխանատուներին և հանրությանը լրջագույնս հետաքրքրվել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային պատմության և մշակույթի գողության բազմամյա փորձով, ծանոթանալ պատմական Նախիջևանում, Գարդմանում, Շիրվանում և Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության խեղման և յուրացման հանգամանքներին, Իրանի և տարածաշրջանի մնացած պետությունների և ժողովուրդների ստեղծած արժեքների հանդեպ հավակնություններին և զերծ մնալ ադրբեջանական կեղծարարությանը մասնակից դառնալու անպատվաբեր գործից, ըստ արժանվույն գնահատել և արժևորել աշխարհի ժողովուրդների ներդրումները համաշխարհային քաղաքակրթության և համամարդկային արժեքների ձևավորման և զարգացման գործում։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930