2024թ․ հունիսի 28-ին Իրանի Իսլամական հանրապետությունում (ԻԻՀ) տեղի են ունենալու նախագահական արտահերթ 14-րդ, կամ ինչպես իրանյան ԶԼՄ-ներն են նշում, արտակարգ իրավիճակի՝ «շտապօգնական» ընտրություններ, քանի որ գործող նախագահ Էբրահիմ Ռայիսին ընթացիկ տարվա մայիսի 19-ին վախճանվել է ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով։ Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025թ․ գարնանը՝ շուրջ 11 ամիս հետո։ Ըստ ԻԻՀ-ի Սահմանադրության 131-րդ կետի՝ եթե երկրի նախագահը մահանում կամ հրաժարական է տալիս, նրա պարտականություններն ստանձնում է առաջին փոխնախագահը, երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմքի՝ հեղափոխության առաջնորդի հաստատմամբ, տվյալ դեպքում` Մոհամեդ Մոխբեր Դեզֆուլին, այլապես առաջնորդը նախագահի պարտականությունները այլ պաշտոնյայի է հանձնարարում։ Այնուհետև նախագահի պարտականությունները ստանձնած անձի և օրենսդիր ու դատական իշխանությունների նախագահների մասնակցությամբ ձևավորվում է խորհուրդ, որը 50 օրվա ընթացքում կազմակերպում է նոր նախագահի ընտրություններ։ Սակայն առաջնորդը, անհրաժեշտության դեպքում, պետական հատուկ հրամանագրով երկարաձգում է ժամկետը։
Անդրադառնալով զոհված նախագահին և ուղղաթիռի վթարին՝ նշենք, որ փաստորեն նա զոհվեց նորընտիր առաջնորդության (ղեկավարման) բանիմացների (ընտրյալների) խորհրդի (մեջլիսի, այսուհետ՝ ԱԲԽ ) առաջին նիստից երկու օր առաջ։ Այն տեղի է ունեցել 2024թ․ մայիսի 21-ին, որի ընթացքում, ըստ կառույցի կանոնակարգի, ընտրվել են ԱԲԽ-ի նախագահն ու նախագահության անդամները։ Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, ԱԲԽ-ի 6-րդ գումարման ընտրությունները խիստ կարևորվել էին, քանի որ, մեծ հավանականությամբ, հենց այս ԱԲԽ-ն պետք է ընտրի երկրի հաջորդ ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմքին՝ հեղափոխության առաջնորդին, որը, կարելի է ասել, Սահմանադրությամբ օժտված է անսահմանափակ լիազորություններով։ Նշյալ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա մարտի 3-ին, առաջադրվել էր նաև հանգուցյալ նախագահ Ռայիսին, որի ընտրությունն ի սկզբանե ապահովել էր Սահմանադրության պահապան խորհուրդը (այսուհետ՝ ՍՊԽ)։ Նոր պահպանողական հայացքներով Էբրահիմ Ռայիսին, որը նաև ԱԲԽ-ի 4-րդ և 5-րդ գումարումների անդամ է եղել՝ կառույցի նախագահի առաջին տեղակալ, ամենայն հավանականությամբ ընտրվելու էր կառույցի նոր նախագահ, եթե վրա չհասներ ողբերգական մահը։ ԱԲԽ-ի նախկին նախագահ՝ 97-ամյա այաթոլահ Ալի Ջանաթին, որը միաժամանակ նաև ՍՊԽ-ի նախագահն է, հրաժարվել էր մասնակցել ԱԲԽ-ի 6-րդ գումարման ընտրություններին։ ԱԲԽ-ն ունի 86 անդամ, առաջին նիստին մասնակցել են 83-ը, և 55 ձայնով նախագահ է ընտրվել 93-ամյա Մոհամեդ Ալի Մովահեդի Քերմանին, որը համաձայն կառույցի ներքին կանոնադրության նախագահելու է երկու տարով։ Սակայն, հաշվի առնելով Մովահեդիի խիստ վատառողջ լինելու հանգամանքը, թերևս առաջնորդին կընտրի այլ նախագահ։
Ռայիսի-Ալիև հաշտության ջերմագին հանդիպումը Իրանի նախագահի համար դարձավ ճակատագրական
ԻԻՀ նախագահ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը, Թեհրանի ֆինանսավորմամբ Արաքսի վրա՝ Իրան-Ադրբեջան համատեղ կառուցված «Գիզ Գալասի» ջրամբարտակի բացման արարողությունից հետո, երկու այլ ուղղաթիռների ուղեկցությամբ Թավրիզ վերադառնալիս սահմանամերձ շրջանում վթարի երնթակվելով զոհվեցին ուղեկիցների ու ուղղաթիռի անձնակազմի հետ։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Գիզ Գալասի» ամբարտակը գտնվում է Իրանի համանուն գյուղի մոտ և փաստորեն Խոդաֆերին ջրամբարտակային համալիրի լրացուցիչ հատվածն է։ Այն Խոդաֆերինի ջրամբարտակից 12 կմ ներքև է, որը շահագործման է հանձնվել 2008թ․, սակայն, որպեսզի Խոդաֆերինը կարողանար իր ողջ տարողությամբ շահագործվել, անհրաժեշտաբար պետք է կառուցվեր համալիրի երկրորդ մասը։ Այլ կերպ ասած՝ Խոդաֆերինի ամբարտակի բացումն էլ պաշտոնապես իրականացվեց։ Նախագահ Ռայիսիի հանդիպումը Բաքվի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ, երկու երկրների փոխհարաբերություններում բավական լուրջ տեղատվությունից հետո էր տեղի ունենում, ինչը, թերևս, կարելի էր բնութագրել որպես «հաշտության» հանդիպում՝մանավանդ հաշվի առնելով փոխադարձաբար հնչեցված ամենաջերմ հաճոյախոսությունները միմյանց հասցեին։
Ալիևը բացման արարողության իր ելույթում շեշտել է, թե այսօր, երբ շահագործման են հանձնվում Խոդաֆերինի ու «Գզի Գալասի» ջրամբարտակները, առանձնահատուկ օր է նաև պատմական երկու երկրների փոխհարաբերություններում։ Նա, գոհունակություն հայտնելով ջրամբարը կառուցող իրանցի ինժեներներին ու շինարարներին, նշել է, որ երկու երկրների բարեկամությունը պատմական անցյալ ունի։ Ապա հավելել է, որ սույն նախագծի իրականացումը երկու երկրների բարեկամության ապացույցն է, այժմ ողջ աշխարհը Իրան-Ադրբեջան բարեկամության վկան է։ Ալիևը շեշտել է, որ երկու երկրների նախագահները առաջին անգամ է, որ հանդիպում են սահմանագծում, ինչը ապացուցում է, որ երկու երկրների միջև սահմանը եղբայրության ու բարեկամության սահման է։ Այնուհետ շարունակել է, որ բազմաթիվ հարցեր են քննարկել Իրանի նախագահի հետ, և վստահորեն կարելի է ասել, թե իրենց տեսակետները շատ, մասնավորապես՝ տարածաշրջանային ու միջազգային, հարցերում լիովին համընկնում են, և որ իրենք միջազգային կազմակերպություններում հովանավորում են միմյանց։ Նա ընդգծել է նաև, որ օտարները չեն կարող պառակտել, թյուրիմացության մեջ գցել իրենց։ Հատկանշական է, որ արհեստածին այդ երկրի ղեկավարի համար Հայաստանին ագրեսոր անվանելու ու իր երկրի տարածքի «20 տոկոսը գրավելու» համար մեղադրելը, 30 տարի կրկնելով, դարձել է ռեֆլեքս։ Նա, անդրադառնալով այդ հարցին, շեշտել է, թե իր ռազմական հզորությամբ 2023թ․ կարողացել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնել։ Ըստ երևույթին Բաքվի ղեկավարը, պառակտող «օտարներ» ասելով, նկատի է ունեցել Հայաստանը, բայց «սիրելի եղբոր» հուղարկավորությանը մասնակցելու ժամանակ չունեցավ, կամ էլ եղբայրությունն ավարտվել էր հանդիպման հետ միասին։
Իրանի նախագահ Ռայիսին ի պատասխան նշել էր, որ Իրանի փոխհարաբերությունները հարևան, եղբայր ու բարեկամ երկրի հետ ավելին են, քան հարևանների միջև հարաբերությունները, իսկ «Գիզ Գալասի» ջրամբարը երկու ժողովրդների կամքի ու համագործակցության խորհրդանիշն է։ Նա հավելել էր, որ իրենց կապերն արյունակցական են՝ ամուր ու անսասան, որոնց արմատները ձգվում են երկու ժողովուրդների հավատքի, պատմության ու քաղաքակրթության խորքերը։ Նա նաև շեշտել էր, որ Իրանը պատրաստակամ է իր ինժեներական տեխնիկական ներուժով աջակցելու ազատագրված տարածքների կառուցապատմանը։
Հավելենք, որ Իրանի հանգուցյալ նախագահն անդրադարձել է նաև իսրայելա-պաղեստինյան պատերազմին, խստիվ քննադատել Ադրբեջանի իրական ռազմավարական գործընկեր ու եղբայրական երկիր Իսրայելին, շեշտել, որ Իրանի ու Ադրբեջանի եղբայրական ժողովուրդները հովանավորում են Գազայի ժողովրդին ու ատելությամբ են լցված սիոնիստական վարչակարգի հանդեպ
Իրան նախագահի ու ԱԳ նախարարի ուղղաթիռի վթարի պատճառ-վարկածները
Խոսելով մայիսի 19-ի՝ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ու նրա զովելու մասին, որը շարունակվում է մնալ միջազգային ԶԼՄ-ների օրակարգում, հարկ է նշել, որ առաջին իսկ ժամերից վթարի վերաբերյալ իրանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում ու անգամ պաշտոնյաների հաղորդած տեղեկություններում առկա հակասությունները, հաճախ նաև անորոշությունը ակնհայտ էին, ինչը տարբեր ենթադրությունների ու տարբեր վարկածների առաջ քաշելու առիթ էր դարձել, մանավանդ որ բնակլիմայական ոչ բարենպաստ պայմանների պատճառով չէր հաջողվում վթարի վայրը հայտնաբերել։ Այդ առնչությամբ Թեհրանը օգնություն էր խնդրել Թուրքիայից ու Եվրոպայից։ Թեև Անկարան շտապեց ցույց տալ, թե թուրքական ԱԹՍ-ն է հայտնաբերել վթարված ուղղաթիռի վայրը, և, առիթը բաց չթողնելով, սկսել էր գովազդել իր տեխնիկական առաջընթացը, սակայն պարզվեց, որ թուրքերը սխալվել էին, և հենց իրանական ԱԹՍ-ներն էին հայտնաբերել վթարի վայրը։ Թեհրանը հերքեց Թուրքիայի հայտարարությունները, ինչը հաստատվեց նաև բազմաթիվ երկրների կողմից։ Իսկ ավելի ուշ՝ մայիսի 23-ին, երբ հրապարակվեց Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին զեկույցը վթարի ուսումնասիրության վերաբերյալ, պաշտոնապես հերքվեց Թուրքիայի ԱԹՍ-ի դերն այդ հարցում։ Նախագահի ուղղաթիռի վթարի պատճառներն ու ծավալները ուսումնասիրելու նպատակով՝ զինված ուժերի գլխավոր շտաբում ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որը մայիսի 23-ին իր առաջին զեկույցն է հրապարակել, որտեղ մասնավորապես շեշտվել է, թե ձեռք են բերվել զգալի քանակությամբ մասնագիտական, տեխնիկական և ընդհանուր տեղեկություններ, որոնք կարող էին վթարի հարցում դերակատար լինել։ Զեկույցում նշվել է, որ, ըստ նշյալ տեղեկությունների, որոշ հարցերում կարելի է հստակ տեսակետ հայտնել, որոշ հարցեր էլ ուսումնասիրության համար ավելի երկար ժամանակ կպահանջեն։ Ապա շեշտվել է, որ հստակ կարելի նշել՝
ա) Ուղղաթիռն ընթացել է նախօրոք հստակեցված երթուղիով և բնավ չի շեղվել․
բ) Վթարից շուրջ մեկուկես րոպե առաջ վթարված ուղղաթիռի օդաչուն կապ է ունեցել ուղեկցող մյուս երկու ուղղաթիռների հետ․
գ) Վնասված ուղղաթիռից մնացած բեկորների վրա գնդակի կամ նման այլ հարվածի հետքեր չկան․
ե) Վթարված ուղղաթիռը, բարձունքին բախվելով, հրկիզվել է․
զ) Տեղանքի բարդության, մառախուղի և բացասական ջերմաստիճանի պատճառով որոնողական գործողությունները երկարաձգվել, շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում, և միայն երկուշաբթի (մայիսի 20-ին) Իրանի ԱԹՍ-ներին հաջողվել է վթարի հստակ վայրը հայտնաբերել, ինչից հետո հետևակի ուժերը սկսել են որոնողական աշխատանքները տվյալ վայրում․
է) Վթարված ուղղաթիռի և օդանավակայանի հսկիչ աշտարակի խոսակցություններում որևէ կասկածելի երևույթ չի հայտնաբերվել։
Զեկույցում շեշտվել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, որոնց արդյունքների մասին բնակչությանը կտեղեկացնեն հաջորդ զեկույցներով։
Այսուհանդերձ, միջազգային, մասնավորապես պարսկալեզու, ԶԼՄ-ներում, տարբեր սոցցանցերում, ինչպեսև վերլուծաբանների, փորձագետների ու ոլորտի մասնագետների շրջանակներում, շարունակվում են քննարկումները վթարի տարբեր վարկածները՝ գլխավորապես բնակլիմայական, եղանակի, տեխնիկական անսարքության և ահաբեկչության, ընդ որում՝ ներքին հակառակորդների և արտաքին ուժերի հնարավոր առնչակցությամբ։ Ստեղծված նման պայմաններում մայիսի 29-ին Իրանին զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ հանձնաժողովը հրապարակել է 7 կետից կազմված երկրորդ զեկույցը, որտեղ, թերևս, ուշագրավ են հետևյալ կետերը․
ա) Երկրորդ կետը․ ուղղաթիռի ու դրա նորոգումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ու փաստարկները մանրակրկիտ ուսումնասիրվել են, և որևէ թերություն չի հայտնաբերվել, որը կարող էր վթարի պատճառ դառնալ․
բ) Հինգերորդ կետը․ վթարված ուղղաթիռի բեկորների տարբեր փորձաքննությունները, բեկորների սփռվածությունը՝ հիմնական մասից հեռավորությունները բացառում են պայթյունը նախքան բարձունքին բախվելը՝ ահաբեկչական գործողությունների հետևանքով․
գ) Յոթերորդ կետը․ հենվելով մասնագետների ճշգրիտ ուսումնասիրությունների արդյունքների վրա՝ ապացուցվել է՝ ուղղաթիռի վրա էլեկտրոնային պատերազմի որևէ հետք չի նկատվել։ Զեկույցի վերջում շեշտվում է, որ վթարի բուն պատճառը հայտնաբերելու նպատակով տարբեր փորձերն ու ուսումնասիրությունները շարունակվելու են, որոնց մասին ազգաբնակչությունը կտեղեկացվի։
Փաստորեն, Իրանի բանակի գլխավոր շտաբի հանձնաժողովի երկրորդ զեկույցը ևս չբավարարեց հարցով հետաքրքրվողներին, մասնավորապես՝ միջազգային ԶԼՄ-ներին ու արտերկրյա ընդդիմությանը, ըստ որոնց ու բազմաթիվ փորձագետների՝ դա լույս չի սփռել դեպքի վերաբերյալ մութ ու անորոշ հարցերի, ինչպեսև հակասությունների վրա։ www.dw.com/fa-ir կայքը գրել է․ «Նոր զեկույցը, փաստորեն, ԻԻՀ-ի պաշտոնյաների ասածներում և նախորդ զեկույցում առկա հակասություններից ու անորոշություններից որևէ մեկը չի պարզաբանել։ Դա չի անդրադարձել նաև սկզբի օրերին ԻԻՀ-ի պաշտոնական ԶԼՄ-ներում հրապարակված ոչ ճիշտ տեղեկատվությանը։ Օրինակ՝ «Մթնոլորտի բարդ պայմանների պատճառով նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակությանը ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել, նրանք ճանապարհը շարունակել են ցամաքով»։ Հաջորդիվ նշվել է․ «Դժվար վայրէջք է տեղի ունեցել, ինչը ավելացրել է անորոշությունները»։ Այդօրինակ գնահատականները զեկույցների վերաբերյալ հնչել են թերևս հարյուրավոր ԶԼՄ-ների ու փորձագետների, ուսումնասիրողների կողմից, հետևաբար, հարցը մնացել է օրակարգում։ Իսկ վթարի պատճառների տարբեր վարկածները մնացել են շրջանառության մեջ։ Արտերկրում գտնվող ընդդիմությունը հակված է այն ահաբեկչություն որակելու և կապելու առաջիկայում նոր առաջնորդ ընտրելու հետ։
Հիշյալ կայքը «Անորոշություն Ռայիսիի զոհվելու հարցում․ վթա՞ր, թե վերացնե՞լ» ենթավերնագրով հոդվածում գրել է՝ շատ տարօրինակ է նաև, որ նոր զեկույցում որևէ ակնարկ չի արվել Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Ալհաշեմիի հետ հեռախոսակապի, նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամհոսեյն Էսաաիլի ասածների մասին․ «Ես և պարոնայք Մեհրաբյանն ու Բազրփաշը փորձում էինք կապ հաստատել նախագահի ուղղաթիռի ուղևորների հետ, բայց պատասխան չեղավ։ Սակայն թռիչքային անձնակազմից (flight crew) հայտնեցին, որ նախագահի ուղղաթիռի կապիտանին զանգել են, սակայն Ալհաշեմին է պատասխանել և ասել, որ ինքն ընկել է ձորը, բայց չի ասել, թե ինչ է պատահել։ Ես կրկին զանգեցի Ալհաշեմիին և նա ասաց, որ վատ է զգում, չի հասկացել՝ ինչ է պատահել ու չգիտի, թե որտեղ է, ծառերի արանքում է, մեն-մենակ է, ոչ ոքի չի տեսնում։ Մենք հասկացանք, որ ուղղաթիռը վթարվել է»։
Թեև, ինչպես ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցում է նշվում, ուսումնասիրությունները վթարի բուն պատճառները հայտնաբերելու նպատակով շարունակվում են, սակայն ԻԻՀ-ում ընդունված վարկածն ուղղաթիռի բախումն է բարձունքին, ինչի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները։ Տեսակետ, որը հաստատում են նաև օտարերկրյա մասնագետները։ Մերձավոր Արևելքի քաղաքականության ուսումնասիրությունների «Վաշինգտոն» ինստիտուտի (The Washington Institute for Near East Policy) պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Ֆարզին Նադիմիի կարծիքով ևս ուղղաթիռը բախվել է լեռան լանջին, իսկ օդաչուն չի իմացել, որ բախվում է, կամ փորձել է վեր բարձրանալով անցնել սարից, բայց չի կարողացել, և ուղղաթիռի քթով բախվել է բարձունքին։ Ապա մեծ արագությամբ Throttle (հորիզոնական պտույտ) է կատարել, երբ պոչի հատվածը վեր բարձրացված է եղել, իրանը շուռ է եկել, և խցիկը հրկիզվել է։ Նադիմին նշում է, որ մի ականատեսի խոսքերն էլ հաստատում են իր տեսակետները։ Վթարի օրվա արբանյակային պատկերները հաստատում են ամպերի առկայությունը, բացի այդ, դա ապացուցել է նաև BBC-ի փաստերը ստուգող (fact checking) խումբը, որը նշել է՝ թռիչքի սկզբնական հատվածում եղանակը նպաստավոր է եղել, սակայն որքան մոտեցել են կործանման վայրին, ամպերի ծավալը ավելացել է։
Հավելենք, որ հայտնի լրագրող, «Ռադիո Զամանեի» (Radio Zamaneh) և BBC-ի (պարսկերեն ծառայության) կայքերի նախկին խմբագիր Նեդա Սանիչը «Մի կործանման առեղծվածներ․ ի՞նչ է պատահել Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռին» վերնագրով բավական ծավալուն հոդված է հրապարակել BBC-ի կայքում, որտեղ ներկայացնում է Ռայիսիի ուղղաթիռի կործանման վերաբերյալ հայտնի մասնագետների տեսակետները, այդ թվում՝ օդաչու, պրոֆեսոր, Աֆրիկայում բարձրաստիճան պաշտոնյաների օդագնացության հատուկ գործողությունների կառավարիչ Նավիդ Ղադիրի Ընարաքի, «Վաշինգտոն» ինստիտուտի անվտանգության ու պաշտպանության հարցերի փորձագետ Ֆարզին Նադիմիի, ուղղաթիռի օդաչու, մարզիչ, օդագնացության դասախոս Ռայմոնդ Շումախերինը և այլոց։
Սանիչը հոդվածը եզրափակում է «Արդյո՞ք կործանումը միտումնավոր էր» ենթավերնագրով, որտեղ նշում է, որ ի սկզբանե կասկածներ են եղել վթարի միտումնավորության մասին։ Ոմանք Իսրայելին են մեղադրում խափանարար (դիվերսիոն) գործողության համար, ինչը վերջինս հերքել է։ Ոմանք էլ երկրի առաջնորդին փոխարինողի հարցում ներքին տարաձայնություններն են համարում գլխավոր պատճառը։ Նշյալ վարկածներից որևէ մեկի վերաբերյալ չենք կարող հստակ կարծիք հայտնել, քանի որ անհրաժեշտ փաստարկներ ու վկայություններ չկան․ դրանք լոկ ենթադրություններ ու կարծիքներ են։ Բայց և այնպես բազմաթիվ հարցեր ու կասկածներ կան, որոնք անպատասխան են մնալու մինչև նոր տեղեկությունների հրապարակումը։
Նման տեսակետ է հայտնում նաև շահեկան Իրանի ռազմական ուղղաթիռների նախկին օդաչու Մաասուդ Սադիղյանը, որն իր 20-ամյա փորձի ընթացքում աշխատել է նաև հենց վթարված «Bell-212» տիպի (ԱՄՆ) ուղղաթիռներով։ Նա կասկածներ է հայտնել նախագահի ուղղաթիռի հրկիզվելու ձևի առնչությամբ, շեշտելով ՝ կրակն այնքան ուժեղ է եղել, որ ուղևորները և մասնավորապես օդաչուները այրվել են գրեթե անճանաչելիորեն, մինչդեռ պատկերում չհրկիզված ճամպրուկներ կան, ուղղաթիռի որոշ հատվածներ էլ նույնիսկ չեն սևացել։ Նա նշել է նաև, որ չի կարելի լիովին ժխտել փոքր, վերահսկելի պայթյունն օդաչուների խցիկում, ինչը ուղղաթիռի ղեկավարումը նրանց համար անհնար է դարձրել։ Ապա հավելել է, որ օդաչուների այրվելն ու ուղղաթիռի պոչի հատվածի՝ մի քանի մետր հեռավորության վրա հայտնվելն օդաչուների խցիկում վերահսկելի պայթյունի ապացույց են։ Միաժամանակ Սադիղյանը շեշտել է, որ սա միայն ենթադրություն է, կարծիք, որն ապացուցելու համար կարիք ունի հավելյալ փաստերի ու փաստարկների։
Վթարի պատճառը ներքին տարաձայնություննե՞րն են եղել
Ինչ վերաբերում է ներքին տարաձայնություններին, դա հիմնականում արտերկրյա ընդդիմության վարկածն է, որը կապում են հաջորդ առաջնորդի ընտրության հետ։ Վերջին տարիներին, հաշվի առնելով երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմքի՝ հեղափոխության առաջնորդ 84-ամյա այաթոլա Ալի Խամենեիի առողջական վիճակը, հաջորդ առաջնորդի հարցը դարձել է օրակարգային, և շատ հաճախ, որպես թեկնածու, շոշափվում է առաջնորդի երկրորդ որդու՝ 54-ամյա հոջաթոլէսլամ Մոջթաբա Խամենեիի անունը, որը պետական որևէ պաշտոն գործադիր, դատական ու օրենսդիր իշխանություններում չի զբաղեցրել։ Սակայն նա եղել է առաջնորդի օգնականը, մեծ ազդեցություն ունի Հեղափոխության պահապանների գվարդիայում (այսուհետ՝ ՀՊԳ) ու այլ կառույցներում։ Արտերկրյա ընդդիմությունն ու նրանք, ովքեր առաջ են քաշում ներքին տարաձայնությունների վարկածը, Ռայիսիին ներկայացնում են որպես այդ հարցում Մոջթաբայի լուրջ մրցակցի և նրա «վերացումը» պայմանավորում են դրանով: Սակայն այս վարկածը թերևս ամենաանհավանականն է առկա վարկածներից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնց կանդրադառնանք ստորև։
Ռայիսիին առաջադրվել էր նաև 2017թ․ նախագահական ընտրություններում, որոնցում հաղթեց Հասան Ռոհանին։ Նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, թեև ՍՊԽ-ն ամեն ինչ արել էր նրա հաջողության համար։ Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, ՍՊԽ-ըն պահպանողական կողմնորոշում ունի, քանի որ դրա անդամների 50 տոկոսին ուղղակիորեն նշանակում է առաջնորդը, իսկ մյուս կեսին՝ անուղղակի, այն է՝ իր նշանակած դատական իշխանության ղեկավարի առաջարկությամբ ու խորհրդարանի հաստատմամբ։ Սակայն 2021թ․ նախագահական ընտրություններում ՍՊԽ-ին հաջողվեց առաջնորդի նախընտրելի թեկնածուի՝ Ռայիսիի, համար 100 տոկոսով ընտրվելու պայմաններ ստեղծել։ ՍՊԽ-ն բարդացրեց նախագահի թեկնածու դառնալու պայմանները՝ մեկնաբանելով Սահմանադրության 115-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ նախագահը պետք է ընտրվի քաղաքական ու կրոնական գործիչներից՝ ներքոհիշյալ հատկանիշներով․ լինի ծագումով իրանցի և Իրանի քաղաքացի, շրջահայաց, ունենա կառավարման ունակություններ (պատասխանատու), անբիծ կենսագրություն, բարեպաշտ և ազնիվ, Իրանի Իսլամական Հանրապետության և պաշտոնական կրոնի սկզբունքների հանդեպ հավատքով և լինի հավատարիմ։
ՍՊԽ-ն, մեկնաբանելով «քաղաքական ու կրոնական գործիչ, շրջահայաց և պատասխանատու» բառերը, մշակեց և հաստատեց 12 կետից բաղկացած օրենք, ընդ որում՝ դրանցից 2-րդն ունի 11 ենթակետ, և այն հանձնեց ՆԳ նախարարություն, որպեսզի սա նախագահի թեկնածուներին գրանցի նոր չափանիշներով՝ ըստ այդ օրենքի։ ՍՊԽ-ի քայլն արժանացավ բարենորոգիչների և բազմաթիվ իրավաբանների, ինչպեսև կառավարության բուռն քննադատություններին։ Ավելին․ վերջինս, նշելով, որ ՍՊԽ-ն օրենսդրական նախաձեռնության լիազորություն չունի, և ապօրինի համարելով այդ քայլը, ՆԳ նախարարությանը հրահանգել էր թեկնածուներին գրանցել՝ ըստ Սահմանադրությամբ նախատեսված պայմանների:
Նոր պայմանների առկայությամբ՝ բարենորոգչական թևի մի քանի կարևոր թեկնածուներ, որոնք լրջագույն մրցակից կլինեին Ռայիսիի համար, դուրս մնացին, քանի որ գրանցվելու դեպքում էլ ՍՊԽ-ն համապատասխանությունները որոշելիս առաջնորդվելու էր իր հաստատած օրենքով և մերժելու էր նրանց։ Այդ օրենքը քննադատությունների թիրախ էր դարձել ոչ միայն այն պատճառով, որ Սահմանադրությամբ ՍՊԽ-ի օրենսդրական նախաձեռնության գործառույթ նախատեսված չէ․ իրավաբանները շեշտում են, որ այդ օրենքի բովանդակությունը ևս ակնհայտ հակասահմանադրական է։
Հատկանշական է, որ, ըստ այդ մեկնաբանության, առաջին անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ստացան իգական սեռի ներկայացուցիչները։ Մինչդեռ, ՍՊԽ-ի նախկին մեկնաբանությամբ նրանք մասնակցելու իրավունքից զրկված էին․ թեև ՆԳ նախարարությունը գրանցում էր թեկնածությունները, սակայն ակնհայտ էր, որ նրանց համապատասխանությունը մերժվելու էր։ Նշյալ փոփոխությունների համաձայն՝ առաջին անգամ առաջադրվելու իրավունք են ստացել նաև զինվորակաները։
ՆԳ նախարարությունում որպես նախագահի թեկնածու գրանցվել էր 592 մարդ, ընդ որում՝ 40-ը իգական սեռի։ Խոսելով պահպանողական հոսանքի գրանցված թեկնածուների մասին՝ նշենք, որ որպես թեկնածու մասնակցության իրավունք ստանալով գրանցվել էին մի շարք գեներալներ, հիմնականում՝ հեղափոխության պահապան գվարդիայի անդամներ։ Բայց ո՛չ զինվորականները, ո՛չ էլ իգական սեռի ներկայացուցիչները «անցագիր» չստացան։ ՍՊԽ-ն հաստատել էր 7 թեկնածուի համապատասխանությունը, ընդ որում 5-ը՝ պահպանողական, մեկը՝ չափավորական, և մեկն էլ՝ բարենորոգչական հոսանքի ներկայացուցիչ։
Պահպանողական հոսանքի գլխավոր թեկնածուն՝ դատական իշխանության ղեկավար, Բանիմացների վեհաժողովի փոխնախագահ, մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի երկրորդ փոխնախագահ, 61-ամյա Սեյեդ Էբրահիմ Ռայիսի ալ Սադաթին էր։
ՍՊԽ-ի «անցագիր» չէր ստացել նաև չափավորական թևի գլխավոր թեկնածու, խորհրդարանի նախկին խոսնակ, հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին, թերևս՝ անհիմն պաճառաբանությամբ, ինչի համար նույնիսկ առաջնորդ այաթոլա Խամենեին էր դժգոհել՝ պահանջելով նրան գոհացնել։ Ըստ ամենայնի՝ դա պայմանավորված էր նրան, որպես Ռայիսիի հիմնական մրցակցի գնահատելով, մանավանդ բացառված չէր, որ բարենորոգիչները ևս կքվեարկեն հօգուտ նրա՝ իրենց ֆավորիտների բացակայության պայմաններում։ Լարիջանին, քննադատելով Ռայիսիի համախոհ Սաաիդ Ջալիլիին, նշել էր, որ նա ընդամենը պահպանողականների գլխավոր թեկնածուի «աջակիցը, օգնականն» է, որ կոչված է ծածկելու նրա թերությունները։ Իրականում էլ վերջին օրերին, հօգուտ Ռայիսիի, մրցապայքարից հեռացան հիշյալ հոսանքի կարևորությամբ երկրորդ տեղը զբաղեցնող Պահպանողականների միասնություն խորհրդի ներկայացրած Սաաիդ Ջալիլիին և նույն հայացքներով անկախ թեկնածու, նախկին պատգամավոր, այդ ժամանակ խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, այժմ՝ Թեհրանի քաղաքապետ Ալի Ռզա Զաքանին, իսկ մինչ այդ նման քայլի էր դիմել նաև Ղալիբաֆը։
ՍՊԽ-ի նման գործելակերպը, ինչն ուղղված էր Ռայիսիի՝ նախագահ դառնալն ապահովելուն, ընդդեմ ՍՊԽ-ի բուռն, սակայն անպտուղ պայքարի պատճառ դարձավ։ Բացի դրանից, Ռայիսիի լուրջ մրցակից կարող էր դառնալ Իմամ Խոմեյնիի թոռը՝ բարենորոգչական հայացքներով Հասան Խոմեյնին, որին մերժելը թերևս, ՍՊԽ-ի համար դժվար կլիներ։ Սակայն այս առնչությամբ նա հանդիպել էր հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեիի հետ, իսկ վերջինս նպատակահարմար չէր համարել «ներկա պայմաններում», որպես նախագահի թեկնածուի, նրա մասնակցությունը ։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջնորդի համաձայնությամբ ու ողջ պահպանողական թևի ջանքերով Ռայիսին երկրի նախագահ դարձավ, այլև վերջինիս նախագահության ողջ ընթացքում առաջնորդը նրա գործունեության մասին միայն դրական ու գովեստով էր խոսում, այն դեպքում, երբ նա ոչ միայն իր նախընտրական խոստումներ չէր կատարել, այլև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը զգալիորեն վատթարացել է թանկացումների ու Իրանի արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով, ինչի հետևանքով տարբեր խավեր բողոքի ալիք բարձրացրին։ Ավելին․ առաջնորդն անգամ հակադրվում էր նախագահին քննադատողներին, ինչն աննախադեպ էր։ Մյուս կողմից՝ Ռայիսին լիովին հավատարիմ էր առաջնորդին ու իսլամական համակարգին․ վերջինիս որևէ ակնարկ աննկատ չէր մնում, նա այն դարձնում էր կառավարության օրակարգ։ Սա՝ այն դեպքում, երբ նախորդ 4 նախագահների ու առաջնորդության միջև տարաձայնություններ են եղել, ինչի արդյունքում, կարելի է ասել, որ նրանք իրենց պաշտոնավարումն ավարտելուց հետո, դուրս են մղվել քաղաքական դաշտից։ Բացի այդ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում՝ որ առաջնորդի որդին առաջնորդ դառնալու ոչ բոլոր նախապայմաններն ունի, օրինակ՝ իշխանական որևէ թևում չի պաշտոնավարել, հետևաբար, չէր բացառվում, որ առաջնորդի թեկնածու դիտվեր Ռայիսին՝ որպես իսլամական համակարգին ու առաջնորդին հավատարիմ անձնավորություն՝ թերևս առաջնորդության համար ամենանպաստավոր թեկնածու։ Իսկ եթե, այնուամենայնիվ, Մոջթաբան թեկնածու դառնար, ամենայն հավանականությամբ, Ռայիսին, լինելով նախագահ, կնպաստեր նրա առաջնորդ դառնալուն։ Այլ կերպ ասած՝ ավելի շուտ Ռայիսիի չլինելը մեծ հարված է նրանց, որոնց մեղադրում են նրան վերացնելու համար։ Քանի որ եթե պետք լիներ նրան վերացնել, ապա շատ հանգիստ կարելի էր հաջորդ ընտրություններում խաղից դուրս թողնել։
Արտաքին ուժերի խափանարարության (դիվերսիայի) հավանականությունը
ԻԻՀ նախագահի ուղղաթիռի կործանման՝ օտարերկրյա ուժերի մասնակցությամբ պատճառավարկածը առավել քննարկվողներից է, ինչը, բնականաբար, վերագրվում է Իսրայելին, ակնարկվում է նաև Բաքվի աջակցության մասին, քանի որ դա կարող էր իրականացվել հենց այդ երկրի տարածքից։ Այս վարկածը երկրի ներսում պակաս է քննարկման առարկա դառնում, առավելապես քննարկվում է միջազգային ԶԼՄ-ներում, մասնավորապես օտարերկրյա պարսկալեզու բազում հեռուստաալքիներում ու այլ ԶԼՄ-ներում, և ոչ միայն։ Այսուհանդերձ, երբ դեռևս վթարի վայրը հայտնաբերված չէր, ՀՊԳ-ի (գաղտնի ծառայությունների) տեղեկատվության միավորի անդամ Ֆոադ Իզադին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հավանական է համարել վթարի բնակլիմայական պայմաններն ու տեխնիկական պատճառները։ Միաժամանակ նա կարևորել է վթարի այլ վարկածները, անուղղակի ակնարկել Իսրայելի գործոնը, նշելով, որ դրանք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն համապատասխան կառույցներում։ Ապա շեշտել է, որ ԻԻՀ-ի համար լուրջ խնդիրը Մոսսադի ներկայությունն է Ադրբեջանում, ինչի առիթով Թեհրանը, հարգելով հարևաներին, մշտապես ընդգծել է, որ չպետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն շրջանում, ինչը կհարվածի ԻԻՀ-ին։ Այնուհետև իրանյան որոշ ԶԼՄ-ներ ևս ակնարկել կամ ուղղակի անդրադարձել են այդ վարկածին։ Դեռևս մայիսի 23-ին այս վարկածը քննարկման առարկա են դարձրել առնվազն «Ջոմհուրի-ե էսլամի» (իսլամական հանրապետություն) և «Համ Միհան» (հայրենակից) օրաթերթերը։ «Ջումհուրի-ե էսլամին» «Անհոգությունն անթուլատրելի է» վերնագրով հոդվածում հնարավոր համարելով դավադրությունը, գրել է․ «Դավադրության վարկածն ընդգծող գործոներից է նախագահի և ուղեկիցների ուղղաթիռի վթարի վայրը։ Այն տեղի է ունեցել Ադրբեջանի հետ Իրանի սահմանամերձ տարածքում, որին մոտ սիոնիստական վարչակարգը տեղեկատվական, հաղորդակցական ու ռազմական սարքեր է տեղակայել, ինչը նրանց հնարավորություն է տալիս մեր երկրի սահմաններից ներս ցանկացած դավադրության համար։ Այն, որ Իրան վերադարձող երեք ուղղաթիռներից հենց նախագահինն է վթարի ենթարկվում ․․․․առավելապես մեծացնում է դավադրության հավանականությունը»։ Հոդվածի հեղինակը շարունակել է, որ նման վարկածի օգտին են խոսում նաև ոլորտի որոշ տեխնոլոգների տեսակետները, որոնք շեշտում են, որ ուղղաթիռը, նախքան բարձունքին բախվելը, օդում պայթել է, ինչի պատճառը կարող էր դրսից կամ ուղղաթիռի ներսից լինել։ Երկու դեպքում էլ հարցը բարդ է, խրթին և պետք է հետևողականորեն ուսումնասիրվի։ Հոդվածագիրը շեշտել է, որ Ռայիսիի ուղևորությունները կազմակերպող օղակում անվտանգության առումով լուրջ թերացումներ կան, չեն կարևորվել այդ գործոնները, թույլ է ԻԻՀ օդագնացության համակարգ, ինչպեսև ակնհայտորեն առկա են անկատարություններ նախագահի անվտանգությունը օտարերկրյա դավադրություններից ապահովելու հարցում։
Իսկ «Համ Միհան» օրաթերթը մայիսի 23-ի համարի «Շարունակվող անկատարություններ» խմբագրականում իշխանություններին քննադատել է ոչ ճիշտ ու անորոշ տեղեկություն ներկայացնելու և տեղի ունեցածի վերաբերյալ որևէ բացատրություն չներկայացնելու համար։ «Համ Միհանը» անորոշությունների թվին է դասել նաև թուրք լրագրողների՝ վթարի վայրից ռեպորտաժները, ինչպեսև՝ պաշտոնական ուժերի ավելի ուշ, քան տեղաբնակ մոտոցիկլետավարների՝ վթարի վայր հասնելը և այլն։
«ՄասաՖ» մշակույթի, արվեստի հետազոտական խոշոր կենտրոնի հիմնադիր տնօրեն, նորընտիր խորհրդարանի հայտնի դեմքերից նոր պահպանողական հայացքներով Ալի Աքբար Ռաուֆիփուրը օրերս «Խաբար-ե ֆորի» լրատվականին տված հարցազրույցում շեշտել է, որ նույն ուղղաթիռով ուղևորություն են կատարել երկրի առաջնորդը, խորհրդարանի խոսնակը ավելի քան 50 անգամ, այն սարքին և միանգամայն ապահով է եղել։ Նա նշել է, որ նման եզրակացության է հանգել՝ զրուցելով բանակի, ՀՊԳ-ի և քաղաքացիական օդաչուների ու մասնագետների հետ։ Նա հավելել է, որ օդաչուն էլ փորձառու և հմուտ է եղել, և ոչ բարենպաստ պայմաններում հազիվ թե թռիչքի դուրս գար, հետևաբար, հաշվի առնելով նաև այլ հանգմանքներ, վթարը խիստ կասկածելի է։ Նա շեշտը դրել է օտարերկրյա ահաբեկչության վրա՝ մեղադրելով Իսրայելին։ Ռաուֆիփուրը խիստ քննադատել է նաև Թուրքիային օգնության կանչելն ու Անկարայի՝ դրանից շոու սարքելը։ Նա ափսոսանք է հայնտնել կորստի համար, շեշտելով, որ ԻԻՀ-ն կորցրել է բարձորակ մասնագետների ու նվիրյալ հայրենասերների, հույս հայտնելով, որ անաչառ հանձնաժողովը կպարզի վթարի բուն պատճառը։
Դեռևս անորոշության պահերին, երբ ուղղաթիռը չէր հայտնաբերվել, Իսրայելի TV13-ը հայտարարել էր Իրանի նախագահի մահվան մասին, իսկ հաջորդ օրն այդ երկրի TV12 հեռուստաալիքը հայտարարել է․ «Իսրայելը, որևէ առնչություն չունի դեպքին»։ Ավելին, այդ երկրի բարձաստիճան մի պաշտոնյա «Ռոյթերս» գործակալությանը հայտնել էր, թե Իսրայելը որևէ առնչություն չունի Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետ, ինչի հետևանքով վերջինս ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները մահացել են։ Այդ պաշտոնյան, որը ցանկացել էր անհայտ մնալ, շեշտել էր․ «Մենք չէինք»։ Հատկանշական է, որ Իրանում Թել Ավիվի իրականացրած ահաբեկչական գործողությունների դեպքում այդ երկիրը սովորաբար ո՛չ հերքում է, ո՛չ էլ՝ հաստատում, անուղղկիորեն հաստատում են այդ երկրի և միջազգային ԶԼՄ-ները, թերևս նաև որոշ պաշտոնյաներ այն էլ՝ ոչ պաշտոնապես։
Ինչպես արդեն նշել ենք, ի սկզբանե Ռայիսիի ուղղաթիռի վթարի հարցում երեք վարկած է առաջ քաշվել։ Միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հարցերի փորձագետ Հոսեյն Աղային «Իրան ինտերնեյշնլ» (Iran International) հեռուստատեսությանը տված հարցազրույցում ևս վթարի հավանական վարկածները համարել է տեխնիկական անսարքությունը, եղանակի անբարենպաստ լինելը և խափանարարությունը ներքին կամ արտաքին ուժերի կողմից։ Աղային, պատասխանելով հարցին, թե ո՞ր ուժերը կարող էին նման քայլի դիմել, ընդգծել է, որ «եթե ոչ միայն, ապա մեծ հավանականությամբ՝ Իսրայելը, սակայն Թեհրանը երբեք դա չի խոստովանի»։ Նա հավելել է, թե դրա համար առկա են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ Թեհրանը բնավ չի ցանկանում ուղղակիորեն ներքաշվել Իսրայել-Պաղեստին պատերազմում, մինչդեռ Թել Ավիվը ջանք չի խնայում այդ ուղղությամբ։ Դա են վկայում Սիրիայում ԻԻՀ-ի հյուպատոսարանը թիրախ դարձնելն ու իրանցի գեներալների ոչնչացումը։ Սակայն, ԱՄՆ-ի բուռն ջանքերով, կողմերը բավարարվեցին՝ թշնամուն խոցելու իրենց հնարավորությունները ցուցադրելով։ Հետևաբար, այդ վարկածի դեպքում բացառված չէ նաև, որ Իսրայելն նման քայլով ի ցույց է դրել այդ երկրում իր ներթափանցման բարձր աստիճանը, ինչը նաև մեսիջ է Թեհրանին՝ Միջին Արևելքում իրանամետ ուժերինն սանձելու համար։ Իսկ եթե Իրանը պատասխան քայլի դիմեր, երբ Իսրայելը հայտարարել է, թե ինքը կապ չունի ուղղաթիռի վթարի հետ, ապա ԱՄՆ-ը կներքաշվեր պատերազմում։ Թեև Իրանում արտաքին ու ներքին քաղաքականության գլխավոր ուղղություները որոշում է առաջնորդը, բայց և այնպես նախագահը ևս իր դիրքորոշումն ու դերակատարությունն ունի այդ ոլորտում։ Իսկ Ռայիսիի դիրքորոշումը խիստ հակաիսրայելական էր, այլ կերպ ասած՝ նրա, որպես անհատի, չգոյությունը ցանկալի կլիներ Թել Ավիվի համար։ Ավելին, որոշ վերլուծաբաններ նշում են՝ բացառված չէր, որ Իրանի ԱԳ նախարարը լիներ ահաբեկչական գործողության թիրախը, հաշվի առնելով Հոսեյն Ամիրաբդոլահյանի սերտ հարաբերությունները միջինարևելյան իրանամետ ուժերի հետ, որոնք մասնակցում են Իսրայելի դեմ միջնորդավորված պատերազմին։
Վերլուծաբաններից ոմանք էլ Իսրայելի ու Բաքվի հանդեպ Ռայիսիի ուղղաթիռի վթարի առնչությամբ կասկածանքը պայմանավորում են Ադրբեջանում Մոսսադի գործունեությամբ, այդ թվում՝ Ամերիկայի ձայն(VOA Farsi) ռադիոհեռուստատեսության թղթակիցը։ Վերջինս հայտնել է, որ Իրանի նախագահի ուղևորությունից մեկ շաբաթ առաջ իսրայելյան «Իսրայել Հեյում» (Israel Hayom) օրաթերթը հրապարակել է մի թղթակցություն, որտեղ նոր մանրամասներ է ներկայացվել 2018թ․ հունվարին ԻԻՀ-ի միջուկային գաղտնի փաստաթղթերի գողության վերաբերյալ։ Իսրայել Հեյումիի թղթակիցը գողության թեմայով «Նպատակը Թեհրան 1» գրքի հեղինակների հետ հարցազրույց է ունեցել, որտեղ նրանք նշում են, որ Թեհրանի Շուրաբադ արվարձանից տոննnաներով փաստաթղթերը, ֆիլմերն ու խտասկավառակները Մոսսադի 24 գործակալ 6 ժամվա ընթացքում գողացել և բեռնատար մեքենայով տեղափոխել են Ադրբեջան, իսկ այնտեղից՝ օդանավով Իսրայել, ինչը վկայում է Թել Ավիվ-Բաքու բազմակողմանի ու սերտ համագործակցության մասին։ Կարելի է ենթադրել, որ դա պատահական չի եղել: Իսրայելը, ըստ երևույթին, հիշեցրել է, որ Ադրբեջանը իրականում ում «եղբայրն է», մանավանդ որ հիշյալ հրապարակման մեջ որևէ նորություն չկար․ տարբեր առիթներով այդ մասին տարբեր ԶԼՄ-ներ էին գրել։ Կողոպուտի մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է նույն թվականի ապրիլին մամուլի ասուլիսում, իսկ շատ մանրամասներ հետագայում են հրապարակվել տարբեր ԶԼՄ-ներում։
VOA Farsi-ը Մոսսադի և Բաքվի համագործակցության մասին հարցազրույց է ունեցել վերլուծաբան Ռեզա Թալեբի հետ։ Վերջինս անդրադարձել է 30 տարվա ընթացքում Իսրայել-Ադրբեջան բազմակողմանի սերտ փոխհարբերությունների ձևավորմանը, այդ թվում՝ ռազմական ու անվտանգության ոլորտներում։ Նա նշել է, որ Իսրայելը շուրջ 1,6 միլիարդ դոլար արժողությամբ զենք-զինամթերք է Բաքվին տրամադրել անհատույց, ինչը դերակատար է եղել Հայաստանի դեմ Բաքվի պատերազմում, իսկ հետագայում Բաքուն գրեթե նույն չափով գնել է համաձայնագրով։ Թալիբին ընդգծել է՝ դեռևս 2012թ․ ամերիկյան Foreign Policy պարբերականը գրել էր, թե Բաքուն մի քանի ռազմական օդանավակայն է տրամադրել իսրայելյան ուժերին։ Այն նաև հղում է արել Բաքվում ԱՄՆ դեսպանի տեղակալին, ով նշել է՝ Ալիևը նրան հայտնել է, որ Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունները շատ ավելի սերտ ու խոր են․ այն, ինչ երևում է, այսբերգի ընդամենը 1/10-ն է։ Թալեբին նշել է նաև, որ երկու երկրների փոխհարաբերությունների սերտացմանը նպաստել են նաև Ադրբեջանում ապրող 15 հազար և այդտեղից Իսրայել ներգաղթած 80 հազար հրեաները։
Այս առնչությամբ հատկանշական են Իսրայելի ԱԳ նախարարության պարսկերեն կայքի գլխավոր խմբագիր Մենշե Ամիրի տեսակետները։ Նշենք, որ նա իրանցի հրեա լրագրող է, որը լրագրությունը սկսել է դեռևս Իրանում։ Նա ծնվել է 1940թ․, Թեհրանում։ Ապա ուսումնառության նպատակով մեկնել է Իսրայել, սովորել քաղաքագիտություն, 50 տարի աշխատել է Իսրայելի ռադիոյի պարսկերեն ծառայությունում, եղել է նաև հիշյալ ծառայության տնօրենը։
Նա, ԻԻՀ նախագահի ուղղաթիռի վթարի առիթով, բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային ԶԼՄ-ներին, մասնավորապես՝ օտարերկյա պարսկալեզու հեղինակավոր հեռուստալիքներին, ինչպես օրինակ՝ BBC-ի տարբեր ծրագրերին, Iran International-ին, «Ամերիկայի ձայնին» և տարբեր կայքերի, որոնց ընթացքում չի բացառել Իսրայելի հնարավոր մասնակցությունը վթարին։ Մայիսի 29-ին նա Iran International հեռուստաալիքի «Տեսադաշտ» վերլուծական ծրագրի հյուրերից էր։ Նախքան Ամիրի տեսակետներին անդրադառնալը, նշենք, որ ծրագրի առաջին մասի հյուրն էր ֆինլանդաբնակ հետաքննող լրագրող, վերլուծաբան Քամբիզ Ղաֆուրին։ Նա շեշտում է, որ եթե հարցը վերաբերում է հավանական դիվերսիային՝ ներքին թե արտաքին ուժերին, ապա ինքը պնդում է, որ արտաքին գործոնը առավել հավանական է, Մոջթաբայի դեպքում՝ անտրամաբանական։ Նա նշում է, որ Մոսսադը բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է իրականացրել տարբեր երկրներում, ունի նաև «Սամսոն» անվամբ հայեցակարգ, որի համաձայն՝ եթե Իսրայելի կենսական շահերը վտանգվում են, նրա ամեն գործողություն ցանկացած վայրում թույլատրելի է։ Տվյալ դեպքում, Ղաֆուրիի կարծիքով, Իրանի հրթիռային հարձակումը այդպիսին է գնահատվել, ուստի Մոսսադը նման քայլի կգնար, որով միաժամանակ նաև կնախազգուշացներ առաջնորդին՝ այաթոլա Խամենեիին, սակայն երբեք և որևէ պարագայում դրա պատասխանատվությունը չի ստանձնի և չի խոստովանի։ Իսկ Մենշե Ամիրը նշել է, որ, Ռայիսիի ուղղաթիռի անհետանալու լուրը հրապարակվելուց հետո, նա, 4 ժամ ոլորտի տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով, հանգել է այն երզակացության, որ վթարը կարող էր տեղի ունենալ 6 վարկածով ․ ա) տեխնիկական անսարքություն, բ) Մոսսադը, գ) վարչակարգի հակառակորդների վրեժխնդրություն, դ) տարբեր առիթներով հարազատներին կորցրածների վրեժխնդրություն, ե) ընդդեմ Ռայիսիի ներքին մրցակցություն, է) Մոջթաբա Խամենեի զ) այաթոլա Խամենեի։ Նրա կարծիքով՝ տեխնիկական վարկածի հավանականությունը 49 տոկոս է։ Սակայն Մոսսադի դեպքում հարցը բարդ է համարում։ Միաժամանակ Ամիրը նշել է, որ թեև կարող է բազմաթիվ փաստեր ներկայացնել և ասել, թե Մոսսադի գործն է, բայց և այնպես չի կարող ստույգ ասել, թե 50 տոկոսով Մոսսադն է արել։ Ապա հավելել է, որ վերջինս մարտավարական ու ռազմավարական նպատակներ և լուրջ շահեր ունի նման քայլի դիմելու համար․ առաջին հերթին Իսրայելի թշնամիներին վերացնելն է, իսկ Ռայիսին նրանցից մեկն էր։ Հաղորդավարի այն հարցին, թե այս դեպքում ռիսկը անչափ մեծ չէ՞ր Նաթանյահուի համար, արդյո՞ք նա կհամաձայներ, Ամիրը պատասխանել է՝ հաստատ, սա հնարավորություն էր, որը չպետք է բաց թողներ։ Քանի որ Իսրայելը տարածաշրջանային, ռազմական և քաղաքական շատ լուրջ շահեր ունի այդ թշնամուն վերացնելու, բայց դա չի նշանակում, թե անկասկած, Իսրայելի ձեռքի գործն է։ Մյուս կողմից՝ նա համոզված է, որ Իրանը երբեք դա չի խոստովանի, նույնպես էլ բացառված է, որ Իսրայելը կխոստովանի։ Ամիրը որպես օրինակ է նշել, որ Իսրայելը Սիրիայում Իրանի ուժերի դեմ շուրջ 1650 օդային գրոհ է իրականացրել, վերացրել էՀՊԳ-ի ավելի քան 100 հրամանատարի, մինչդեռ միայն երկու երեք դեպքում է Իրանը բարձրաձայնել։
Բայց և այնպես բացառված չէ նաև, որ ԻԻՀ նախագահի ուղղաթիռի վթարի բուն պատճառը երբեք էլ չբացահայտվի, մնա առեղծված․ այդպիսի բազում օրինակներ կան պատմության մեջ։
Հետազոտոթյան 2-րդ՝ նախագահի արտահերթ ընտրությունների մասը՝ հաջորդիվ
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)