Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ էր առանց Civic.am-ի լրագրողին դաստիարակչական ապտակ տալու ավարտվել պատմությունը, ո՛չ, չէր կարող. փաստաբան

Հունիս 27,2024 16:01

ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնականի՝ Արթուր Սուքոյանի գործով դատական նիստին այսօր պաշտպանական թիմը հայտարարեց, որ առանց ապացույցների հետազոտման քրեական վարույթը կարճելու ու Սուքոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր են առկա գործում: Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը ներկայացրեց նաեւ համապատասխան միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանը 2024 թվականի մայիսի մեկից անազատության մեջ է, Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ տեղի ունեցած վեճի արդյունքում նրան հարվածելու համար:

Կոչուբաեւը հիշեցրեց, որ դեռ գործի մինչդատական վարույթի ամենասկզբից հայտարարել են, որ Սուքոյանի հետապնդումը բնույթով քաղաքական է, ապա հրապարակեց փաստաթուղթ, որը, ըստ նրա, ուղիղ առնչություն ունի մեղադրանքի հետ. «Այս փաստաթղթի անունն է ՀՀ Սահմանադրություն: Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը ունի սահմանադրական հիմունքի կարգավիճակ: Մեր պետության հիմնասյուներից մեկը հենց Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է… ըստ պաշտոնական տվյալների՝ բնակչության 96 տոկոսի դավանանքը քրիստոնեությունն է, 4 տոկոս են կազմում աղանդներն ու աթեիստները: Նման վիճակագրություն ունեցող պետության մեջ եկեղեցուն հայհոյելը, եկեղեցականին վարկաբեկելը հանցագործության պրովոկացիա է: ՄԻԵԴ-ը տասնյակ վճիռներ ունի հավատքի հետ կապված ու մի շարք նախադեպեր, որոնք առնչություն ունեն հանցագործության պրովոկացիայի հետ: Այս գործի պարագայում ակնհայտ է ծայրահեղ անհարժեշտության վիճակը, այսինքն՝ Սուքոյանը գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, ինչը նաեւ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք է»:

Ըստ փաստաբանի՝ հաշվի առնելով վերջին 5-6 տարում Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը, Սուքոյանին պատժում են նրա համար, որ վերջինս ու նրա ընկերները, հասարակությունը երբեւէ գլուխ չբարձրացնեն ու եկեղեցու շահը չպաշտպանեն. «Քրեական օրենսգրքի 36 հոդվածի առաջին մասը սահմանում է, որ հանցագործություն չի համարվում, այսինքն՝ քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է հասցրել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում: Այսինքն՝ տվյալ անձի առողջությունը իրավունքներին վնաս է պատճառել հասարակության կամ պետության օրինական շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար: Եթե տվյալ իրադրությունում վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով ու թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում: Իսկ տվյալ իրադրությունում կարո՞ղ էր առանց դաստիարակչական ապտակի ավարտվել պատմությունը, ո՛չ, չէր կարող որովհետեւ մինչեւ բուն ապտակը Սուքոյանը սթափության կոչ է արել Լեւոնյանին, կոչ է արել այլեւս չհայհոյել եկեղեցուն, եկեղեցական պաշտոնյաներին ու քրիստոնեական արժեքներին: Դրանից հետո Լեւոնյանը շարունակել է իր հակաիրավական ներգործությունը, հանցանքի կատարման պրովոկացիայի գործողությունը, ապա այստեղ տվյալ իրադրությունում չէր կարելի իրավիճակը հարթել այլ կերպ, քան նրան վնաս պատճառելու միջոցով»:

Ավարտելով միջնորդության հիմքերի ներկայացումը՝ Կոչուբաեւը խնդրեց դատարանին առանց ապացույցների հետազոտման, վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցնել Սուքոյանի նկատմամբ:

Տուժող Դավիթ Լեւոնյանը առարկեց միջնորդությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930