Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կամքն է հետևողական և անհոգնել գնալ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով. Փաշինյան

Հունիս 27,2024 15:57

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական բյուջեից  միջոցներ հատկացնել 2024 թ. հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս առկա է 69 հաստիք։  Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված՝ հանրային պաշտպանների հաստիքների քանակը 2022 թ. պետական բյուջեի լրացուցիչ միջոցների հաշվին 10 միավորով ավելացվել է, և դրանով որոշ չափով մեղմվել է նրանց ծանրաբեռնվածությունը: Այնուամենայնիվ, ըստ փոխնախարարի,  հանրային պաշտպանների գործերի քանակը շարունակաբար աճում է. «2023 թ. Հանրային  պաշտպանի գրասենյակի կողմից վարած քրեական գործերի քանակը աճել է մոտ 40 տոկոսով։ 2023 թ. գրասենյակը վարել է 4400 ավելի գործ, քան նախորդ տարի։ Քրեական գործերը վարող մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 քրեական վարույթ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա ժամանակահատվածի ցուցանիշից, օրինակ՝ քննիչի ծանրաբեռնվածությունը մոտավորապես սրա կեսն է»:

Նախարարի տեղակալը նշել է, որ գրասենյակի գործերի աճը պայմանավորված է մի շարք գործառույթներով, այդ թվում՝ քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթներով որոշակի գործողություններին պաշտպանի պարտադիր ներգրավման անհրաժեշտությամբ, վարույթն իրականացնող մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթների քանակի աճով, անվճար իրավաբանական օգնություն ստացող սուբյեկտների շրջանակի ընդլայնմամբ, ԼՂ-ից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված փախստականների իրավական խնդիրների աջակցության անհրաժեշտությամբ, գրասենյակի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության և հանրային վստահության մակարդակի աճով: «Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի Հայաստանում անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի արդյունավետության ամրապնդման, մատուցվող ծառայությունների որակային չափանիշների բարելավման և Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնության անխափան տրամադրումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Փոխնախարարը նշել է նաև,  որ այս տարի նախատեսվում է 70 մլն 500 հազար դրամ գումարի հատկացում, որից շուրջ 10 մլն դրամը կհատկացվի Արդարադատության նախարարության խնայողություններից, մնացածը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ 2025 թ.-ից սկսած՝ անվճար իրավաբանական օգնության ոլորտին տարեկան կհատկացվեն 141 մլն դրամ լրացուցիչ միջոցներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշում ու նշել. «Սա այն որոշումներից է, որն ի ցույց է դնում արդար դատաքննության իրավունքին քաղաքացիների հասանելիությունն ապահովելու կառավարության կամքը: Մենք, իհարկե, սա դիտում ենք ընդհանուր առմամբ արդարադատության ոլորտի բարեփոխումների և դատական համակարգի բարեփոխումների համատեքստում: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող իր բանաձևում բարձր է գնահատել նաև դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը: Իհարկե, նաև նշել է մի շարք մարտահրավերների մասին, և դրանց մասին մենք նույնպես գիտենք: Ընդհանուր առմամբ, մեր կամքն է, որպեսզի հետևողական և անհոգնել գնանք ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով: Կարծում եմ՝ նաև անկախությունը և արդար դատաքննության հասանելիության իրավունքի հասանելիությունն ապահովելու իմաստով հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է: Մենք սրա հետ կապված ունենք պատկերացումներ, և դրանք հետևողականորեն կյանքի ենք կոչելու: Դատական համակարգի անկախության հետ կապված մեր մարտահրավերը 2018 թ.-ից եղել  և շարունակում է մնալ նույնը, և մենք պետք է կենտրոնացած մնանք այդ մարտահրավերի վրա: Որո՞նք են այդ մարտահրավերները: Մենք ասում ենք՝ մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլև՝ հնարավոր այլ տեղերից, որից սովորաբար ունենում են կախվածություն կամ ավանդաբար ունեցել են: Այս առումով, իհարկե, դատական համակարգում նույնպես հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարևոր է մեզ համար: Բայց այստեղ, կրկնում եմ՝ մենք պետք է ի վերջո արձանագրենք, որ 1, 2, նույնիսկ 3, 4 քայլերով մեր նպատակին չենք հասնի, որովհետև 4-ից հետո պետք է 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ քայլերը: Եվ ընդհանրապես,  իմ համոզմունքը նաև այն է, որ որպես կանոն, բարեփոխումները պետք է երբեք չդադարեն, որովհետև կյանքն ամեն օր փոխվում է և իր հետ բերում  նոր չափանիշներ, նոր պահանջներ, նոր ձգտումներ: Եվ, իհարկե, մենք պետք է հետևողականորեն բարեփոխումները քայլ-քայլ կատարենք, որպեսզի ի վերջո Հայաստանում ձևավորվի հանրային և լայն ընկալում, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգն իրոք անկախ է, և կարելի է անվերապահորեն և միանշանակ վստահել այդ համակարգի կայացրած որոշումներին, վճիռներին, դատավճիռներին»:

Կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ կհատկացնի 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը և  Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգմանը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզ գույքով ապահովելուն: Մանկապարտեզների համար պետք է ձեռք բերվի շուրջ 122 անուն գույք, ինչի նպատակով ՀՀ մարզպետարանների կողմից արդեն իսկ մեկնարկել են գնման հայտերի մշակման աշխատանքները։ Որոշմամբ գումար կհատկացվի  նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման համար։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: «500 մանկապարտեզների ծրագիրը ոչ միայն շինարարության մասին է, այլև այդ շենքերն ամբողջությամբ նոր գույքով հագեցնելու: Արդեն իսկ այս պահին 2023-ի ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտվել են: Այս պահի դրությամբ ավարտված հաստատությունների թիվն ավելի մեծ է՝ 159 հաստատություն, և հիմա էլ արդեն ՏԿԵՆ գործընկերների հետ աշխատանքների արդյունքում առանձնացրել ենք այն մանկապարտեզների ցանկը, որտեղ շինարարությունն ավարտվում է, սակայն գույքով ապահովման խնդիր կա: Նման 93 մանկապարտեզ է առանձնացված, որից 5-ը Արագածոտնում, 4-ը՝ Արարատում, 28-ը՝ Արմավիրում, 2-ը Գեղարքունիքում, 14-ը՝ Լոռիում, 10-ը՝ Կոտայքում, 20-ը՝ Շիրակում, 3-ը՝ Սյունիքում, 7-ը՝ Տավուշում: Այդ մանկապարտեզները կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել են տարբեր ծրագրերով, որից 74-ը՝ սուբվենցիոն», – ասել է նախարարը՝ հավելելով, որ 93 մանկապարտեզից նորակառույց է 25-ը, վերակառուցված՝ 14-ը, հիմնանորոգված՝ 54-ը:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում կսկսեն իրենց գործունեությունը:

Այդ մանկապարտեզներ են. Արագածոտնի մարզ՝ Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ,  Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ, Արագածի Գուսան Աշխույժի անվան մանկապարտեզ, Ալագյազ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ,  Արարատի մարզ՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 3   և թիվ 1 մսուր մանկապարտեզներ,  Դաշտավան գյուղի մանկապարտեզ, Արարատ համայնքի Ավշար գյուղի մանկապարտեզ, Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզ, Ջրառատ գյուղի մանկապարտեզ, Մեծամոր գյուղի մանկապարտեզ, Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի  մանկապարտեզ, Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ, Արաքս գյուղի մանկապարտեզ, Մեծամոր համայնքի Ջանֆիդա գյուղի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ, Զարթոնք գյուղի մանկապարտեզ, Արևիկ գյուղի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Ոսկեհատ»  և ի թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզներ, Արաքս համայնքի Գայ գյուղի մանկապարտեզ, Արաքս գյուղի մանկապարտեզ, Առատաշեն գյուղի մանկապարտեզ, Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի մանկապարտեզ, Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ, Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ, Խանջյան գյուղի մանկապարտեզ, Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ, Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2 և թիվ 3 մսուր մանկապարտեզներ, Տարոնիկ գյուղի մանկապարտեզ, Տանձուտ գյուղի մանկապարտեզ, Վաղարշապատ համայնքի թիվ 4 «Ձնծաղիկ» և ի թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզներ, Խոյ համայնքի Հայթաղ գյուղի մանկապարտեզ, Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի  մանկապարտեզ, Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ, Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ,  Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի մանկապարտեզ, Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ, Շնող գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզի Քարկոփի մասնաճյուղ, Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ, Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ, Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ, Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ, Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ, Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզ, Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ, Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ, Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի մանկապարտեզ, Սվերդլով գյուղի մանկապարտեզ,  Ագարակ գյուղի մանկապարտեզ, Կոտայքի մարզ՝ Հրազդան համայնքի թիվ 6,  թիվ 8, թիվ 11 մանկապարտեզներ, Աբովյան համայնքի Արամուս գյուղի մանկապարտեզ, Բալահովիտ գյուղի մանկապարտեզ, Նաիրի համայնքի Արագյուղ գյուղի մանկապարտեզ, Նաիրի համայնքի Բուժական գյուղի մանկապարտեզ,  Պռոշյանի թիվ 1 մսուր մանկապարտեզ,  Զովունի բնակավայրի մանկապարտեզ, Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզ,  Շիրակի մարզ՝ Արթիկ համայնքի Արթիկի թիվ 1 մանկապարտեզ, Լեռնակերտ գյուղի մանկապարտեզ, Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզ, Ախուրիկ գյուղի մսուր-մանկապարտեզ,  Շիրակ գյուղի մանկապարտեզ, Գյումրի համայնքի «Սուրբ Մարիամ» մսուր-մանկապարտեզ,  Ջրառատ գյուղի մանկապարտեզ, Կառնուտ գյուղի մանկապարտեզ,   Բայանդուր գյուղի մանկապարտեզ, Մարմաշեն գյուղի Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզ,  Քեթի գյուղի մանկապարտեզ, Հացիկ գյուղի մանկապարտեզ, Լեռնուտ գյուղի մանկապարտեզ, Ախուրյան համայնքի Ջաջուռավան գյուղի մանկապարտեզ, Գյումրի համայնքի «Զանգակ» մսուր-մանկապարտեզ, Արթիկ համայնքի Արթիկի թիվ 3 մանկապարտեզ, Արթիկի թիվ 4 մանկապարտեզ, Հոռոմ գյուղի մանկապարտեզ,  Նոր Կյանք գյուղի մանկապարտեզ, Փանիկ գյուղի մանկապարտեզ, Սյունիքի մարզ՝ Ագարակի մանկապարտեզի Ալվանք գյուղի մասնաճյուղ, Կապան քաղաքի թիվ 2 և թիվ 1 մանկապարտեզներ, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան գյուղի մանկապարտեզ, Հաղթանակ գյուղի մանկապարտեզ        , Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան գյուղի մանկապարտեզ, Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի մանկապարտեզ, Այգեձոր գյուղի մանկապարտեզ,  Խաշթառակ գյուղի մանկապարտեզ:

Վարչապետը հիշեցրել է.  «Այս բոլոր մանկապարտեզների 95 և ավելի տոկոսը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով: Ուզում եմ հիշեցնել նաև, որ սուբվենցիոն ծրագրերում կառավարության մասնաբաժինը մանկապարտեզների մասով առնվազն 70 տոկոս է, տեղ-տեղ նաև՝ մինչև 85 տոկոս»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է իրականացվող գործընթացում որակի  ապահովման անհրաժեշտությունը և տեղեկացրել, որ այցելելու է այդ մանկապարտեզներ՝ հասկանալու, թե ինչ գույք է ձեռք բերվել: «Սրանով ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ երիտասարդ մայրիկներն աշխատելու, տնտեսական և հանրային կյանքին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն ունենան, և այս առումով 500 մանկապարտեզի ծրագիրն էական է»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ խորհրդակցություններից մեկի շրջանակում արձանագրվել է, որ 500 մանկապարտեզների ծրագիրը պակաս խնդիրներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցների ծրագիրը:

 

Կապահովվի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը

 

Գործադիրն ընդունել է որոշում, որվ նախատեսվում է ապահովել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը:

Որոշմամբ առաջարկվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 60,000 հազար դրամ,   Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 70,196 հազար դրամ, Սյունիքին՝ 248,094.4 հազար դրամ, Տավուշին՝ 68,116.7 հազար դրամ: Ընդհանուր գումարի չափը կազմում է 446,407.1 հազար դրամ: Մասնավորապես՝ նախատեսվում է գույք ձեռք բերել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մշակույթի տների համար: Կիրականացվեն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքներ, Սիսիան համայնքի  շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ, նախատեսվում է նաև Սիսիան համայնքի կարիքների համար աղբատար մեքենայի ձեռքերում: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում կբարեկարգվի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը:

Արագածոտնի մարզի Թալին համայնքում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում: Ընթացիկ տարում Թալին համայնքի բնակավայրերում նախատեսվում է իրականացնել 70 մլն դրամի գազամատակարարման աշխատանքներ և 280 մլն դրամի՝ խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը այս տարվանից նախատեսվում է  իրականացնել էլեկտրոնային եղանակով

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները: Կառավարության նիստում վարչապետը ներկայացրել է այս հարցերը, որոնց  անդրադարձել է ԿԳՄՍ նախարարը. «Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա նշեմ՝ այն, որ թեստերը պետք է համապատասխանեն տվյալ առարկայի առարկայական ծրագրին, դա միանշանակ սկզբունք և պահանջ է և դա հատուկ ստուգվում է թեստերի մշակման ընթացքում, որպեսզի թեստերի ամբողջ բովանդակությունն առարկայի ծրագրի շրջանակներում լինի: Եվ այս իմաստով նաև որևէ խնդիր այս ընթացքում մենք չենք արձանագրել: Մենք արձանագրել ենք խնդիրներ, երբ ուսուցիչները առարկայի ծրագրին բավարար ծանոթ չեն և իրենց թվում է, որ որոշակի հարցեր դուրս են այդ ծրագրից: Սա հիմնականում առաջ է գալիս այն պատճառով, որ մեր ուսուցիչների մի մասն առնվազն դեռևս առարկայի ծրագիրը և դասագիրքը հիմնականում նույնականացնում է: Մենք պետք է հասկանանք, որ դասագիրքը առարկայի ուսուցանման ընդամենը գործիքներից մեկն է, և առարկայի ուսուցանումը պահանջում է ավելի լայն ծրագրի իմացություն, որը հաստատված է նախարարի հրամանով և հրապարակված է և յուրաքանչյուր ուսուցչի համար պահանջ է տվյալ առարկայի ծրագիրն ամբողջությամբ իմանալն ու տիրապետելը: Նման թյուրիմացություններ և թյուրընկալումներ ունենում ենք: Լինում է նաև, որ օրինակ, մի առարկայից երկու դասագիրք կա հաստատված և ուսուցիչը ծանոթ է միայն մի դասագրքին և իրեն թվում է, որ մյուս դասագրքի բովանդակությունն առարկայի բովանդակությունից դուրս մի բան է: Այդ խնդիրը շարունակաբար լուծում ենք նաև ուսուցիչների իրազեկման բարձրացման և վերապատրաստումների միջոցով: Այնպես, որ նման խնդիր ուղղակի չի կարող լինել: Ավելին ասեմ՝ մենք ատեստավորումից հետո ունենք բողոքարկման գործընթաց, ուսուցիչներն ունեն հնարավորություն, եթե անհամաձայնություն են արդյունքների հետ, դիմել բողոքարկել: Իրենց մանրամասն պատասխաններ են տրվում, մասնագիտական հանձնաժողով է աշխատում: Շատ դեպքերում, եթե պատասխանը շատ ոչ միանշանակ է եղել, միանշանակ դա հօգուտ ուսուցչի է մեկնաբանվում, և պետք է ասեմ, որ Ձեզ դիմած ուսուցիչը, քանի որ անգլերենի ուսուցիչ էր, անգլերենի ուղղությամբ կամավոր ատեստավորմամբ մենք նախորդ տարի ունեցել ենք 368 ուսուցիչ, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը: Նրանցից 230 ուսուցիչ հաղթահարել է շեմը, բողոքարկման արդյունքում այս թիվը դարձել է 264: Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնց բարձրացրած հարցադրումները եղել են օբյեկտիվ, նրանց գնահատականները բարձրացվել են: Ի դեպ՝ այդպես է եղել նաև Ձեզ դիմած ուսուցչի պարագայում, որը նույնպես բողոքարկման արդյունքում միավորների բարձրացում է ունեցել, բայց, այնուամենայնիվ, ոչ բավարար շեմը հաղթահարելու համար: Այսինքն՝ սա մի շարունակական պրոցես է, որ անընդհատ թեստերը բարելավում ենք, բայց առարկայի ծրագրի  համապատասխանության խնդիր չունենք:

 Ժամանակի հետ կապված՝ տրվում է 180 րոպե ատեստավորման համար, և երբ ուսուցիչները հարց են բարձրացնում, որ իրենց ժամանակը չի բավարարում, ապա մենք տեղերում ճկուն ենք և միանգամից նաև լրացուցիչ ժամանակ ենք տրամադրում իրենց աշխատանքն ավարտելու: Այստեղ մի կարևոր խնդիր կա, որ այս տարի կլուծենք, դա այն է, որ ատեստավորումը մինչ այժմ իրականացվել է թղթային տարբերակով,  և ուսուցիչները բավական ժամանակ են ծախսել, որպեսզի պատասխաններն անցկացնեն ձևաթղթի վրա, ինչը, բնականաբար, նրանցից ժամանակ է խլում: Մենք այս տարվանից էլեկտրոնային ենք անելու ամբողջ գործընթացը, որպեսզի այդ տեխնիկական վրիպակներից խուսափենք: Այս տարի կամավոր ատեստավորումը պլանավորել ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով, և սա նաև լրացուցիչ ժամանակ կտա մեր ուսուցիչներին: 

Ինչ վերաբերում է ցածր դրույքաչափով, նկատի ունեմ՝ քիչ ծանրաբեռնվածությամբ վճարվող ուսուցիչների հանդեպ նույն պահանջը կիրառելուն, սա սկզբունքային հարց է, որովհետև այստեղ ոչ թե ուսուցիչն է, այլ երեխան է: Երեխային տրամադրվող կրթությունը պետք է լինի նույն որակի և ստանդարտի՝ անկախ նրանից, թե որ դպրոցն է նա հաճախում և իր ուսուցիչը քանի ժամ է մտնում դպրոց: Ու կարծում եմ, որ այստեղ մեր ուսուցիչներն էլ պետք է փոխեն իրենց դիտանկյունը և հիշեն, որ իրականում խոսում են երեխաների կրթության որակի մասին»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում առկա հարցերը հասկանալու առումով  կառավարությունը պետք է անընդհատ հաղորդակցության մեջ լինի ուսուցիչների և մանկավարժական հանրության հետ: Վարչապետն ընդգծել է  երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև՝ մարզերում հաճախ իրեն խնդրում են, որ գյուղի դպրոցը չփակվի, և դա ասվում է այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ աշակերտներ՝ մինչև 20 սովորող: «Մենք ասում ենք՝ գյուղի դպրոցը չենք փակում, այլ նոր դպրոց ենք կառուցում, որովհետև ոչ ոք չի ասել, որ դպրոցը պետք է լինի գյուղապետարանի հետևում: Երկրորդ՝ դպրոց տանող ճանապարհները պետք է նորոգենք: Երրորդ՝ պետք է ձեռք բերենք տրանսպորտային միջոց, որն առավոտյան երեխաներին կտանի դպրոց և երեկոյան նորմալ, բարեկարգված ճանապարհներով կբերի հետ»,– ասել է վարչապետը:

Այս համատեքստում վարչապետը կրթության կարևոր պայման է համարել երեխայի սոցիալականացման հարցը: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դպրոցը երեխայի համար է և այն պետք է կառուցել և կառավարել միայն ու միայն  երեխայի համար:

Սահմանվել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ՝ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։ Մասնավորապես՝ առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։

 

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո բավականին մեծ դիմելիություն է արձանագրվել: Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է ավելի քան 1330 շահառուների հայտ, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թ.: «Եվ սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ: 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-ասել է ԱՍՀ նախարարը:

Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար կիրականացվի ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ծրագրում ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ: «2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ: Քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում, սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից՝  առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ»,- ասել է նախարարը: Որոշմամբ՝ շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որոշակի դադար, համաձայն եմ, որ վերցնենք, որովհետև մենք մի ուրիշ ուսումնասիրություն էլ ունենք անելու՝ փոխվարչապետ Խաչատրյանի առաջարկությամբ: Մենք պետք է գնանք և ուսումնասիրենք, թե ինչքանով է երաշխավորվում ծրագրի ավարտը: Այսինքն՝ մարդը սկսել  տան շինարարությունը, մենք ի՞նչ մեխանիզմներ ենք ստեղծել այն ավարտելու համար: Մեկ, երկու ահազանգերի պարագայում սկսեցինք մտավախություն ունենալ, որ  արդյունքում՝ կարող ենք ունենալ ոչ թե տներ, այլ կիսակառույցներ: Հիմա մենք պետք է համոզվենք, որ այս ռիսկը բավարար չափով կառավարում ենք, հետագայի համար որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»:

Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից

Կառավարությունն ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում: Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի գոտիների սահմանված տարածքներում տնտեսավարողների կողմից (շուրջ 100) ձեռք բերված վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։ Յուրաքանչյուր շահառուի մասով երկարաձգման ժամկետը պետք է գնահատի ֆինանսական կառույցը։ Ֆինանսական կառույցի կողմից աջակցությունը կտրամադրվի համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։ Միաժամանակ, ծրագրի Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող այն շահառուները, որոնք տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով ունեցել են տվյալ վարկի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես ծրագրի շահառուներ։

Կապահովվի ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացումը

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով  սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով որոշում է ընդունվել:  Ծրագիրը հնարավորություն է տալիս 2020 թ.-ին տեղահանված 4308 ընտանիքի (15.338 անձ) ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների մարմանը։ Մայիսի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3889 ընտանիք, որից 2626-ն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել է կառուցապատման վարկ։  Ըստ այդմ՝ առաջարկվում է վերոնշյալ որոշմամբ սահմանված ժամկետների պահպանման ու ծրագրի շահագործման բնականոն ընթացքի ապահովման (ուշացումների բացառման) նպատակով իրականացնել 2024 թ. երկրորդ և երրորդ եռամսյակների համար նախատեսված ֆինանսական միջոցների համալրում 1 մլրդ 150 մլն դրամով։ Միաժամանակ, 2024 թ. առաջին եռամսյակում և ապրիլ, մայիս ամիսներին փոխհատուցվել է 660 շահառուի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարը շուրջ 46,860,000 դրամ։ Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները՝ կանխատեսվում է, որ 2024 թ. երկրորդ (հունիս), երրորդ և չորրորդ եռամսյակներում նոր գործարքների թիվը կավելանա ամսական 60-ով, ինչի արդյունքում տարեվերջին գործարքների թիվը կկազմի 2842:

Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետը

ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի և գրավադրման դրույթների հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ առաջարկվում է երկարացնել ծրագրին մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին մասնակցության դիմումներ ներկայացնել 2023 թ. փոխարեն մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, տնտեսավարողներին աուդիտի, մոնիթորինգի և գնահատման, հաշվապահական բարձրորակ ծառայություններով ապահովելու և փորձառու կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ առաջարկվում է ծրագրին մասնակից ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» ընկերությունների հետ մեկտեղ ծրագրին մասնակից դարձնել նաև  «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն»  ընկերություններին: Հաշվի առնելով, որ ներդրումային ծրագրի ավարտից հետո շահառուն ներկայացնում է անշարժ գույքի վկայականի պատճենը, առաջարկվում է հանել  շահառուի կողմից  ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ ներկայացնելու վերաբերյալ դրույթը։ Անասնաբուծության ճյուղում ինքնաբավության մակարդակի բարձրացման համար առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում միևնույն շահառուին հնարավորություն տալ իրականացնել 1-ից ավելի ներդրումային ծրագրեր և օգտվել տրամադրվող աջակցությունից, ինչպես նաև հստակեցվել են շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում կարգավորումները։ Հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով սահմանվել է դրույթ՝ շահառու կազմակերպության սնանկ ճանաչվելու, լուծարման, գործունեության դադարեցման կամ գործունեության ոլորտի փոփոխության վերաբերյալ։

Տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար

Գործադիրը հաստատել է Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ 2019 թ. կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով), այնուհետև տարբեր գործոններով պայմանավորված արտահանման ծավալները սկսել են նվազել և 2020-2022 թթ. ընթացքում արտահանումը կազմել է 17.1 մլն լիտր։ 2023 թ. երկրորդ կիսամյակից սկսած արտահանման ծավալները զգալիորեն ավելացել են և օպերատիվ տվյալներով 2023 թ.  արտահանման ծավալը կազմել է շուրջ 11.4 մլն լիտր։ 2020-2023 թթ. կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների ծավալները գնահատվում են շուրջ 50 մլն բացարձակ լիտր։ Սկսած 2020 թ.-ից ցուցաբերվող աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել աջակցելու շուրջ 60 հազար խաղողագործների կողմից 2020-2023 թթ. արտադրված խաղողի բերքի իրացումը և խաղողագործները կարողացել են ապահովել խաղողի այգետարածքների հետագա մշակությունը։ Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2024 թ. խաղողի մթերումների գործընթացը։ Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում  կունենանք շուրջ 80 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ, որը կազմում է 2023 թ. մթերված խաղողի շուրջ 50 տոկոսը։

Միջազգային համագործակցություն. կապահովվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը

Հավանություն է տրվել  Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին: ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝            27.12 կմ  երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված: Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո: Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը՝ 236 մլն եվրո արժողությամբ: Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա` կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է: Այն իրականացնում է, մասնավորապես,  հետևյալ գործունեությունը՝ աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով հետևյալ ոլորտներով՝ հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն և վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն և կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման և արտահանման կանխարգելում և մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի և փոխհատուցման դյուրացում, համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում: Ակնկալվում է, որ դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաև կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման համար որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչվել

«Ռենշին» ՍՊԸ-ի  ներկայացրած՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում են կոնֆերանս դահլիճներ՝ Միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձևափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայր։ Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։

Գործադիրն ընդունել է նաև «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Նուբարաշեն Չնքուշի փողոցում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով: Գույքի օտարման հարցը քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որի վերաբերյալ նախարարությունը տեղեկացրել է, որ առարկություններ չունի։ Գույքը կառուցվել է 1968 թ., որի վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 63 000 000 դրամ։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝  3 150 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի  համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կկազմակերպվեն հերթական մրցույթներ՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։ 

Օրենսդրական նախաձեռնություններ.  կնախատեսվեն  գործատուի մեղքով աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված և գործուն կարգավորումներ 

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և գործնականում ունենալ գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված և գործուն կարգավորումներ: Նախագծով առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողը ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև նախկինում և հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը»:

Հավանություն է տրվել «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:    Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։ Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն նաև ինքնակարգավորվող կազմակերպությունները հաշվառումից հանելու վերաբերյալ կարգավորումները: Օրինագծով գնահատողների համար սահմանվում է պարտականություն՝ նախատեսված որակավորման և մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովելու ներկայություն հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպությունների համար՝ առաջարկելու հանձնաժողովների անդամների թեկնածուներ։ Թվարկվում են նաև այն դեպքերը, երբ գնահատողի կողմից հանձնաժողովի նիստին մասնակցություն չապահովելը հարգելի կարող է համարվել և որակավորման վկայականի դադարեցման համար հիմք չհանդիսանալ:

Հավանության է արժանացել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման արդյունքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կստանան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:

Կիրականացվեն Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքներ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Տ-4-57, /Մ-11/ (Վարդենիս)-Այրք-Ներքին Շորժա և Տ-4-42, /Տ-4-57/-Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքների իրականցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված, երկար տարիներ հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքներ չկատարելու պատճառով մարզային նշանակության այդ ավտոճանապարհների պատվածքը գոյություն չունի, երթևեկելի մասերը և կողնակները ամբողջությամբ քայքայվել են, դարձել դժվարանցանելի, երթևեկելի մասերի առանձին հատվածներ անանցանելի են նույնիսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Նկատի ունենալով, որ ավտոճանապարհների վրա երկար տարիներ հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել կապիտալ բնույթի ծախսերի շրջանակներում ապահովել ճանապարհների անցանելիությունը: Հարկ է նշել, նաև որ ճանապարհներն ունեն նաև ռազմավարական կարևոր նշանակություն՝ անցնում են Վարդենիս համայնքի Այրք, Ներքին Շորժա և Վերին Շորժա բնակավայրերով, ինչպես նաև համարվում են Վարդենիս համայնքի բնակավայրերի խոտհարքներ և արոտավայրեր տանող ճանապարհները։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. Ակունք համայնքում վարդերի ջերմոցներ կկառուցվեն

 Կառավարությունը բավարարել է «Էնի ֆլաուերս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ջերմոցներ։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել ծաղիկներ, մասնավորապես՝  վարդեր։ Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և վարդերի արտադրության կազմակերպման արդիական մեթոդներով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 950 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 280 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 30 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար: Մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 494 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.7 մլն դրամ: 

Այլ որոշումներ. կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Գործադիրն ընդունել է որոշում՝  անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Ամենամսյա դրամական սոցիալական աջակցության՝ 300000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամության սահման պայմանները, ինչպես նաև սահմանել դրույթ, համաձայն որի հաշմանդամությունը անժամկետ սահմանման համար հաշվի է առնվում նաև բժշկասոցիալական փորձաքննության իրականացման որոշումները՝ այդ թվում հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։ Միաժամանակ, առաջարկվում է օպտիմալացնել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների աշխատանքները և թեթև աստիճանի սահմանափակում ունեցող անձանց  դեպքում ծառայությունների անհատական ծրագիրը մշակել անհրաժեշտության դեպքում, բացի այդ,  ֆունկցիոնալության գնահատման ժամանակ անհրաժեշտ է  գնահատել նաև խաղերի մեջ ներգրավվելու կարողությունը, որի մասով ավելացվում է համապատասխան ծածկագիրը։

Կառավարությունը հաստատել է նաև Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը՝ պայմանավորված համապատասխան օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը՝ տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930