Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Մախսուդյան. «Ես սրբազան հորը ճանաչում եմ 2015 թվականից: Նա հաստատ իր քայլերից, իր սկզբունքներից հետ չի կանգնելու»

Հունիս 27,2024 15:45

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսվեց այն պահից, երբ վարչապետը ժամանելով Ոսկեպար եւ Կիրանց՝ հայտարարեց, որ հողերը պետք է հանձնվեն: Ժողովուրդը, բնականաբար, շատ ծանր տարավ, դուրս եկավ, ճանապարհներ փակեց, իր բողոքը հայտնեց: Փորձեցին դա ժողովրդի մեջ դա ամեն կերպ կոտրել: Բայց ժողովուրդը այն ժամանակ ու հիմա էլ չի կոտրվում: Ճիշտ է, Կիրանցի բնակիչներին գումարներ են առաջարկել: Մարդիկ կան, որ վերցրել են այդ գումարները, մարդիկ կան, որ հրաժարվում են: Բայց պետք է հասկանալ, որ այդ մարդկանց, որ 2020 թվականին եւ դրանից առաջ կադաստրի վկայական են տվել եւ դա հայկական հող է, հիմա ստիպում են դուրս գալ, իբրեւ թե դա Ադրբեջանի է: Ինչ-որ տեղ ես ժողովրդին չեմ մեղադրում, որ ստիպված այդ գումարները վերցնում են՝ նոր բնակարան գնելու, իրենց կենցաղն ապահովելու համար: Ստիպված են այդ քայլին գնացել:

Պայքարեցին: Սրբազան հայրը ժողովրդի կողքին կանգնեց՝ ցույց տալով, որ սա միակողմանի զիջում է: Բայց ոչ ժողովրդին լսեցին, ոչ սրբազան հորը: Եվ սրբազան հայրը որոշեց այս շարժումը սկսել եւ քայլել դեպի Երեւան՝ դեմ լինելու միակողմանի զիջմանը:

Ինչ վերաբերում է սրբազան հոր նախաձեռնած շարժմանը, ոմանք ասում են, որ այն մարել է, ինքը չի ուզում շարունակել: Նման բան գոյություն չունի: Ես սրբազան հորը ճանաչում եմ 2015 թվականից: Նա հաստատ իր քայլերից, իր սկզբունքներից հետ չի կանգնելու: Նա արդարության համար քայլող մարդ է եւ ես էլ այսօր նրա հետեւից քայլող մարդ եմ: Փորձում ենք գողացված արդարությունը վերականգնել մեր երկրում»,- ասաց ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը «Հայելի» ակումբում:

Գնդապետը անդրադարձավ նաեւ թշնամուն հանձնվող տարածքներում գյուղացիների ձեռքով քանդվող տներին: «Դա գյուղի սկիզբն է: Նոր կառուցված «դպրոցի» մասին ես կխոսեմ հետո եւ կասեմ, թե ինչի համար էին անունը դրել դպրոց: Ժամանակ անցնի, հանրությանը պարզ կդառնա, որ դա իրականում դպրոց չի: Ոչ մի նորմալ մարդ իր երեխային չի ուղարկի ադրբեջանցի զինվորից 30 կամ 50 մետր հեռավորության վրա գտնվող դպրոց: Դպրոց գնացող չի լինելու: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի ասած ծառ տնկելուն՝ ես նման բան չեմ պատկերացնում: Ով կկարողանա պատկերացնել, որ 30-50 մետրի վրա հակառակորդին չեն տեսնելու, թող իր երեխաներին ուղարկի այդ դպրոց:

Իրականում Կիրանցի ժողովրդից այսօր բավականին մարդ արդեն տեղափոխվել է տարբեր շրջաններ, որովհետեւ ոչ մի խելամիտ մարդ թուրքի հետ չի ապրի: Իշխանության ասած խաղաղության դարաշրջանի մասին խոսելը շուտ է, որովհետեւ 1991-1993 թվականներին թափված արյունը դեռ չի սառել, ինչ մնաց 2016, 2020, 2022 թվականինը: Այսօրվա Ադրբեջանը սովետական Ադրբեջանը չի եւ ոչ էլ այսօրվա Հայաստանը՝ սովետական Հայաստան: Թշնամու հետ ապրելուն մենք, ես ինքս, չենք կարող համակերպվել: Ու բազմիցս ասել եմ. եթե ինչ-որ մեկը կարող է ապրել, թող գա Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում ապրի նրանց հետ եւ օրինակ ծառայի: Թող ասի, ես Երեւանում իմ բնակարանը վաճառել եմ, եկել, Ոսկեպարում կամ Կիրանցում բնակարան եմ ձեռք բերել եւ որոշել եմ ընտանիքով թուրքի հետ ապրել»,- ասաց Միհրան Մախսուդյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պայքարի ժամանակ մի քանի անգամ պաշտոնատար մի քանի անձինք իրեն հարց են տվել, թե ինքը Ոսկեպարից է եւ ինչ է անում Կիրանցում: «Ես էլ հստակ պատասխանել եմ, որ իմ համար հայրենիքը սահման չունի, եթե իրենց համար հայրենիքը Կիրանցով սահմանափակվում է, իմ համար Հայրենիքի սահմանը սկսվում է հյուսիսից ու ձգվում է մինչեւ Արցախ: Ես պետք է Ոսկեպարով սահմանափակվե՞մ: Չեմ կարող: Իմ համար տարբերություն չկա՝ Ոսկեպա՞րը, թե՞ Արցախը»,-ասաց պահեստազորի գնդապետը:

Իսկ վերջերս գեներալի կոչում ստացածների մասին ասաց, որ բոլորին էլ շատ լավ ճանաչում է, նրանք էլ՝ իրեն: «Այդ մարդիկ կարող է մի քանի ամիս ծառայել են սահմանում: Բայց նրանք խրամատի հոտը չեն շնչել, զինվորի հետ խրամատում չեն ապրել: Ամբողջ կյանքը շտաբում են եղել: Ու այսօր գեներալի ուսադիրները դրած՝ քայլում են հպարտ: Մենք 30 տարի նման խայտառակություն չենք տեսել: Հող հանձնելու համար մարդիկ զինվորական բարձր կոչում ստացան: Մինչդեռ, մի ժամանակ կոչում ստանում էին հող ազատագրելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930