Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի քաղաքացին 70 անձից խարդախությամբ 112.392.966  դրամ գումար է հափշտակել․ նախաքննությունն ավարտվել է

Հունիս 27,2024 14:58

Բացահայտվել են ԻԻՀ քաղաքացու կողմից խարդախության եղանակով բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր արժույթներով ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումար հափշտակելու նոր դրվագներ, որոնց վերաբերող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ, 2019 թվականի նոյեմբերի 16-ին ժամանել է Հայաստան։ Նպատակադրվելով նույն եղանակով Հայաստանի Հանրապետությունում հափշտակություն կատարել՝ մի քանի օր անց՝ նոյեմբերի 21-ին, անձանց մոտ վստահություն ստեղծելու և մոլորության մեջ գցելու նպատակով, միգրացիոն խորհրդատվություն և տուրիստական, ճանապարհորդական ծառայություններ մատուցելու պատրվակով հիմնադրել է «Ամերիկան Հոմ Էդուքեյշն Քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Սկզբնական շրջանում չկարողանալով հավաքագրել հաճախորդների՝ հիշյալ անձը 2021թ․ գարնանը ընկերությունում աշխատանքի է ընդունել մի քաղաքացու, ում հանձնարարել է հիշյալ ընկերության մտացածին գործունեության վերաբերյալ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերում վճարովի գովազդներ տեղադրել։ Արդյունքում` 2021թ․ մայիսի 10-ից մինչև 2022թ․ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ գրասենյակ է այցելել ՀՀ քաղաքացի 70 անձ։

ԻԻՀ քաղաքացին, ներկայանալով իբրև Մեծ Բրիտանիայի Թագավորությունում մեծ համբավ ունեցող, միգրացիոն փաստաբան-խորհրդատու Սոհրաբ Սադեղի անվամբ, իբրև թե ԱՄՆ դեսպանատան աշխատակից, ԱՄՆ և Կանադայի դեսպանատների հետ համագործակցող անձ՝ ԱՄՆ և Կանադա մեկնելու համար վիզաներ ձևակերպելու կեղծ պատրվակով հիշյալ քաղաքացիներից խարդախության եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումարի տարբեր արժույթներ և հափշտակել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Նույն անձի կողմից նույն սխեմայով կատարված խարդախությամբ 86 այլ քաղաքացիներից ընդհանուր շուրջ 157մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործը, մեղադրական եզրակացությամբ, ավելի վաղ՝ 2022թ․ դեկտեմբերին, ուղարկվել էր դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930