Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղերում ահազանգեր ենք ստանում, ասում են՝ մարդիկ կան, որ տարբեր տեղեր երեք տուն ունեն, չորրորդն էլ սահմանամերձում են կառուցում»

Հունիս 27,2024 13:55

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրում»։

«Ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո ունենք բավական մեծ դիմելիություն, եւ այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին։ Սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024 թվականին կունենային շուրջ 550 հայտեր»,- ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ Տավուշի մարզի վերաբերյալ ստացված հայտերի թիվը 809 է, Սյունիքում՝ 167, Վայոց ձորում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտեր։ Արդեն 850-ի հետ կան հիպոթեքային վարկավորման պայմանագրեր, վարկերն արդեն տրամադրվել են։

«Ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար մենք պայմանավորվել էինք, որ հընթացս կիրականացնենք ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, եւ արդյունքները ցույց են տալիս, որ 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 802-ը, որոնցից 137-ը չունեն երեխա։ Շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ։ Բայց այդ քաղաքաբնակներից ընդամենը 32-ն են, որ հաշվառված են եղել Երեւան քաղաքում։ Սա նշանակում է, որ այս առումով դեռեւս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը։

Ելնելով այս ուսումնասիրությունից, նպատակ ունենալով ծրագիրը շարունակել նպատակին միտված, առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ։ Մասնավորապես, սահմանել ամուսինների գումարային տարիքի շեմը 75 տարի, ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա, շահառու համարել նաեւ ամուսնուն կորցրած եւ առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ծնողին եւ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց եւ Բերքաբեր բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիպոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն դրամ հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատման իրականացումը։ Այս պահին Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18 եւ Բաղանիսում՝ 5»,- ասաց նախարարը։

Նարեկ Մկրտչյանը նաեւ նշեց, որ 2000 հայտը բավարարելուց հետո առաջարկում են մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, ապա որոշել, թե ինչ տրամաբանությամբ են շարունակելու։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես համաձայն եմ, որոշակի դադար վերցնենք, մենք պետք է գնանք եւ ուսումնասիրենք, թե ինչքանով է երաշխավորվում ծրագրի ավարտը։ Այսինքն՝ որքանո՞վ ենք մենք մեխանիզմներ ստեղծել, որ մարդը մինչեւ վերջ ավարտի։ Մեկ-երկու ահազանգեր ունենալու պարագայում մենք սկսեցինք մտավախություն ունենալ, որ արդյունքում կարող ենք ունենալ ոչ թե տներ, այլ կիսակառույցներ։ Հիմա մենք պետք է համոզվենք, որ այս ռիսկը բավարար չափով կառավարում ենք։ Նաեւ գյուղերում ահազանգեր ենք ստանում, օրինակ՝ ասում են՝ մարդիկ կան, որ տարբեր տեղեր երեք տուն ունեն, չորրորդն էլ սահմանամերձում են կառուցում։ Եթե մարդը հնարավորություն ունի 4 տեղ տուն ունենալու, պետական բյուջեի հաշվին հինգերորդ տուն ունենալու ձգտումը պետք է մի քիչ էլ քաղաքական գնահատականի արժանանա։ Մեր հիմնական նպատակը եղել է սահմանամերձ բնակավայրերում որոշակի եռուզեռ մտցնելը, եւ առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930