Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Դավիթ Մինասյանը շարունակի մնալ կալանքի տակ Փարաքարի ավագանու աշխատանքը, իհարկե, խաթարվում է, բայց մենք արտահերթ ընտրությունների չենք գնալու. Լյուդվիգ Գյուլնազարյան. «Հրապարակ»

Հունիս 27,2024 11:41

ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվեց։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ այս անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա եւ ապօրինաբար օտարել գույքը․ երեք պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել, երկուսը կալանավորվել են։

Իրավապահ  մարմիններից «Հրապարակ»-ին պատմեցին, որ սույն պաշտոնյաներով սկսել են զբաղվել դեռեւս մեկուկես տարի առաջ՝ 2022-ի դեկտեմբերին, սակայն միտումնավոր հետաձգել են, վարույթ չեն նախաձեռնել՝ մինչեւ այն պահը, երբ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը կընտրվեր համայնքի ղեկավար։ ՔՊ-ն համայնքապետի` իր համար ցանկալի փոփոխությունը չէր կարող իրականացնել, եթե ավագանու անդամ Դավիթ Մինասյանին կալանք տային, օրինակ, 2 ամիս առաջ, քանի որ ավագանին չէր կարող նիստեր հրավիրել։ Իսկ ավագանու նիստեր հետայսու չեն կարող տեղի ունենալ Փարաքար համայնքում, եթե Դավիթ Մինասյանը շարունակի մնալ կալանքի տակ, քանի որ ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը միասին ընդամենը 1 ձայնի տարբերությամբ են մեծամասնություն կազմում «Ապրելու երկիր» խմբակցության նկատմամբ։ Դավիթ Մինասյանի` նիստերին չգալը քաոս է առաջացնելու Փարաքար համայնքում, եւ ավագանին կաթվածահար է լինելու։ Որպեսզի նոր ՏԻՄ ընտրություններ չնշանակվեն, մեծ է հավանականությունը, որ Մինասյանը շուտով ազատ կարձակվի։

Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը 2,5 տարի եղել է Դավիթ Մինասյանի տեղակալը, ասում է, թե տեղյակ չէ, որ իր նախկին ղեկավարի հետ կապված վարույթ է եղել, չնայած Գյուլնազարյանը, լինելով ավագանու անդամ, մասնակցել է համայնքապատկան հողերի օտարման գործընթացին, ինչն էլ ընկած է Մինասյանի մեղադրանքի հիմքում։

– Դուք տեղյա՞կ եք եղել, որ Դավիթ Մինասյանն իր պաշտոնավարման ժամանակ չարաշահումներ է թույլ տվել։

– Իհարկե, տեղյակ չեմ եղել։ Թեման երեկ է հրապարակվել, քննությամբ կպարզվի։

– Դավիթ Մինասյանին կալանք են տվել, մինչ այդ էլ ամիսներ շարունակ ավագանու նիստերը չեն կայացել։ Այս իրավիճակում չի՞ խաթարվի համայնքի բնականոն աշխատանքը, եւ նոր ընտրությունների գնալու անհրաժեշտություն չի՞ առաջանա։ 

– Դուք ինձնից լավ գիտեք Ձեր հարցի պատասխանը։ Իհարկե, խաթարվում է, բայց մենք արտահերթ ընտրությունների չենք գնալու։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930