Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-ում իրավիճակը հակամարտություններից հետո հաշտեցման, փոխհատուցման խնդրի լուծման բարելավված գործիքների անհրաժեշտության լավագույն օրինակներից մեկն է»․ ԵԽԽՎ զեկույց

Հունիս 27,2024 11:31

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, թերևս, հակամարտություններից հետո հաշտեցման, փոխհատուցման խնդրի լուծման բարելավված գործիքների անհրաժեշտության լավագույն օրինակներից մեկն է»,-«Փոխհատուցման և հաշտեցման գործընթացներ՝ անցյալի հակամարտությունները հաղթահարելու և խաղաղ ապագա կառուցելու համար․ արդար և հավասար փոխհատուցման հարց» թեմայով զեկույցում այսպիսի ամրագրում կա։ Զեկույցի հեղինակը Լորդ Ռիչարդ Քինն է (Միացյալ Թագավորություն, Պահպանողականների խումբ):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ այս թեմայով քննարկում անցկացրեց և ընդունեց բանաձևը, որում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չկա։

Քննարկման ժամանակ զեկույցի հեղինակ Լորդ Ռիչարդ Քինը (լուսանկարում) հայտարարեց․ «Եվրոպայի խորհուրդը հստակ դերակատարում ունի իր անդամների միջև հաշտեցման գործընթացների բարելավման գործում: Զեկույցը կոչ է անում ուժեղացնել Եվրոպայի խորհրդի դերը միջնորդական գործընթացի հաստատման միջոցով: Նման գործընթացը պետք է ուղեկցվի բարելավված գործիքակազմով և փոխհատուցման ու հաշտեցման ընդհանուր ընդունված չափանիշներով: Եվ նպատակը պետք է լինի յուրաքանչյուր ի հայտ եկած առանձին իրավիճակին լավագույնս համապատասխան միջոցներ գտնելը»։

Զեկուցողը վստահեցրեց՝ միանգամայն պարզ է, որ ցանկացած միջնորդական գործընթաց կախված է բոլոր կողմերի բարի կամքից և համագործակցությունից։

Զեկույցում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Փաստաթղթով Վեհաժողովը մտահոգություն է հայտնում «Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց վիճակի՝ 2022-2023-ին վատթարացման փաստով՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների՝ դեպի այդ տարածք տեղաշարժի խիստ սահմանափակումների պատճառով»։

Նաև փաստվում է, որ էական մտահոգություններ կային Լեռնային Ղարաբաղում ապրողների հումանիտար և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ․ «Ավելին, ադրբեջանական ռազմական միջամտությունները տարածքի նկատմամբ վերահսկողություն ստանձնելու նպատակով հանգեցրին տեղի բնակչության բարեկեցության և մարդու իրավունքների միջազգային իրավունքի չարաշահումների ռիսկերի բարձրացման, մասնավորապես՝ կապված էթնիկ զտումների, ատելության խոսքի, մշակութային ժառանգության ոչնչացման հետ․ հարկադիր տեղահանումներ և ուժի կիրառում խաղաղ բնակչության դեմ։ Սա գագաթնակետին հասավ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության գրեթե ամբողջական արտաքսումով (Exodus)։ Ավելի մտահոգիչ է 2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված միջանկյալ միջոցների՝ Ադրբեջանի կողմից չկատարումը։ Դրանք կոչ էին անում Ադրբեջանին ապահովել անվտանգ անցում Լաչինի միջանցքով ծանր հիվանդների համար, Հայաստանում բուժօգնության կարիք ունեցողների և ճանապարհին արգելափակված մյուս անձանց համար։ Եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չհարգելն ու չկատարելը վտանգում է Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում ապրողների բարեկեցությունն ու կյանքը, լուրջ մտահոգություն է առաջացնում օրենքի գերակայության և արժեքների հարգման վրա հիմնված լուծումների իրագործելիության վերաբերյալ»։

Զեկույցում նշված է՝ «Թեև 1990-ականների հակամարտությունը ծագել է մինչև ՀՀ-ի և Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ լինելը, բայց գուցե հնարավոր կլիներ խուսափել լարվածությունից, եթե վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու բարելավված մեխանիզմներ գտնվեին: Թեև Ադրբեջանը նշել է, որ 2020 թվականին ռազմական գործողությունները հաջորդել են վերջին տասնամյակների ընթացքում բավարար խաղաղ կարգավորման բացակայությանը, այնուամենայնիվ, ներկա իրավիճակը հանգեցրել է մարդու իրավունքների նոր ոտնահարումների և էթնիկ զտումների վերաբերյալ մտահոգությունների՝ զուգորդված տարածքի էթնիկ հայ բնակչության հսկայական տեղահանմամբ»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, ընդունելով, որ հատուցման և հաշտեցման գործընթացն էական է անցյալի հակամարտությունները հաղթահարելու և խաղաղություն հաստատելու համար, հայտարարեց․ «Իրական խաղաղություն երբևէ չի կարող հաստատվել, եթե հաղթողն ագրեսորն է: Նմանապես, չի կարող լինել կայուն խաղաղություն, եթե այն չի բխում արդարությունից և ճշմարտությունից: Օրինակ՝ Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի, քանի որ այն լուծեց՝ հաղթելով իր իսկ սկսած պատերազմում։ Հայերին բռնի արտաքսելով իրենց տներից՝ Ադրբեջանը դատարկեց Լեռնային Ղարաբաղը՝ հայտարարելով, որ հակամարտությունը լուծված է, այն համոզմունքով, որ «չկա ժողովուրդ, չկա խնդիր»։ Իրեն այնպես է զգում, որ կարող է հայերից հետագա զիջումներ պահանջել այսպես կոչված «հաղթողի օրենքով»։

Արմեն Ռուստամյանը վստահեցրեց՝ եթե ​​թույլ տանք, որ միջազգային իրավունքը փոխարինվի հաղթողի օրենքով, աշխարհում երբեք խաղաղություն չի լինի․ «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ կրկնել՝ Ադրբեջանի պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ կարգավորմամբ։ Ուստի Վեհաժողովը պետք է կրկնի իր դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողության վերաբերյալ: Պետք է հստակ ուղերձ հղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա քաղաքական, էթնիկական և տարածքային հակամարտությունը տարբեր հարցերի և հենց Լեռնային Ղարաբաղի շուրջ, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, այլ բացառապես բանակցությունների սեղանի շուրջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930