Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան. «Չի կարող լինել խաղաղություն` այն դեպքում, երբ Ադրբեջանում ապօրինաբար այդքան հայ է պահվում». «Հրապարակ»

Հունիս 27,2024 11:19
«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է:

– Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ասվածը կապ չունի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գրիգորյանի խոսքն այն կոնտեքստում էր, որ ռազմագերիներն իբրեւ թե կարող են վերադառնալ ավելի վաղ, քան կարող է խաղաղության պայմանագիրը կնքվել, սակայն այս հայտարարությունը կարող ենք ընկալել նաեւ հակառակ տրամաբանության մեջ: Ի դեպ, Ռուսաստանն ու Ուկրաինան, գտնվելով թեժ պատերազմի մեջ, մայիսի 25-ին գերիների փոխանակություն են արել, սակայն խաղաղության եւ Ադրբեջանի հետ համերաշխության մասին ողջ օրը խոսող հայաստանյան իշխանությունը ոչինչ չի անում` չի կարողանում կամ չի ցանկանում գերիների հարց լուծել: Ի՞նչ տպավորություն ունեք Դուք:

– Ինձ համար այդ հայտարարությունն ավելի ընդունելի եւ ողջունելի է: Ինչպես գիտեք` մենք կառավարությանը քննադատում էինք այն բանի համար, որ ինքնուրույն չեն բանակցում` գերիների վերադարձի մասով, կախվածության մեջ դնելով պայմանագրի ստորագրումը, դրա բոլոր կետերը կատարելը, մինչդեռ մարդասիրական, առավել հրատապ լուծում է պահանջում այս հարցը, ուստի պետք է առանձին քաղաքական, դիվանագիտական աշխատանք տարվի այս ուղղությամբ: Անկախ խաղաղության պայմանագրից եւ դրա կետերից, գերիները պետք է օր առաջ վերադառնան Հայաստան: Եթե այս բոլոր հարցերը կապենք քաղաքականության հետ, ապա կվերահաստատենք, որ նրանք պատանդներ են եւ չեն վերադառնալու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը նրանց միջոցով չի ստացել իր համար կարեւոր բոլոր օգուտները: Մեր կոչն էր` կատարել ինքնուրույն աշխատանք, հենց մարդասիրական խնդիրների լուծմանը միտված: Մնում է, որ այս հայտարարությունը կյանքի կոչվի: Ադրբեջանի կողմից տեսնում ենք միտում՝ գերիների գործոնը հավելյալ լծակ օգտագործելու համար, որպեսզի ՀՀ իշխանությունների վրա ճնշումը լինի ավելի մեծ: Մենք պահանջում ենք միջազգային մեր գործընկերներից խնդրին մոտենալ ինքնուրույն: Այս հարցի լուծումը կարող է նպաստել խաղաղությանը, ինչու, որովհետեւ մարդասիրական խնդիրների լուծումը հասարակությունների շրջանում փոխադարձ վստահություն է ձեւավորում, ինչը կարող է խաղաղությանը նպաստող գործոն դառնալ: Առանց նման նախապայմանների ձեւավորման, նույնիսկ փաստաթղթեր ստորագրելուց հետո, չկա վստահություն, որ դրական առումով կարող է ինչ-որ բան փոխվել, քանի որ չի կարող լինել խաղաղություն` այն դեպքում, երբ Ադրբեջանում ապօրինաբար այդքան հայ է պահվում:

– Եթե դատական պրոցեսները դանդաղորեն են առաջ շարժվում, դրանից հայկական կողմը շահո՞ւմ է, թե՞ տուժում:

– Կարծում եմ` բովանդակային առումով բախվելու ենք նույն խնդիրներին, երբեմն ազատ արձակումը հնարավոր է լինում դատական ակտերի գոյության պարագայում, երբ անձն ազատազրկման է ենթարկվում, դրանից հետո կարող է հայրենադարձվել: Եթե միակ խոչընդոտող գործողությունը, որ անձինք ազատ արձակվեն, դատական պրոցեսներն են, ապա դրանից հետո նրանք պետք է ազատ արձակվեն: Հայկական կողմն այստեղ անելիք ունի, պետք է դատական պրոցեսները վիճարկվեն միջազգայնորեն, որպեսզի ակտերը չճանաչվեն միջազգային դատարանների կողմից, արձանագրվեն ազատ իրավունքի սահմանափակումները եւ այլն: Ոչ մի դատական նիստ մինչ օրս չի եղել, գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ է տրված` ձեւական բնույթի:

– Միջազգային կառույցների կողմից այս առումով կա՞ որեւէ արձագանք, տեղաշարժ:

– Խնդիրը պահում են իրենց ուշադրության ներքո, անհապաղ ազատ արձակման կոչեր են արվում, խոշտանգումների, ոչ մարդկային վերաբերմունքի մասով կան խիստ դատապարտումներ: Օրինակ` մայիսին հրապարակվեց խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի կողմից խիստ գնահատականներ պարունակող հայտարարություն: Արձանագրված է, որ հանցագործություն կատարող անձինք Ադրբեջանում մնում են անպատիժ, ավելին՝ երբեմն խրախուսվում են:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930