«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանին։
– Ուտել-խմել, տրվել թեթեւ կյանքին, հեծանիվ վարել, չմտածել խնդիրների մասին․․․ իշխանությունը սպառողականությո՞ւն է քարոզում։
– Սպառողականությունը, միանշանակ, պրոբլեմ ու սպառնալիք է մեր անվտանգության համար, այդ սպառնալիքը զանգվածային ճաշակի, զանգվածային վարքուբարքի, ե՛ւ ազգային, ե՛ւ միջազգային տենդենցների դրսեւորում է, եւ Փաշինյանը դա խթանում է։ Մինչդեռ առաջնորդի դերը սովորաբար նրանում է, որ նա փորձում է ճիշտ կողմնորոշել իր հասարակությանը։ Եթե կան այնպիսի վտանգավոր միտումներ, ինչպիսին սպառողականությունն է, արդյունավետ իշխանությունը պետք է փորձեր ե՛ւ իր խոսքով, ե՛ւ իր գործողություններով հասարակությանը պահել ազգային մտածողության սահմանների մեջ։ Պետության, բանակի, ազգային սիմվոլների հանդեպ վերաբերմունքն առաջին հերթին էլիտաների մոտ չպետք է սպառողական լիներ, մինչդեռ մեզ մոտ իշխանությունը խթանում է պետության հանդեպ սպառողականությունը եւ քարոզում այն, որ հնարավոր է թեթեւ ապրելով ունենալ պետություն, ինչն առհասարակ հնարավոր չէ․ կարելի է հարցնել ցանկացած հրեայի, ամերիկացու, ռուսի, գերմանացու, չինացու։ Եթե ղեկավարն առաջարկում է ապրել այնպես, որ չունենաս պետություն, նա իրեն մատուցում է որպես սպառնալիք, բայց պրոբլեմն այն է, որ որոշ հայաստանցիների դա կարող է դուր գալ, եւ փաստ է, որ պետականություն ունենալու արժեքը որոշ հայերի մոտ համապարփակ չէ։ Հայաստանցիների ու սփյուռքի հայերի մի մասի համար պետություն ունենալն այնպիսի բան է, որի համար ջանք գործադրել պետք չէ։ Այս առումով, Փաշինյանի խոսքերն արտացոլում են հայկական մենթալիտետի մի մասը, որը հակապետական է, եւ, ցավոք, այդ պատճառով մենք ունենք նաեւ իշխանական ընտրազանգվածը, որին դա դուր է գալիս։
– Այս ամենին հակադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, սա սպառողականության ու խորքայինի միջեւ ընտրության պայքա՞ր է։
Կարդացեք նաև
– Շարժումը մի քանի նպատակ ունի, առաջինը, իսկապես, սահմանամերձ գոտիների՝ Հայաստանի մի մասը լինելու խնդրի արտահայտումն է։ Այդ խնդիրը ոչ ոք չէր էլ պատկերացնի, առավել եւս՝ 5-10 տարի առաջ, բայց այսօր մեր սահմանների, մեր մարզերի հայկականությունը վիճարկվում է, ընդ որում՝ շատ ագրեսիվ կերպով, այդ թվում՝ դրանք Հայաստանից հանձնելու, փոխանցելու միջոցով։ Բնականաբար, Տավուշից պետք է ծագեր մի շարժում, որը դարձավ ազգային։ Սա դրական է, որովհետեւ ցույց է տալիս, որ ամբողջությամբ չենք դարձել սպառող, եւ մեզ համար մեր հողն ու ջուրը, մեր ինքնությունը կարեւոր են։ Երկրորդ նպատակը, որն արդեն իրականացված է, հասարակության արդիականացման ուղղություններից մեկն է, որի մասին ոչ ոք չի խոսում։ Մեզ, այդ թվում՝ եկեղեցուն, արդիականացվել պետք էր, եկեղեցին պետք է ավելի մեծ դերակատարում ունենար հասարակության ու պետության կյանքում, եւ շարժումը ցույց է տալիս, որ հոգեւորականները փորձում են ներգրավվել հասարակության ու պետության հարցերի լայն սպեկտրում, այդ թվում՝ եւ անվտանգության հարցերում։ Այստեղ մեր Սահմանադրությամբ ոչ մի սահմանափակում չկա հոգեւորականների համար, եւ ցանկացած քաղաքացի պարտավոր է մասնակցել պետության անվտանգության գործին։ Հոգեւորականները դա փորձում են անել։ Երրորդ նպատակն այն է, որ ընդդիմությունը քաղաքական իմաստով եղել է եւ հիմա էլ է թերի, շատ դժվար է սահմանել նրան՝ իր գաղափարախոսությամբ։ Այս իմաստով, շարժումն ընդդիմադիր գործընթաց է, որն ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Ընդդիմություն ունենալը շատ կարեւոր է՝ ե՛ւ այլընտրանքային հնարավորությունների, ե՛ւ քաղաքական կյանքի առողջացման առումներով։ Այս նպատակին շարժումը հասել է։ Իշխանափոխության նպատակը դրված է, սակայն այն հեշտ չի լինում, այն պետք է ապահովի Հայաստանի պաշտպանվածությունը, եթե այն ցնցումներ է բերելու, երեւի թե լավ է, որ այդ նպատակն արագ իրագործելի չէ։ Հիմա մեր պետությունն անվտանգ չէ, եւ դա ապացույցն է այն բանի, որ շարժումը հիմնավորված կերպով է քննադատում իշխանություններին։
– Խոսելով Ադրբեջանի՝ 30 տարի ճնշված լինելու ու դրա վրեժն առնելու մասին, արդյո՞ք երկրի ղեկավարը չի արդարացնում թշնամուն` որ մենք արժանի ենք նրան, ինչը հիմա կատարվում է մեզ հետ։
– Այդ միտքը հետաքրքիր է։ Քաղաքագիտության տեսանկյունից, երբ պետությունը հաղթում է պատերազմում, չի նշանակում, որ պետության նպատակներն արդարացի են։ Եթե դու հաղթել ես պատերազմում, նշանակում է՝ ռազմաքաղաքական տեսանկյունից ավելի կազմակերպված էիր, ավելի ուժեղ, ավելի հարմար պատմաքաղաքական միջավայրում ես գործել, բայց դա չի նշանակում, որ քո նպատակներն արդար էին, եւ դու արդար հաղթանակ տարար։ Սա վերաբերում է Ադրբեջանի հաղթանակին այս փուլում․ 2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը չի նշանակում, որ այն ճիշտ էր իր նպատակներով։ Սա մեզ համար պետք է ուսանելի լինի, մենք պետք է դասեր քաղենք ուրիշների արդյունավետությունից։ Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը պետք է վրեժխնդիր լինի, ես կուզեի, որ Ադրբեջանի արդարացմամբ զբաղվեր Ադրբեջանը, ոչ թե ՀՀ ղեկավարությունը, որը պետք է զբաղվի Հայաստանի նպատակներով։ Մենք դրա համար ենք իրեն հարկ վճարում, թող ՀՀ ղեկավարությունը զբաղվի նրանով, որ արդարացնի մեր տեսանկյունը, ոչ թե այն փոփոխի ամեն օր, թող չպատրաստի հասարակությանը ռելաքսի, այլ պատրաստի միասնական գործողությունների, ազգային ես-ի ու հիշողության պաշտպանությանը եւ ապագայի կերտմանը՝ կառուցողական իմաստով՝ այսօր կոնկրետ գործողություններ կատարելով եւ վաղը ստանալով մեր ուզած պատմությունը։ Սա է, որ պարտավոր է անել մեր իշխանությունը եւ ցանկացած պետության իշխանություն։ Մենք դրա համար ենք իրենց հարկեր վճարում, ոչ թե նրա համար, որ մեզ սովորեցնի ռելաքս լինել։ Մենք դա առանց իրենց էլ կարող ենք։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: