Մայիսի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ մասնավորապես հետևյալ հարցադրումներով.
1. Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վտանգավոր հայտարարություն էր արել՝ պնդելով.
«44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն: Ինչի՞, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ… Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ: Ղարաբաղի նախագահի էդ համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ էդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին: Ես ոչ մի բան ինձնից չեմ հորինում: Ես Սամվել Բաբայանին էդ ժամանակ երևի առաջին անգամ եմ տեսել և ծանոթացել: Ես շատ ճիշտ եմ ասում, էն, ինչ որ տեսել եմ»:
Ըստ այդմ՝
Կարդացեք նաև
– Քննչական կոմիտեն իշխանական պատգամավորից պատրաստվո՞ւմ է հիմնավորում պահանջել և ըստ դրա՝ գործողություններ ձեռնարկել, այսինքն, իրավական որևէ ընթացակարգ կարո՞ղ է կիրառվել:
– Խաչատուր Սուքիասյանը հղում է անում 2020 թվականի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին, ուստի Քննչական կոմիտեն հնարավո՞ր է նրան ևս հարցաքննության կանչի:
2. 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել:
… Այս հարցմանը և դրանում ներառված հարցերին Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն պատասխան գրություն է ուղարկել 1 ամիս հետո, և կարևոր հարցադրումների, ըստ էության, կամ հստակ պատասխաններ չեն տրվել, կամ դրանց պատասխանները չեն համարվել հրապարակման ենթակա: Եվ այսպես՝
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը և այս համատեքստում Սամվել Բաբայանին առնչվող մեր հարցադրմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են.
«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից 27.05.2024 թվականին հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի շարք վարույթների շրջանակներում Սամվել Բաբայանը հարցաքննվել է՝ վկայի դատավարական կարգավիճակով»:
Իսկ թե արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել, ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ մի շարք հանգամանքներ քննության առարկա են դարձվել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վարույթների շրջանակներում:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում