Անդրադառնում ենք Հայաստանում հաստատված արցախցիների սոցիալական խնդիրներին, բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ սոցիալական առումով որևէ դրական շարժ չկա: «Հատկապես գյուղական համայնքներում, երբ մարդիկ տուն են վարձակալում, հնարավոր չէ աշխատանք գտնել: Այդտեղ պետք է ունենան հողատարածք, ֆերմա, որի միջոցով մարդը կկարողանա գոյատևել: Այդպիսի հնարավորություններ արցախցիներին չեն տրվում: Շատերը գալիս են քաղաքներ, աշխատում և վերադառնում իրենց համայնքներ: Երևանում հաստատվածների պարագայում թեկուզ աշխատանք գտնելը մի քիչ ավելի հեշտ է, բայց քիչ են վարձատրվում, արդյունքում բարդ է բնակարանային վարձ, կոմունալ վճարելը և առօրյա հոգսեր հոգալը: Այդ պարագայում պետք է օգներ «40+10» ծրագիրը:
Հիմա կան շատ մարդիկ, որոնք չեն ստացել ապրիլ կամ մայիս ամսվա բնակարանային վարձի փոխհատուցումները, այն պարագայում, երբ հունիս ամիսն ավարտվում է: Արդյունքում չեն կարողանում վճարել բնակարանի վարձը, և նրանց ուղղակի դուրս են հանում տնից: Մարդիկ կան, որոնք արդեն հինգ, վեց և ավելի անգամ տուն են փոխել և հիմա շատ ավելի դժվարությամբ են տուն գտնում, քանի որ մարդիկ հիմնականում խուսափում են արցախցիներին տուն վարձով տալ: Երևանում այս խնդիրը կա: Հիմա խոսում են այդ տրամադրվող երեքից հինգ միլիոն գումարի մասին: Նախ՝ երեքից հինգ միլիոն չէ, Երևանի տարածքում երկու միլիոն է, Երևանից դուրս՝ երեք, սահմանամերձ շրջաններում՝ հինգ: Միջազգային կոնվենցիաներով արգելված է պատերազմական գոտուց փախստական դարձած կամ բռնի տեղահանված անձանց տեղակայել սահմանամերձ շրջանում կամ պատերազմական վտանգ ներկայացնող գոտիներում:
Բայց պարտադիր պահանջ է, եթե մարդն ուզում է հինգ միլիոն ստանալ, պետք է անպայման ապրի սահմանամերձ շրջաններում: Շատերս փորձել ենք հասկանալ՝ այդ հինգ միլիոնով հնարավո՞ր է սահմանամերձ գոտում տուն ձեռք բերել: Օրինակ՝ իմ տեսածը ոչ բնակելի տարածք էր, որն արժեր 20 միլիոն: Նախ՝ այնտեղ ապրել հնարավոր չէր, ահագին գումար պետք է ծախսեիր, որ դա տան տեսք ունենար, գումարած՝ չուներ որևէ հողատարածք: Եթե մարդը գյուղում է բնակարան ձեռք բերում, ապա պետք է նաև հողատարածք ունենա: Երևանից դուրս բնակարան կամ տուն ձեռք բերելու համար տրվող երեք միլիոններն ընդհանրապես աբսուրդ են:
Կարդացեք նաև
Հաջորդը՝ ի՞նչ պայմաններով են արցախցիներին տալու վարկեր, որ կարողանան ձեռք բերել այդ տունը: Մարդիկ վարկային բեռի տակ են հայտնվելու, եթե առհասարակ հնարավոր լինի վարկ ստանալ:
Շատերի դեպքում ուղղակի անհնարին է լինելու, քանի որ արցախցիների գերակշիռ մասը չի կարողանալու ցույց տալ այն եկամուտը, որի արդյունքում կկարողանա վարկ ստանալ բանկից, ավելացնի դա տրամադրվող գումարի վրա և տուն ձեռք բերի: Երկու միլիոնն ուղղվելու է հիփոթեքի մարմանը, սա ևս աբսուրդ է, բոլորս ենք պատկերացնում, թե ինչպիսին են գները Երևանում: Մարդիկ կրկին վարկային բեռի տակ են հայտնվում. ենթադրենք՝ հինգ հոգանոց ընտանիքի անդամներով, յուրաքանչյուրը երկու միլիոնի հաշվարկով գումար է ստանում, խելքին մոտ չէ 10 միլիոնով մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելը: Սոցիալական առումով սա աբսուրդային ծրագիր է, այն չի աշխատելու, մարդիկ ձեռք չեն բերելու բնակարան կամ տուն այս ծրագրով, ում էլ հաջողվի, վարկային շատ ծանր բեռի տակ է հայտնվելու: Սրա՝ «40+10» և բնակարանային ծրագրերի անունն արցախցիները դրել են «արտագաղթի ծրագիր»:
Պահանջները, որոնք դրվում են այս ծրագրերից օգտվելու համար, շատ վտանգավոր են և իրենց քաղաքական կոմպոնենտը շատ անհանգստացնող է: Պահանջը՝ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վախ է առաջացնում, որ դրանով մարդիկ ոչնչացնում են Արցախի Հանրապետությունը: Այն պարագայում, երբ այս իշխանությունները փոխվեն, և ունենանք ազգային իշխանություն, որը պատրաստ է արցախցիների իրավունքները բարձրացնել միջազգային հարթակներում, անհանգստություն կա, որ այդ իշխանությունները հնարավորություն չեն ունենա այդ հարցը քննարկման դնել, որովհետև ուղղակի փաստացի բոլորը կլինեն ՀՀ քաղաքացի:
Այս առումով գիտեմ նաև ընտանիքներ, որտեղ մեկ կամ երկու անդամը հրաժարվում են ընդունել քաղաքացիություն՝ այդ ծրագրից օգտվելու համար, և ընտանիքի մյուս անդամներին առաջարկում են իրենց հանել ընտանիքի կազմից և բնակարան ստանալ այն մարդկանցով, որոնք ուզում են այդ քաղաքացիությունն ընդունել: Եթե այս իշխանությունները նպատակ ունեին արցախցիների իրավունքները պաշտպանել և վերադարձի հարցը երբևէ բարձրաձայնել, ապա չէին դնի այդ խնդիրը: Կհայտարարեին, որ, օրինակ՝ բռնի տեղահանված հայրենակիցների համար ապահովում են ժամանակավոր արժանապատիվ կեցություն, ժամանակավոր բնակարաններ են տրամադրում, մինչև նրանց Արցախ վերադառնալը: Սա ավելի ընդունելի կլիներ և նույնիսկ 2,3,5 միլիոնի պարագայում ընկալելի կլիներ արցախցիների համար, քան այն, ինչն անում են»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում