«Օստրակիզմը», որպես ժողովրդական քվեարկությամբ «վտանգավոր քաղաքացու» արտաքսման մեխանիզմ, ձեւավորվել էր Հին Աթենքում մ.թ.ա. 6-5-րդ դարերում: Այդ ժամանակից սկսած, բովանդակային առումով ոչ մի բան չի փոխվել: Այս կամ այն անձին որպես հակահերոս «նոմինացնելը» («անվանակարգելը»), համընդհանուր ցասման առարկա դարձնելը եւ հետո մոռանալը կրկնվում է դարեդար:
Ընտրվում է որոշակի պատում, օրինակ «50/50», եւ ի հայտ է գալիս հակահերոսը, տվյալ դեպքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր միֆականացված կերպարը: Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ այդ խորհրդանշական կերպարը սովորաբար ոչ թե առաջին դեմքն է, այլ նրան մոտ կանգնած անձնավորությունը՝ Մարի-Անտուանետը, Ռասպուտինը, Գալինա Բրեժնեւան, Ելենա Չաուշեսկուն՝ ի վերջո, նույն Կլեոպատրան: Դրա հոգեբանական բացատրությունը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. այն, ինչ թույլ է տրվում առաջին դեմքին, դեռ ոչինչ, բայց ինչո՞ւ նույն արտոնություններն ունեն նրա շրջապատի մարդիկ:
Իհարկե, իշխանությունը մշտապես փորձում է վառ պահել այդ կոլեկտիվ ցասումը: Դա հրաշալիորեն նկարագրված է Օրուելի «1984» վեպում, երբ բոլոր քաղաքացիներին ամեն օր պարտադիր հավաքում են «2 րոպեանոց ատելության» միջոցառմանը: Համեմատեք Փաշինյանի քարոզիչների ամենօրյա ելույթների հետ 6-7 հարթակներում:
Իսկ ի՞նչն է, այնուամենայնիվ, փոխվել սոցցանցերի դարում: Փոխվել է արագությունը. «հակահերոսի «նոմինացիա» – կոլեկտիվ ատելության գեներացում – մոռացություն» ցիկլը կարող է տեւել առավելագույնը՝ ամիսներ, իսկ սովորաբար՝ ավելի կարճ:
Կարդացեք նաև
Մարդիկ, այո, շարունակում են պարել կրակի շուրջ, իրենց ատելության մեջ ձեռք բերելով ներքին միասնականություն եւ նույնիսկ «ինքնամաքրման» պատրանք: Այդ կրակը ֆիզիկական չէ, դա սոցցանցերի վիրտուալ տարածքն է: Բայց այդ «պարը» երկար չի տեւում. ի հայտ են գալիս նոր հակահերոսներ, սկսվում են նոր «պարեր»: Հիշենք թեկուզ «Me too» կամ «Black lifes metters» շարժումները:
«50/50»-ն այլեւս քչերն են հիշում, դա արդեն դասվել է «պատմական անեկդոտների» շարքին՝ Մարի Անտուանետի կարկանդակների նման: Այսօր, վերջին հաշվով, բացարձակապես կարեւոր չէ, թե քանի «hate»-ային մեկնաբանություն է ունեցել այս կամ այն համացանցային հրապարակումը: Դրանք այսօր արագ են մոռացվում:
Պատմական առումով մնում են «մեծ պատումները»՝ 1915 թվականի ցեղասպանությունը, 2020 թվականի պարտությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ