Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի գործը ՍԴ-ն կարճել է

Հունիս 27,2024 13:30

Արդեն կորցնում ենք հաշիվը, թե քրեական հետապնդման մեջ գտնվող Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը որերորդ անգամ է դիմում Սահմանադրական դատարան, քանի անգամ հետաձգվեց, կարճվեց նրա գործը…

Արուսյակ Ալեքսանյանի դիմումը Սահմանադրական դատարանում այս տարի մուտքագրվել էր մարտի 7-ին։ Նա խնդրել էր. «Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցել բացառապես սպառիչ եւ ոչ թե բոլոր այն դեպքերում, երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:

Սակայն գործի նախապատմությունը սկսվում է 2023 թվականի օգոստոսի 7-ից, երբ Սահմանադրական դատարան մուտքագրվեց դատավորի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշեց. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաեւ դրան հանգեցրած պատճառաբանությունը»։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս որոշումը վերջնական էր եւ ուժի մեջ մտավ հրապարակման պահից:

Բայց ինչ շարունակություն ստացավ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով, երբ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացվեց բացառիկ վերանայման բողոք։

Վճռաբեկ դատարանը 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժել է հետեւյալ պատճառաբանությամբ. «Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1707 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Սակայն, հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը, որում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոցի վերաբերյալ կայացրած ակտը ներառված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման»:

Ըստ դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը թույլ չի տալիս բացառիկ վերանայման բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթ հարուցել այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանն այնքանով, «որքանով թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցել բացառապես սպառիչ եւ ոչ թե բոլոր այն դեպքերում, երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր»:

Այս գործով պատասխանողն Ազգային ժողովն էր, որի գրավոր պատասխանի համաձայն՝ անհատական դիմումն անհիմն էր:

Երեկ տեղեկացանք, որ հունիսի 18-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ կարճել է գործի վարույթը, քանի որ ըստ ՍԴԱՈ-99 որոշման. «Դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930