Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի ուղեղների արտահոսքի ամենաբարձր մակարդակը Հարավային Կովկասում

Հունիս 27,2024 14:00

Հարցազրույց Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական եւ միջազգայնացման գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի հետ

– Տիկին Ֆլջյան, ժամանակի ընթացքում փոխվում է տարբեր երեւույթների բովանդակությունը՝ պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հրատապությամբ եւ հաստատությունների ռազմավարական նպատակներով: Որո՞նք են Ձեր պատկերացումները բուհերի միջազգայնացման վերաբերյալ, եւ ինչպիսի խնդիրներ այն կարող է լուծել Հայաստանի համար:

– Միջազգայնացումը ներկայումս համալսարանների զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկն է ամբողջ աշխարհում: Ուսանողների, դասախոսների, գիտնականների, փորձի փոխանակումը աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ թույլ է տալիս մեզ շրջանառել եւ տեղայնացնել լավագույն փորձը: Սակայն դրանով չի սահմանափակվում արտաքին կապերի եւ համագործակցության դրական ազդեցությունը:

Ամբողջ աշխարհում միջազգայնացման ցանկացած գործընթացը «փափուկ ուժի» կիրառման լավագույն հնարավորություններից է, քանի որ միջազգային կառույցները ներդնում են անում տարբեր ծրագրերի մեջ զարգացող երկրներում, եւ այդ միջոցով փորձում են ստեղծել իրենց երկրների մասին դրական կերպար միջազգային հանրության աչքերում: Մենք էլ այդ հնարավորությունները պետք է օգտագործենք, որպեսզի կարողանանք պատմել Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին, այն մարտահրավերների, որոնք ծառացել են մեր երկրի առջեւ: Յուրաքանչյուր դասախոս կամ ուսանող, որը մասնակցում է միջազգային շարժունության ցանկացած ծրագրի, գիտաժողովի կամ այլ նախաձեռնության, դառնում է մեր երկրի մշակութային դեսպանը, եւ պետք է լավագույնս ներկայացնի մեր պետությունը, նպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում:  Բացի այդ, Հայաստանն ունի ուղեղների արտահոսքի ամենաբարձր մակարդակը Հարավային Կովկասում, ըստ միջազգային տվյալների՝ 2022 թվականին Հայաստանը առավելագույն 10 միավորից հավաքել է 6,7 (42/177)՝ Վրաստանի 5,8-ի (42/177) եւ Ադրբեջանի 4,40-ի (116/177) դիմաց։ Այս թվերը մեզ մտածելու տեղիք են տալիս, եւ, կարծում եմ, մեր միջազգայնացմանը միտված գործողությունները պետք է ուղղված լինեն այդ մարդկանց գոնե 1-2 տարով Հայաստան վերադարձնելուն ամեն գնով՝ նրանց առաջանցիկ փորձը մեր համալսարաններում կիրառելու նպատակով: Եվ դրա համար հարկավոր է ինտենսիվ աշխատել Սփյուռքի մեր համայնքների հետ, համահայկական հիմնադրամների հետ, որոնք միջոցներ կտրամադրեն մեզ՝ ապահովելու լավագույն մասնագետների գոնե ժամանակավոր վերադարձը հայրենիք:

– Տիկին Ֆլջյան, օրինակ Ձեր՝ Հյուսիսային համալսարանի միջազգայնացման գործընթացի շրջանակներում ի՞նչ նշանակալի հաջողություններ եւ ձեռքբերումներ կցանկանայիք ընդգծել վերջին տարիներին:

– Հյուսիսային համալսարանը միջազգայնացման ասպարեզում  վերջին տարիներին գրանցել է մի շարք ձեռքբերումներ: Մենք ակտիվորեն համագործակցում ենք աշխարհի տարբեր առաջատար համալսարանների եւ գիտական կենտրոնների հետ՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագրեր եւ գործընկերային համաձայնագրեր: Արդեն շուրջ 16 փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Էրազմուս +» ծրագրի շրջանակում, վերջին երեք տարիների ընթացքում 6 ուսանող մեկ կիսամյակ իր կրթությունը շարունակել է եվրոպական գործընկեր համալսարաններում, իսկ 7-ը մեկնելու է արտերկիր սովորելու 2024-2025 ուստարվա սկզբին: Այդ շարժունության փորձը նաեւ մեր համալսարանի ուսանողների համար դառնում է կարիերայի եւ կյանքի հաջող մեկնարկի շարժառիթ, քանի որ վերադառնալուն պես նրանք ստանում են ավելի լավ աշխատանքների առաջարկներ: «Էրազմուս +»-ի կրթաթոշակը բավականին մեծ է, ամսական 750-ից մինչեւ 1150 եվրո, որը բավարարում է, որ մեր ուսանողները հանգստյան օրերին նաեւ շրջագայեն, այցելեն տեսարժան վայրեր եւ առավելագույնը քաղեն այդ հնարավորությունից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հետաքրքրությունը մեր համալսարանի միջազգային ծրագրերի հանդեպ էլ ավելի է մեծացել, որի շնորհիվ ավելանում է մեր բուհի դիմորդների թիվը: Նույնիսկ երկրորդ մասնագիտություն են գալիս ստանում, որպեսզի օգտվեն միջազգային շարժունության հնարավորություններից:

«Էրազմուս +» ծրագրի շրջանակում շուրջ 12 դասախոս է վերապատրաստվել Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի եւ Ռումինիայի համալսարաններում:

Կուզենայի անդրադառնալ դասախոսական ներգնա շարժունությանը, որը միջազգայնացման կարեւորագույն չափանիշ է ամբողջ աշխարհում: Լավագույն բուհերը պայքարում են ոչ միայն լավագույն ուսանողների, այլեւ լավագույն դասախոսների համար: Ըստ բուհերի գնահատման տարբեր միջազգային սանդղակների, դասախոսական կազմի առնվազն 10 տոկոսը պետք է կազմեն օտարերկրյա դասախոսները: Իհարկե, տարբեր երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, եւ, օրինակ, Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերում օտարերկրյա դասախոսները կազմում են ընդհանուր թվի 46-ից 50 տոկոսը: Եվրոպայում առաջատարներից է համարվում Լիխտենշտեյնի համալսարանը, որտեղ դասախոսական անձնակազմի շուրջ 80 տոկոսն օտարերկրացիներ են: Որքան մեծ է այդ թիվը, այդքան ավելի հավանական է, որ բացի դասավանդումից, նրանք նաեւ ներգրավված կլինեն տարբեր հետազոտական ծրագրերում, որը մեծ օգուտ է տալիս այդ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հյուսիսային համալսարանն առաջին քայլերն է անում այդ ուղղությամբ, եւ արդեն կա առաջընթաց: Կարեւոր ձեռքբերում եմ համարում արտասահմանյան գործընկեր համալսարանների՝ դասախոսական նպատակներով 8 արտասահմանյան գործընկերների այցը մեր համալսարան: Բացի դասախոսություններից, որոնց շնորհիվ տեղի է ունենում գիտելիքի, կարողությունների եւ հմտությունների շրջանառություն, արդեն կան առաջին համատեղ տպագրված հոդվածները մեր բուհի եւ գործընկեր համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս կարեւոր նպատակը մեր ուշադրության կենտրոնում է, եւ թեեւ այնքան էլ հեշտ չէ «Էրազմուս +»-ից դուրս նմանատիպ այլ հնարավորություններ գտնելը, սակայն ցանցային նոր կապերի միջոցով փորձում ենք հասնել մեր նպատակին առանձին դասախոսների եւ համալսարանների հետ բանակցության շնորհիվ:

–  Իսկ որքանով են ուսանողների եւ դասախոսների համար նախատեսված ծրագրերը հասանելի Ձեր համալսարանի  ուսանողների եւ դասախոսների համար:

–   Ե՛վ ուսանողներին, ե՛ւ դասախոսներին գրավում է մեր համալսարանի՝ մրցույթների կազմակերպման թափանցիկությունը եւ անաչառությունը, քանի որ ընտրությունը կատարվում է Մրցույթների անցկացման կանոնակարգի համաձայն, իսկ քվեարկությունը՝ բաց, ուսանողների կամ դասախոսների ներկայությամբ: Այս գործընթանցներն էլ գնալով ավելի են կատարելագործվում, քանի որ մշտապես գնահատվում է մրցույթների արդյունավետությունը եւ նոր առաջարկություններ են ներկայացվում՝ բոլոր ուսանողներին եւ դասախոսներին այդ գործընթացներին մասնակից դարձնելու նպատակով: «Էրազմուս+» ծրագիրը խրախուսում է ներառականությունը, եւ մենք հնարավորության դեպքում ներգրավում ենք նաեւ հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Համալսարանը դարձել է նաեւ «Էրազմուս+» կարողությունների զարգացման երկու ծրագրերի կոնսորցիումների անդամ, եւ դա շատ մեծ հնարավորություն է տալիս մեզ բարեփոխելու բուհի կարողությունները տարբեր մակարդակներում եւ դառնալ մրցունակ կրթական ծառայությունների աշխատաշուկայում: Առաջին ծրագիրը վերաբերում է պատշաճ կառավարման համար առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծմանը, իսկ երկրորդը՝ միջազգային կարողությունների զարգացմանը: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս ծանոթանալ եվրոպական համալսարանների լավագույն փորձին, իրականացնել վերապատրաստումներ, ձեւավորել համալսարանական թիմեր, որոնք կկարողանան տեղայնացնել այդ փորձը մեր համալսարանում: Բացի «Էրազմուսից»՝ Հյուսիսային համալսարանն իրականացնում է ծրագրեր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության Բոլոնիայի կենտրոնի, Խաղաղության կորպուսի, Ամերիկյան Շահբազյան հիմնադրամի հետ, վերջինիս հետ փորձում է զարգացնել կապեր Սփյուռքի կրթական եւ գիտական կենտրոնների եւ անհատների հետ: Բոլորովին վերջերս համալսարանը հյուրընկալեց Լիբանանից ժամանած դասախոսին, որն օգնեց մեզ մոտ սովորող արցախցի ոսանողներին՝ դուրս գալ ծանր հոգեբանական վիճակից: Հյուսիսային համալսարանն իրականացնում է նաեւ միջին մասնագիտական ծրագրեր, եւ ապագայում, կարծում եմ, կհավակնենք մասնակցելու միջին մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերին՝ ակտիվորեն ներգրավելով մեր ՄԿՈՒ ծրագրերը միջազգային նախագծերի մեջ:

–  Ինչպիսի՞ դժվարություններ են առաջանում միջազգայնացման գործընթացում եւ ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

–   Միջազգայնացման գործընթացում դժվարություններ կարող են լինել մշակութային տարբերությունների, լեզվական խոչընդոտների, ֆինանսական սահմանափակումների պատճառով, իսկ վերջերս էլ ավելի բարդացած մուտքի արտոնագիր ստանալու խնդրի հետ: Օրեցօր ավելանում է այն դեսպանատների թիվը, որոնք դադարեցնում են մեր երկրում մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացները, այդ գործառույթը հանձնում վիզա-կենտրոններին, որոնք ամբողջությամբ գլխացավանք են բուհերի, անհատ դասախոսների եւ ուսանողների համար: Որպեսզի ուսանողին ուղարկենք, օրինակ, Իսպանիա, 6 ամիս սովորելու, մենք նախ հավաքագրում ենք նրա փաստաթղթերը, ուղարկում վիզա-կենտրոն, այստեղ ուսանողը վճարում է նաեւ այդ ծառայության համար, եւ թեեւ կրթական ծրագրերի համար վճարումներ չպետք է լինեն, սակայն այդ պահանջը անտեսվում է: Այնուհետեւ փաստաթղթերն ուղարկվում են Մոսկվա, եւ Իսպանիայի դեսպանատան հյուպատոսական բաժինն է տալիս այդ արտոնագիրը: Լինում է, որ օրերով եւ շաբաթներով մոռանում են պատասխանել, մենք ստիպված խնդրում ենք իսպանական համալսարանին նամակ-խնդրանք ուղարկել դեսպանատուն՝ արտոնագրի ստանալն արագացնելու նպատակով: Այնուհետեւ ուսանողը մեկնում է Մոսկվա՝ ստանալու մուտքի արտոնագիրը, վերադառնում Հայաստան եւ դրանից հետո մեկնում Իսպանիա: Քանի որ ուսանողները վստահ չեն, որ կստանան մուտքի արտոնագիրը, նրանք ամրագրում են տոմսը, սակայն չեն գնում մինչեւ դեսպանատնից դրական պատասխան ստանալը: Այդ ընթացքում շեշտակի ավելանում է ավիատոմսի գինը, եւ շատ հաճախ ուսանողները կրկնակի գումար են վճարում, որը զգալիորեն գերազանցում է «Էրազմուս+» ծրագրով նախատեսված սահմանաչափը: Այդպիսի վիճակ է նաեւ Իտալիայի համալսարաններ մեկնող ուսանողների մոտ, որն ամեն անգամ անհարմարավետություն է պատճառում մեզ, մեր ուսանողներին եւ նրանց ծնողներին: Սակայն դժվարություններից մենք չենք վախենում եւ փորձում ենք հաղթահարել դրանք շարժունության մրցույթների վաղ պլանավորմամբ եւ իրականացմամբ:

– Ի՞նչ խորհուրդ կտայիք այն համալսարաններին, որոնք դեռեւս չեն ընդգրկվել միջազգայնացման գործընթացում:

–  Խորհուրդ կտայի նրանց չանտեսել ոչ մի, նույնիսկ փոքր հնարավորություն, ակտիվորեն փնտրել միջազգային համագործակցության հնարավորություններ եւ չվախենալ դժվարություններից: Միջազգայնացումը մեծացնում է համալսարանի ներուժը եւ նպաստում դրա զարգացմանը:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930