Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչատրյանի բալետները կհամալրեն Vardoui Nazarian բրենդի հավաքածուն

Հունիս 27,2024 12:30

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Երջանկություն»-«Գայանե» բալետները նոր շունչ են ստացել Vardoui Nazarian բրենդի կողմից: Միջազգային ճանաչում ունեցող դիզայներ Վարդուհի Նազարյանը, ոգեշնչվելով Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությամբ եւ ցանկանալով հարգանքի տուրք մատուցել 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկին՝ ստեղծում է նոր հավաքածու: Այն ազդագրային արվեստի, նորաձեւության եւ  նորագույն տեխնոլոգիաների համաձուլում է:

Վարդուհի Նազարյանի եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի  (տնօրեն՝ Արմինե Գրիգորյան) hետ համագործակցության արդյունքում՝ տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուից ընտրված վերը նշված բալետների ազդագրերի հիման վրա  կստեղծվեն եւ կարտադրվեն շապիկներ, որոնք նորագույն տեխնոլոգիաների կիրառման յուրօրինակ դրսեւորում են: Համագործակցության հիմքը դրվել է Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին եւ կշարունակվի մինչեւ 2024թ.-ի ավարտը: Յուրաքանչյուր ամիս հավաքածուն կհամալրվի նոր նմուշներով։

Այս ընթացքում շապիկների վաճառքից ստացված հասույթի 15%-ն ուղղվելու է Խաչատրյանի ժառանգության պահպանմանն ու նրա տուն-թանգարանի զարգացմանը։ 2024թ.-ի ավարտին դիզայներն ու տուն-թանգարանը համատեղ հաշվետվություն կներկայացնեն ստացված գումարի եւ դրա նպատակային վերաբաշխման մասին։

Հավաքածուի առաջին մոդելները ստեղծվել են «Երջանկություն» բալետի ազդագրերի հիման վրա։ Վիզուալ պատկերում ուշագրավ է անիմացիայի կիրառումը՝ Արարատ լեռան ֆոնին, գորգի վրա պարում են բալետի պարուհիները, իսկ անկյունում տեղակայված ձիավորը կարծես ծածուկ հետեւում է նրանց։ Ի դեպ, շապիկների թե՛ կարը, թե՛ տպագրությունն արվում է Հայաստանում՝ Վարդուհի Նազարյանի ծննդավայր Գյումրիում գտնվող արվեստանոցում, իսկ գործվածքները բերվում են արտասահմանից: Նազարյանն աշխատում է տեղի արհեստավարժ վարպետների հետ, գործի հանդեպ նրա  նվիրված ու խստապահանջ վերաբերմունքի շնորհիվ Վարդուհին կարողանում է հայրենիքում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող  արտադրություն ապահովել:

Vardoui Nazarian բրենդը նորաձեւության աշխարհում հայտնի է գործվածքների ստեղծման նորարարական մոտեցումներով եւ այս հավաքածուն նույնպես բացառություն չէ: Նա օգտագործում է նարինջի կեղեւից պատրաստված գործվածքներ, նյութեր, որոնց բաղադրամասերը կոճապղպեղից, հալվեից (ալոե), սուրճի արտադրության մնացուկներից, անանուխից, ինչպես նաեւ վերամշակված պլաստիկից ստացված մանրաթելեր եւ այլ տեխնոլոգիական նյութեր են։ Հավաքածուն ներառում է ինչպես սովորական, այնպես էլ էկո-բամբակից պատրաստված արտադրանք։ Յուրաքանչյուր նմուշին կցված հավաստագիրը հաստատում է լաբորատորիայում ստացված այս կամ այն մանրաթելի առկայությունը։

Վարդուհի Նազարյանը նշում է, որ իր համար ամենասպասվածը կաթից պատրաստված զգեստն է, որի վաճառքը նախատեսվում է սկսել 2024թ. օգոստոսից։ Նա հավելում է, որ այս ծրագրի իրականացման մեջ իր գլխավոր նպատակն է հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությանը, նորաձեւության միջոցով հանրահռչակել այն թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում եւ աջակցել այդ ժառանգության պահպանմանը:

Vardoui Nazarian բրենդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Նազարյանը մշակել է բնական գործվածքների ստեղծման նոր միջոց՝ նախքան դրանք թելի վերածվելը, բույսերի բաղադրամասերը, սերմերը հյուսվում են մանրաթելերի մեջ: Այս տեխնոլոգիան դիզայներից պահանջել է մի քանի տարի ուսումնասիրել բուսաբանություն, կենսաբանություն եւ քիմիա: Տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման հարցում Վարդուհուն խորհրդատվություն են մատուցում աշխարհի տարբեր երկրների գիտնականներ։ Երբ գալիս է այս յուրահատուկ հագուստներին հրաժեշտ տալու ժամանակը, այն կարելի է լցնել օրգանական պարարտանյութի մեջ կամ թաղել հողում, եւ որոշ ժամանակ անց մանրաթելերում առկա սերմերը կծլեն։

Վարդուհի Նազարյանի բոլոր հավաքածուներն առանձնանում են բնական տեսքի եւ գաղափարական առումով խորը ոճային համադրությամբ, նրա դիզայներական արվեստի առանձնահատկություններն են ինքնատիպ բանաստեղծական մինիմալիզմը, գրաֆիկական, նույնիսկ ճարտարապետական արտահայտչականությունը եւ բազմիմաստությունը: Դիզայների ոգեշնչման հիմնական աղբյուրներից է միջնադարյան հայկական ճարտարապետությունը։

Ի դեպ, Վարդուհի Նազարյանն ավարտել է Մոսկվայի Դիզայնի եւ տեխնոլոգիայի համալսարանի զգեստների ձեւավորման ֆակուլտետը: 2006թ. դեկտեմբերին Վարդուհին ներկայացնում է իր դեբյուտային «Ink and Paper» հավաքածուն:

Մասնակցել է հեղինակավոր տարբեր մրցույթների, այդ թվում՝ «Ռուսական սիլուետ»-ին (2006), որտեղ ստացել է հինգ մրցանակ՝ այդ թվում Ռուսաստանի դիզայներների միության դիպլոմը իր «Purple Pomegranates» հավաքածուի համար եւ Cosmos-Zoloto ընկերության դրամաշնորհը: Կաննում կայացած Ռուսական արվեստի փառատոնի դափնեկիր է (2007), որտեղ ներկայացրել է մի քանի զգեստներ 2008թ.-ի «Միջնադարյան մշուշ» գարուն-ամառ հավաքածուից։ Այնուհետեւ Vogue-ի նկարահանումներից մեկում (2008) հայտնվեց Վարդուհու հեղինակած սպիտակ օրգանզայից բլուզը՝ կրծքին մեծ խաչով: Իսկ արդեն 2009-ին կայացավ նրա դեբյուտը Cycles & Seasons by MasterCard նորաձեւության փառատոնում 2009-10 աշուն-ձմեռ հավաքածուով, որից հետո դիզայները դարձավ փառատոնի մշտական մասնակիցը: Հրավիրվել է Փարիզի «Fashion Next»-ին՝ W Hotel Paris-ում ցուցադրելով 2013-14 աշուն-ձմեռ սեզոնի հավաքածուն: Այդ շնորհանդեսին ներկա էին նորաձեւության աշխարհի ամենաազդեցիկ դեմքերը: Մեր հայրենակցուհու զգեստները փայլել են նաեւ թատերական ներկայացումներում՝ 2023թ.-ին Փարիզի  Hebertot թատրոնում, Ռենատա Լիտվինովայի «Կակտուս» մոնոներկայացման մեջ Balenciaga Haute–Couture 2022 թ.-ի հավաքածուների կոստյումների կողքին գլխավոր դերակատարություն ուներ նաեւ Vardoui Nazarian բրենդի ստեղծած  «Կակտուս»-ի կոստյումը:

Նորաձեւությունից զատ Նազարյանն իրականացնում է տարբեր մշակութային ծրագրեր,  հիշեցնենք՝ 2022թ.-ին Երեւանում, Գյումրիում եւ Զվարթնոցում նա ներկայացրեց մի ինքնատիպ նախագիծ՝ Թեոդոր Կուրենտզիսի musicAeterna-ի չորս երաժշտախմբերի հայաստանյան առաջին հյուրախաղերը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930