Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «պահել» Հայաստանը ռուսական ծիրում

Հունիս 27,2024 12:00

Եթե ռուսական կողմի ընկալմամբ` ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությունը «թղթե հովանոց» է, ապա ինչպե՞ս կոչել Հայաստանը ծնկի բերելու հարցում

Ադրբեջանին ամբողջապես աջակցելու Մոսկվայի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների քաղաքականությունը

Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, վերջերս Ազգային ժողովում, 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «21-26 թվականի կառավարության ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ», – ասաց նա։ Թե, երբ դա տեղի կունենա, ըստ Փաշինյանի, «հնարավոր է մեկ ամիս, հնարավոր է մեկ տարի, հնարավոր է երեք տարի հետո»:

Այնուհետեւ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. «Մեղավորը նրանք են, ովքեր ձեւավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը նաեւ նշել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիեւի ծրագրերից եւ անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել: Իսկ այս տարի արդեն Փաշինյանն ազդարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին, մայիսի սկզբին պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Չնայած 2020թ. 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երեւանի կողմից բազմիցս հնչեցված պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչեւ օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը եւ չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։ Ավելին, ՀՀ դաշնակից պետությունների առաջնորդներն, արդեն հրապարակավ, խոստովանում են, որ աջակցել են Ադրբեջանի ագրեսիային:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի դաշնակից պետությունները մեր երկիրը ծնկի բերելու ադրբեջանական քաղաքականության հովանավորչությունն արդեն չեն էլ թաքցնում: Սակայն, նույնիսկ այս պայմաններում, մեզ անընդմեջ սպառնում են` «փորձվեք նայել Արեւմուտքի կողմը…», կամ` «Արեւմուտքը ձեզ ոչինչ չի տա» բովանդակությամբ հայտարարություններով:

Հայաստանի անցումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ ուղղակի անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում օրերս նշել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է Գալուզինը։ Նրա խոսքով, «արեւմտյան նարատիվների ազդեցության տակ երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում է տեղի ունեցել»։ «Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի եւ գոյություն ունեցող անվտանգության համակարգի անհիմն քննադատություն գնալով ավելի ու ավելի շատ է լսվում Երեւանից։ Բայց ինչ էլ որ խոստանան արեւմտյանները, որոնք դրդեցին Հայաստանի իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը ՀԱՊԿ-ին, կազմակերպությանը՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ, այսօր արդյունավետ այլընտրանքներ չկան»,- ասել էր ՌԴ փոխարտգործնախարարը։

Նշյալ հայտարարություններից մի քանի օր անց «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն արդեն հույս էր հայտնել, որ Երեւանը կհասկանա` ՀԱՊԿ հարթակն անվտանգության հարցերում համագործակցության բոլոր հնարավորություններն է տալիս: «Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ եղանակը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է: Մոսկվան հույս ունի, որ Երեւանը կհասկանա` ՀԱՊԿ հարթակը անվտանգության հարցերում համագործակցության բոլոր հնարավորություններն է տալիս»,- նշել էր նա:

Ըստ Գալուզինի՝ Հարավային Կովկասում արեւմտյան օրակարգը ոչ միշտ է համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին: «Այսօր Արեւմուտքը շարժվում է դեպի Հարավային Կովկաս՝ բացահայտ հակառուսական կոնֆրոնտացիոն օրակարգով: Մենք տարածաշրջանային պատասխանատվությանն ենք հակված ե՛ւ անվտանգության ապահովման առումով, ե՛ւ Հարավային Կովկասում ու այլ տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով»,- նկատել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Հայաստանի դիրքորոշմամբ այդքան «անհանգստացած» ռուս պաշտոնյաները երբեք չեն անդրադառնում հարցին, թե ինչի արդյունքում Հայաստանում հետեւողականորեն ձեւավորվեցին որոշակի հակառուսական տրամադրություններ: Անկախ Հայաստանի իշխանությունների կողմից երբեմն-երբեմն հնչեցվող քննադատական գնահատականներին` մեր հասարակությունը գոնե առնվազն վերջին 10 տարիներին նկատել է Ռուսաստանի եւ մեր դաշնակից պետությունների վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Հակառուսական տրամադրությունները խորանում ու ամրապնդվում են ՌԴ իշխանությունների վարած պետական քաղաքականության շրջանակներում, օրինակ, ամենշաբաթյա ռեժիմով, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով այդպիսիք հնչում են: Այդ գործում մեր հասարակությանը չի օգնում Հայաստանի ներկայիս իշխանությունը, եւ ոչ էլ` Արեւմուտքը:

Ռուսաստանում այսօր ադրբեջանական շահերի պաշտպանությունը պետական քաղաքականություն է, սա փաստ է, եւ սրանում Արեւմուտքի «մատը» հաստատ խառը չէ:

Անցած 15 տարիներին, կամաց-կամաց, այդ հետեւողական քաղաքականության հիմքերը նկատելի են դարձել, պարզապես Հայաստանի քաղաքական գործիչները,  փորձագիտական դաշտի մեծ մասը այդ ակնառու փաստերն անտեսել են ու այսօր էլ շարունակում են անտեսել: Դրա հիմքով, Ռուսաստանը շարունակում է խոսել Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով, ներկայացնելով, թե ինչ կորուստներ են սպասում Հայաստանին` Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման արդյունքում, այսինքն, պարզ ասում են, որ հայկական բիզնեսի համար դա արժենալու է շուկայի կորուստ:

Թեեւ ռուսաստանցի պաշտոնյաները նշում են, որ կարեւորում են Հայաստանի հետ կապերը, թե իբր փորձում են կառուցել փոխադարձ հարգալից եւ փոխշահավետ ձեւով, այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխություն չի նկատվում, սա եւս փաստ է: Որպես այդ քաղաքականության «բոնուս» ներկայացվում են Հայաստանի տնտեսական կապերը, այսինքն, ինչ-որ առումով, ռուսական կողմն էլ իր հայտարարություններով ապացուցում է, որ երկկողմ մակարդակով, Հայաստանի անվտանգային հարցում հարաբերություններում հիմքերը խարխլված են, ուղղակի չեն գործում, մնացել է տնտեսական պատժիչ «մահակը»:

Իրականում, Ադրբեջանը Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակից մյուս երկրների համար առավել արժեքավոր գործընկեր է, քան` Հայաստանը, դրանից բխող հետեւանքներով: Բայց նույնիսկ այս պայմաններում, Մոսկվան Հայաստանը ներկայացնում է արդեն որպես «Արեւմուտքի գործիք», մի երկիր, որը նրանց պատկերացմամբ, օգտագործվում է` «Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի դեմ»։ Ու այս ենթադրյալ գծի «զոհ» Մոսկվան ներկայացնում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ` Իրանին, այսկերպ փորձում են Հայաստանի մյուս հարեւանին` Իրանին էլ «ներքաշել» ընդդեմ Հայաստանի «պատերազմի» մեջ:

Այս պայմաններում ի՞նչ տրամաբանությամբ է Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում հայ ժողովրդի ձգտումներին եւ ինչպե՞ս է ծառայում այդ անդամակցությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործին:

Ռուսաստանը դժգոհում է Հայաստանին տրված «արեւմտյան երկրների խոստումներից», բայց ինքը հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Հետեւաբար, ի՞նչ տրամաբանությամբ են Ռուսաստանից մեզ հրահանգում` «ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, արդյունավետ այլընտրանքներ չկան» ու սպառնում, թե անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանությունը քայքայման է գնում: Եթե նրանց ընկալմամբ` ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությունը «թղթե հովանոց» է, ապա ինչպե՞ս կոչել Հայաստանը ծնկի բերելու հարցում Ադրբեջանին ամբողջապես աջակցելու Մոսկվայի եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների քաղաքականությունը դաշնակից երկրի նկատմամբ:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների «ամրության» վերաբերյալ Մոսկվայից հնչում են պարզապես դատարկ խոսքեր, որովհետեւ գործնականում մատնանշված «բաժակաճառերից» բացի, ոչինչ չի արվում: Ավելին` քաղաքական, տնտեսական, դիվանագիտական շանտաժները ռուսական կողմից էլ ավելի են սաստկանում:

«Վստահ եղեք, մենք միշտ բարեկամություն ենք անելու Հայաստանի հետ եւ զարգացնելու ենք հարաբերությունները, քանի որ խոսքը կոնկրետ անհատների մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածներում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական հորիզոններում։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, մենք խոսում ենք երկու երկրների մասին։ Ես ասացի՝ մենք այնքան հոգի, այնքան ջանք, այնքան ջերմություն ենք ներդրել մեր հարաբերությունների զարգացման համար, որ ոչ ոք չի կարողանա դրանք փչացնել»,-վերջերս հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Կամ նրա խոսքի հետեւյալ հատվածը. «Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում միշտ առաջնահերթ են եղել մեզ համար մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։ Դրանք միշտ կառուցվել են հավասարության, շահերի փոխադարձ նկատառման, տարածաշրջանում իրավիճակի բարդության ըմբռնման վրա։ Ես, հավանաբար, չպետք է թվարկեմ դրանք, բայց քանի որ դուք հարցրեցիք դրա մասին՝ Ռուսաստանը մտադրություն ունի՞, ինչպես դուք ասացի՞ք… վերականգնել հարաբերությունները… Ես հասկանում եմ, որ շատերն են ուզում տապալել դրանք, եւ շատերն են շատ բան արել երկկողմ հարաբերություններին վնասելու համար, բայց ինձ թվում է, որ Ռուսաստանն իր բաց սրտով, իր լայն հոգով ամեն ինչ արեց, որ այդ փորձերն ապարդյուն լինեն, չնայած իր հասցեին նույնիսկ շատ ոչ ադեկվատ, երբեմն ծայրահեղ վիրավորական հայտարարություններին, ուղղված ապակառուցողական քայլերին, դուք ճիշտ ասացիք ոչ թե խաթարելու Ռուսաստանը, միգուցե այդտեղ էին նպատակադրում, այլ երկկողմ հարաբերությունների խաթարում, ինչն առաջին հերթին հարվածել է Հայաստանի ժողովրդին՝ խարխլելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը…»։

Շարունակաբար «իմաստություն ցուցաբերելու» կոչեր անելով Հայաստանի իշխանություններին, սակայն միաժամանակ սպառնալով, թե` Արեւմուտքի «սուտ խոստումներին չհավատա՛ք», այս ձեւո՞վ է Ռուսաստանի ներկայիս իշխանությունը փորձելու «պահել», «վերադարձնել» Հայաստանի իշխանություններին:

Եթե անգամ Մոսկվային հաջողվի «պահել», կամ «վերադարձնել» Հայաստանի իշխանությանը (եթե համարենք, թե ՀՀ այսօրվա իշխանությունն ամբողջությամբ դուրս է եկել ռուսական ծիրից), իսկ հայ ժողովրդի կորսված վստահությունն ինչպե՞ս են վերականգնելու…

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930