Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց վայ էն կատակին, որ լրիվ ճիշտ չէ»

Հունիս 27,2024 13:00

Հունիսի 24-ը չորս տասնյակ գրքերի հեղինակ, «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր, Գերագույն խորհրդի պատգամավոր, «Արծվաշեն» հայրենակցական միության նախագահ, երգիծապատումների համար «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Ծիծաղի տուն» հաղորդման հիմնադիր եւ վարող Արամայիս Սահակյանի հիշատակի օրն է:

Արամայիս Սահակյանը, ում հետ տասնյակ տարիներ բարեկամաբար շփվել եմ, երազում էր մամուլի շենքում` Արշակունյաց պողոտայի իր զբաղեցրած երգիծաթերթի տարածքում ունենալ թանգարան, ուր կցուցադվեին 1954-ին հիմնադրված երգիծաթերթը, արխիվային նկարները, ձեռագրերը…

Ավաղ, նրա մահվանից հետո ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանը հազիվ դիմադրեց` մի սենյակը պահպանելով, իսկ ապա Բալայանի մահվանից հետո այսուանկողմ հայտնվեցին երգիծաթերթի արխիվը, ձեռագրերը…

Արամայիս Սահակյանի ձեռքին մշտապես գրիչ ու ծոցատետրից պոկված թերթիկներ կային, ու խոսելիս, եթե հասցնում էիր կատակել, կամ թե ինքը սրախոսում էր, նույն պահին գրի էր առնում:

Մանրապատումների գերակշիռ մասը իրական են, երբեմն բարեկամներն ու թշամիները, հատկապես նրանք, ովքեր իրավապահ համակարգից, արդարադատության ոլորտից էին, կարող էին նեղանալ, սպառնալ: Բայց կային նաեւ բարեկամներ, որոնք ընդառաջ էին գնում նրա տարատեսակ խնդրանքներին, սուր քննադատությանը: Սահակյանի հումորային գրառումները հաճախ անարձագանք չէր մնում, անգամ մարդիկ էին հեռացվում համակարգից, հենց այդ գրառման քննադատական խորքը տեսնելու արդյունքում: Կային այդպիսի ժամանակներ էլ, երբ տպագիր խոսքը ազդեցիկ էր…

«Մի սրիկայի մասին կարծիք հայտնեցի. «Նա այնքան անպետք մարդ է, որ նույնիսկ իր թաղմանը չի մասնակցելու, թեեւ շատերը կարող են մասնակցել… ուրախությունից….»: Վերջերս այդ սրիկան հանդիպեց փողոցում.

-Չգիտեմ ինչու`քթիս ծայրը կարմրել է-ասաց մտահոգ:

-Ինչո՞ւ չգիտես: Ամեն տեղ քիթ ես մտցնում,-ասացի ես, բայց վայ էն կատակին, որ լրիվ ճիշտ չէ …կատակով ասացի ես»:

Կամ սա` «Գնացի ծանոթ դատավորի մոտ («իրավա-պահ-պահ-պահ մարմին»):

-Նստիր,-ասաց նա:

– Քանի տարով…,-հարցրի ես, ապա հետաքրքրվեցի, թե գնդակահարության դատապարտված մարդ չկա՞, զրուցեմ:

-Չկա, բայց քո խաթրին կստեղծեմ…,-խոստացավ նա:

-Միայն թե հետո կաշառքով ազատես,-ժպտացի ես:

-Թալա՞ն է, ի՞նչ է` առանց կաշառքի…Կարծես դու ես գրել. «Քաղաքացի դատավոր, խնդրում եմ քիչ տաս», իսկ նա պատասխանել է. «ԳԱԻ-ն լավ գործեր անում է, բայց շատ հաճախ համը հանում է»: Համը չհանեցի՞ն…

-Հանեցին: Իսկ ինչու իմ ծննդյան օրը նվեր չտվեցիր…

-Չգիտես, որ իրավաբաններս վերցնում ենք, ոչ թե տալիս…»:

Արամայիս Սահակյանի հայտնի պատմություններից մեկն այս է.

«Պարոն Ոզնի, մենք շատ ուրախ ենք, որ Դուք զբաղվում եք բանդիտիզմով, տեռորով, ահաբեկչությամբ, մարդասպանությամբ, թալանով ու թմրամոլությամբ,-գովեցին ամբիոնից:

-Շատ շնորհակալություն, -ասացի ես, -բայց մի փոքրիկ ճշտում՝ մենք զբաղվում ենք ոչ թե դրանցով, այլ դրանց դեմ պայքարի օրենքներով: Այդ օրենքները պետք է տարածվեն բոլորի վրա»…

Պատգամավոր եղած տարիներին նա հրատարակեց 10 000 տպաքանակով «Ուրախ նվեր» գրքույկը, որը բաժանեց նաեւ խորհրդարանում այդ տարիներին հավատարմագրված լրագրողներիս:

Ահա ԳԽ- պատումներից մեկը.

«-Պարոն Սահակյան, զբաղեցրեք Ձեր տեղը,-դիտողութուն արեցին խորհրդարանի ղեկավարները:

-Երեք տարի է` դուք զբաղեցրել եք ուրիշների տեղը, ես երեք րոպե իրավունք չունե՞մ,-զարմացա ես»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930