Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը» թեմայով քննարկում, որին հաջորդեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին» բանաձևի ընդունումը՝ միաձայն՝ ձայների 39 կողմ հարաբերակցությամբ։
Համազեկուցող Բորիանա Աբերգն իր ելույթում նշեց․ «2022-ին մենք ողջունեցինք ՀՀ-ի ժողովրդավարական զարգացումը և փաստը, որ ՀՀ-ն կարողացավ հաղթահարել քաղաքական ճգնաժամը։ ԼՂ հակամարտությունը կրկին վերածնվեց։ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը մեծ ռազմական գործողություն ծավալեց ՀՀ-ի սահմանին և օկուպացրեց ՀՀ-ի տարածքի մի մաս։ 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը ԼՂ-ի բնակչությանը պահեց շրջափակման մեջ՝ արգելափակելով Լաչինի միջանցքը՝ ցինիկաբար ցույց տալով, թե իբր դա էկոակտիվիստների գործողություններն են։ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերին կրկին հարձակվեց՝ ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Ավելի քան 100 հազար հայեր լքեցին ԼՂ-ն»։
Համազեկուցողն անդրադարձավ նաև Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն ու ասաց․ «Փողոցային լայնածավալ ցույցեր անցկացվեցին Երևանում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ եպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ՝ սահմանազատման խնդրով։ Հակառակ բարդ համատեքստի՝ Հայաստանը շարունակում է առաջ ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների ուղիով։ Սա ամենակարևոր ուղերձն է, որ զեկույցն ուզում է փոխանցել»։
Բորիանա Աբերգը նշեց՝ ամենամեծ վտանգը հայկական ժողովրդավարության կարող է ոչ թե դրսից գալ, այլ ներսից․ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է, և հույս ունեմ, որ այդ ճանապարհին Հայաստանը կստանա Վեհաժողովի աջակցությունը»։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ քաղաքական խմբերի ներկայացուցչներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանում կա քաղաքական բևեռացվածության խնդիր։ Սոցիալիստների խմբից Պիեռ Ֆասսինոն հայտարարեց՝ այս վեհաժողովը պետք է ամրագրի ՀՀ-ի ինքնիշխանության ու ամբողջականության պահպանումը։ Նա նշեց, որ հայերի պատմությունը մարդկային քաղաքակրթության կարևոր մի մաս է։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ նշեց, որ ներքին քաղական իրավիճակը խիստ բևեռեցված է, ինչը հաճախ հանգեցնում է կառավարական և ընդդիմադիր ուժերի բախման և ներքաղաքական իրավիճակի ապակայունացման։
Օկտավիա Մոդերտը (ԵԺԿ) նշեց՝ Հայաստանն այս տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ կա իրական ժողովրդավարություն։ Անդրադառնալով իրենց՝ Հայաստան այցին, ասաց․ «Ես խորհրդարանական վեհաժողովի անդամներից էի, որը վերջերս այցելել էր Հայաստան։ Մենք տեսել ենք, թե ադրբեջանական զորքերն ինչպես են տեղակայված հայկական բնակավայրերի վերևում՝ սահմանի՝ նոր սահմանագծված հատվածում, լսել ենք նրանց կրակոցները»։
Պահպանողականների խմբի անունից ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Նա հայտարարեց․ «Փաստաթուղթը, որը դրված է քննարկման, չի արտացոլում իրական իրավիճակը ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով։ Կա թյուրըմբռնում իմ երկրում իրավիճակի վերաբերյալ։ Երկրում ավելի քան երկու ամիս է ընթանում են ինտենսիվ ներքաղաքական զարգացումներ։ Եվ տարօրինակ է, որ սրա մասին նշում չկա զեկույցում։
Հունիսի 12-ի իրադարձությունները դարձան հակաժողովրդավարական թրենդի նոր դրսևորում։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ ընդդեմ խաղաղ ցուցարարների, ավելի քան 100 մարդ ստացավ վնասվածքներ, տասնյակ անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Եվ ոչ մի ոստիկանության ներկայացուցիչ պատասխանատվության չենթարկվեց»։ Արմեն Գևորգյանը նշեց՝ ներկայացված բանաձևը ոչ միայն թույլ չի տալիս ամրապնդել ժողովրդավարությունը, այլև, որ ամենավատն է, թույլ է տալիս ապագա բոլոր կառավարություններին անվտանգ կերպով անտեսել մարդու իրավունքների և օրենքի գերակայության օրակարգը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը թվարկեց, թե 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանն ինչ վտանգներ, ինչ մարտահրավերներ է տեսել և վստահեցրեց, բայց շարունակել է ընթանալ ժողովրդավարական ուղով, կատարել բարեփոխումներ, գրանցել տնտեսական զարգացում, պայքարել կոռուպցիայի դեմ և այլն։
Նա հայտարարեց․ «Հակաժողովրդավարական ուժերը ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս փորձելու են ստեղծել մի նարատիվ, որի համաձայն՝ այս մարտահրավերների պատճառը ժողովրդավարությունն է, նրանք փորձելու են Հայաստանի ժողովրդին և տարածաշրջանում համոզել, որ ժողովրդավարությունը բերում է քաոս և անկայունություն, բայց մենք կարծում ենք, որ ժողովրդավարության շնորհիվ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները կարողացան հաղթահարել այս բարդ մարտահրավերները։ Հենց ժողովրդավարության շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է պահպանել իր ինքնիշխանությունը։ Մենք կշարունակենք մեր ժողովորդավարական ուղին, բայց պետք է ձեր օգնությունը»։
Բորիանա Աբերգն իր եզրափակիչ ելույթում նշեց՝ Հայաստանը վառ օրինակ է, թե ինչպես կարող է նախկին խորհրդային երկիրը վերածվել իրական ժողովրդավարության։
Անդրադառնալով Արմեն Գևորգյանի հնչեցրած քննադատություններին՝ համազեկուցողը նշեց՝ այս զեկույցով մենք կոչ են անում քաղաքական մշակույթի արմատական փոփոխությունների։ Հիշեցրեց՝ Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հրապարակել քաղաքական մեծամասնության և ընդդիմության փոխհարաբերությունների վերաբերյալ․ «Եվ մենք հատկապես քաջալերում ենք պարոն Գևորգյանին աչքի անցկացնել այդ փաստաթուղթը։ Ես բավարար ժամանակ չունեմ անդրադառնալու քննադատությանը, թե մենք օբյեկտիվ չենք եղել այս զեկույցը պատրաստելիս, բայց ուզում եմ փաստել, որ երբ լսում էինք ելույթները, որևէ մեկը կասկածի տակ չդրեց մեր զեկույցի օբյեկտիվությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ