Հունիսի 26֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել:
Ներկա են եղել մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, աղետի գոտու վերականգնման աշխատանքներում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ներկայացվել է հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Մասնավորապես նշվել է, որ վնասների գույքագրման գործընթացն ավարտվել է: Ամբողջությամբ գույքագրվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած կորուստները, այժմ կատարվում են ուսումնասիրություններ և ճշգրտումներ:
Կարդացեք նաև
Աղետից տուժած հատվածներում ախտահանման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, հակահամաճարակային իրավիճակը վերահսկելի է: Խմելու ջրի որակի ամենօրյա հսկողություն է կատարվում:
Մարզպետն ընդգծել է, որ աղետի գոտու վերականգնման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքներում անհրաժեշտ է լինել հետևողական:
Քննարկվել են նաև Ալավերդի համայնքում ուժգին քամու հետևանքով վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման հետ կապված հարցեր:
Տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ