Լրահոս
Օրվա լրահոսը

Շուռնուխի 13 տների կառուցման վրա ծախսվել է ոչ թե 1.21 այլ 1.26 միլիարդ դրամ. թանկարժեք թաղամասի կառուցման հետքերով

Հունիս 26,2024 22:10

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում, նոր թաղամասի՝ 13 տների եւ անասնագոմերի կառուցման համար ծախսվել է ոչ թե 1.21 այլ 1.26 միլիարդ դրամ. դրանից բուն բնակարանաշինական աշխատանքների վրա ծախսվել է  813.75 միլիոն դրամ. այս մասին, Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ եւ ծանոթացել մարզում կառավարության կողմից սուբվենցիոն եւ այլ ծրագրերով իրականացվող շինարարության ընթացքին: Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառը եղել էր Շուռնուխ բնակավայրում, որտեղ, 44-օրյա պատերազմից հետո, գյուղի որոշ մասի՝ Ադրբեջանին հանձնումից հետո, կառավարությունը նոր թաղամաս էր կառուցում 13 տեղահանված ընտանիքների համար: Ըստ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, Շուռնուխում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը. «Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, թվով 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է»:

Մոտ երեք միլիոն դոլարով 13 տան, թեկուզ գոմերը ներառյալ, կառուցումը, մամուլում աղմուկ բարձրացրեց:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նաեւ պարզաբանել է, թե  ինչի՞ վրա է ծախսվել գումարի մնացած մասը. «Ամբողջ բնակելի թաղամասի կառուցման ընդհանուր ծախսը կազմել է 1.26 միլիարդ դրամ, որը ներառում է բնակելի թաղամասի ինժեներական ենթակառուցվածքների կառուցում, էլեկտրամատակարարման բարձր լարման օդային գծերի վերատեղադրման, տրանսֆորմատորային ենթակայանի տեղադրման, ասֆալտաբետոնյա ծածկույթով ճանապարհների, նաեւ փողոցի մայթերի կառուցման, խմելու ջրի ջրամատակարարման, լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ, 13 առանձնատների արտաքին ջրամատակարարման, կոյուղու մաքրման կայանի եւ կոյուղատարերի, ցածր լարման էլեկտրամատակարարման համակարգերի, նաեւ հենապատերի, քայլուղիների կառուցման աշխատանքներ: Նշված ընդհանուր թվից, 813.75 միլիոն ՀՀ դրամ ծախսվել է 13 առանձնատների կառուցման համար, որը ներառում է 13 անասնագոմերի, պարսպի եւ բնակելի 13 տների կառուցումը՝ պատշգամբներով, նկուղով, ներքին սառը եւ տաք ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, օդափոխության ու էլեկտրալուսավորման համակարգերի, սանհանգույցների կառուցման, ինչպես նաեւ բոլոր տեսակի հարդարման աշխատանքներով՝ յուրաքանչյուրի միջին արժեքը կազմել է 62.59 միլիոն դրամ»:

Ի դեպ, Շուռնուխում նոր բնակելի թաղամասի կառուցման ժամկետները հետաձգվեցին մի քանի անգամ. արդյունքում, այս բնակարանները մարդիկ մեկ տարվա փոխարեն ստացան երեք տարի հետո:

Այս առիթով, քաղաքաշինության կոմիտեից Aravot.am-ին պարզաբանել են. «Ծրագրի ամբողջական իրականացումը երկարաձգվել է՝ պայմանավորված 2022 թվականին տեղի ունեցած սահմանային միջադեպերով, ցեմենտի դեֆիցիտի պատճառով, բետոնացման աշխատանքների ժամանակին իրականացման անհնարինությամբ, ճանապարհի փլուզման հետեւանքով առաջացած առանց այդ էլ բարդ լոգիստիկ խնդիրներով: Բացի այդ, առաջացել էին խմելու ջրի եւ էլեկտրաէներգիայի ապահովման հետ կապված խնդիրներ»:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի փոխանցմամբ, բնակելի նոր թաղամասի համար կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ եւ օրվա կարգավորիչ նոր ջրամբար

«Բացի այդ, իրականացվել են բնակելի տների տարածքով անցնող օդային բարձրավոլտ հոսանքագծի տեղափոխման աշխատանքներ, 13 տների եւ արտաքին լուսավորության էլեկտրասնուցման միացման աշխատանքներ»,- ասված է տրամադրված պատասխանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930