Գյումրին կունենա աղբի մշակման գործարան։ Այն կկառուցվի քաղաքի աղբադաշտի ու ծայրամասային թաղամասերից մեկի՝ Բուլվարայինի արանքում՝ 2 հա մակերեսով հողամասում։
Գործարանը կառուցելու նախաձեռնությունը «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերությանն է, որն աղբի մշակման գործող գործարան ունի Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայաստանում հիմնում է առաջին անգամ։
Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգ էր մտցվել «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերությանը Գյումրի քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելու մասին նախնական համաձայնության տալու հարցը։
Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ թեմայի շուրջ հանրային լսում է անցկացվել ու նախագիծը հավանության է արժանացել, ու որպեսզի ծրագիր շարունակվի, ըստ օրենքի, նախնական համաձայնության պիտի արժանանա նաև ավագանու կողմից։
Կարդացեք նաև
Ճարտարապետն ասաց, որ գործարանն աշխատելու է առանց արտանետումների, փակ արտադրություն է, ամբողջապես լուծվելու է քաղաքն աղբից մաքրելու հարցը՝ հավաքելու են այն ու մշակելու։
Ըստ Հենրիկ Գասպարյանի, ընկերությունն, ամենայն հավանականությամբ, Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի հետ համատեղ կհավաքի աղբը քաղաքից։
Ընկերության տնօրեն Միխայիլ Բադինն էլ ավագանու անդամներին պարզաբանեց, որ իրենք գործող գործարան ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն այն, ինչ պատրաստվում են կառուցել Գյումրիում, նախադեպը չունի Հայաստանի տարածքում։
Ըստ նրա, գործարանի կառուցումը կլինի փուլային՝ կապված լիցենզիաների հետ։ Ըստ ծրագրի, գործարանը կզբաղվի նաև աղբաթափությամբ։ Տնօրենը խոստացավ՝ քաղաքում տարիներով կուտակված հին աղբը հավաքելու ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել։
Գյումրու ավագանին տվեց իր համաձայնությունը՝ քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ shantnews.am-ի