Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. Անահիտ Մանասյան

Հունիս 26,2024 21:21

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, միջգերատեսչական միջոցառումների կազմակերպումը՝ խնդիրները բարձրաձայնելու, դրանք համատեղ ուժերով քննարկելու և հետագայում դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին` մենք պարբերաբար ստանում ենք ահազանգեր բռնության, խոշտանգումների վերաբերյալ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, խոշտանգումների զոհերին տրամադրվող աջակցությունը, այդ գործերով իրականացվող քննությունն ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինի»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Ըստ նրա՝ ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեավորել և խոշտանգման գործերով իրականացնել պատշաճ քննություն` հաշվի առնելով նշված գործերի քննության առանձնահատկությունները։ Չափազանց կարևոր է, որ մեր պետությունն ունենա խոշտանգումների զոհերի աջակցման պատշաճ կառուցակարգեր։

Բացման խոսքով է հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող,-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորտում նրանց շարունակական վերապատրաստումները։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները, Խոշտանգման հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, Խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը, ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշները, ոլորտի ՄԻԵԴ վճիռները, ոչ հոժարակամ բուժումը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառումը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությունը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ և այլն։

Իրավասու մարմինների ներկայացուցիչները քննարկման ընթացքում բարձրաձայնել են առավել հաճախ հանդիպող խնդիրները, քննարկվել են լուծման ուղիները։

Վերապատրասման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930