Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գյումրիի աշակերտներին հիասթափեցրեցին ու չուղարկեցին Դուբայ․ ՔՊ-ն հաշիվ պահանջեց քաղաքապետից

Հունիս 26,2024 19:03

Aravot.am-ն անդրադարձել էր, որ «Հակոբյաններ Համահայկական կենտրոնը» «Գերազանցիկ» ծրագրի շրջանակներում՝ որպես խրախուսանք, Շիրակի մարզի մոտ 65 աշակերտների պատրաստվում է հուլիսի 5֊ին ուղարկել Դուբայ՝ կրթական-մշակութային և ժամանցային շրջագայության։

Ի սկզբանե նախատեսված է եղել ուղարկել 100 աշակերտի, սակայն ցուցակից դուրս են մնացել Գյումրիի ու Անի խոշորացված համայնքի աշակերտները, որն էլ հարուցել է ծնողների զայրույթը։

Նրանք հարց էին ուղղել․ «Մի՞թե Գյումրի ու Անի համայնքները դուրս են եկել Շիրակի մարզի կազմից»։

Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ  Aravot.am-ին պարզաբանել էր, որ համայնքապետարանները որոշակի ֆինանսական մասնակցություն պիտի ունենային ծրագրին, սակայն նրանք հրաժարվել են։

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ ՔՊ խմբակցության անդամ, Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հարցրեց, թե ո՞րն է պատճառը Գյումրիի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին ոգևորելու ու հետո  հիասթափեցնելու։

Լիլիթ Մուրադյանը նշեց՝ գուցե և չբարձրաձայներ այս հարցը, եթե մամուլը չանդրադառնար թեմային․ չգրեր ծնողների արդարացի դժգոհությունները ու այն պարզաբանումը, թե համայնքը հրաժարվել է ֆինանսավորել։ Նա հարցրեց՝ մի՞թե այդ հարցը չպիտի մտներ ավագանու օրակարգ։

«Երեխաներին կանչել են, տեղեկացրել են, նրանք ոգևորություն են ապրել, բայց վերջին պահին Գյումրի համայնքը ֆինանսավորում չի հատկացրել։ Ուզում եմ  հասկանալ պատճառը, ինչո՞ւ առհասարակ այս հարցը չի քննարկվել ավագանու հետ»,-հարցրեց ավագանու անդամը։

Նա նաև նշեց՝ եթե կային  խնդիրներ, ճիշտ կլիներ ի սկզբանե տեղեկացնեին։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը պարզաբանեց՝ ֆինանսական միջոցներ տվյալ պահին չեն ունեցել, պատճառը դա է եղել, թեև կրթության, մշակույթի, սպորտի զարգացման համար գումար չեն խնայում։ Բյուջեում տվյալ նախաձեռնության համար գումար նախատեսված չի եղել։

Լիլիթ Մուրադյանը հակադարձեց․ «Ի սկզբանե կարող էիք տեղեկացնել չէ ՞ երեխաներին այդ մասին», որին քաղաքապետը արձագանքեց․ «Ի սկզբանե, որ ասում եք, տեղեկացրել ենք»։

Լիլիթ Մուրադյանը շարունակեց․ «Երեխաներին հավաքել եք դահլիճում, պայմանավորվածություն է եղել»։

Վարդգես Սամսոնյանն իր հերթին հետաքրքրվեց․ «Ո՞վ է ձեզ հավաստիացրել, ասում եք երեխաներին հավաքել ենք, ո՞վ է հավաքել, որտե՞ղ, ո՞վ է ասել կլինի ու հետո ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հրաժարվել է»։

Լիլիթ Մուրադյանը պատասխանեց․ «Կազմակերպիչների հետ բանավոր պայմանավորվածություն եղել է, այսպես չէ՞», իսկ քաղաքապետը պարզաբանեց, որ մի անգամ է հանդիպում եղել մարզպետարանում, որտեղ և իմանալով  գումարի չափը՝ ինքն ասել է՝չունենք միջոցներ։

«Եթե մինչ այդ որևէ մեկը խոստացել է, ուզում եմ իմանալ՝ ո՞վ է  խոստում տվել, որ մեր երեխաներն էլ հիասթափվել են», -հարցրեց քաղաքապետը։

Լիլիթ Մուրադյանը պատասխանեց․ «Ամեն դեպքում երեխաները ընտրվել են, երեխաներին ասել են՝ դուք գնալու եք, համայնքը ձեզ օգնելու է, իսկ ավագանուն այդպես էլ հարցը չի ներկայացվել կամ բանավոր քննարկում տեղի չի ունեցել այդ մասով»։

Քաղաքապետը նորից հարցրեց․ « Ո՞վ է եղել այդ ասողը, ո՞վ է լիազորված մարմինը, որ ասել է՝ կլինի, հետո՝ պարզվել է, չի լինի։ Դուք՝ որպես ավագանու անդամ, եթե գրավոր այդ հարցը բարձրաձայնեիք, կպատասխանեինք, որ հոդվածով այդ գումարը չկա»։

Համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանն էլ հավելեց, որ հանրակրթական դպրոցները համայնքապետարանի ենթակայության տակ չեն գործում, իրենք հազիվ կարողանում են ՀՈԱԿ-ների երեխաների պահանջները բավարարել, բացի այդ, համայնքը, ըստ «Բյուջետային համակարգի օրենքին» իրավունք չունի ՊՈԱԿ-ներին գումար տրամադրելու։

Լիլիթ Մուրադյանն ասաց, որ գումարը տրամադրվելու էր հիմնադրամին, ոչ թե ՊՈԱԿ-ներին։ Նա նաև հիշեցրեց, որ Գյումրու ավագանին բավական շռայլ է անգամ ՀԿ-ների հանդեպ, երբ անհրաժեշտ է, գումար է հատկացնում՝ որպես օգնություն։

Իսկ քաղաքապետը մեկ անգամ ևս կրկնեց, որ Դուբայ մեկնելու ծախսերը բավական մեծ էին, իրենք չէին կարող, քանի որ մանկապարտեզների ծախսերի 50 տոկոսը համայնքն իր վրա է վերցրել, հազիվ են հասցնում։

Վարդգես Սամսոնյանն ասաց․ «Չի ասում գյումրեցին՝ մենք մեր ոտքերը մեր յորղանի չափով պիտի երկարացնենք, հնարավորություններս պիտի ներեն, չէ՞։

Ուրիշ առիթ կլինի, կկրկնապատկենք, կեռապատկենք, մեր վրա թողնողը չենք, միշտ կանգնած ենք եղել մեր երեխաների կողքին ու պարտավոր ենք կանգնելու, ուղղակի տվյալ ժամանակաշրջանում ֆինանսը չի ներել »։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930