Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ն առաջարկում է «հոգեբուժարաններում» բառը փոխարինել «բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հոգեբուժական բաժանմունքի» արտահայտությամբ

Հունիս 26,2024 18:40

2024 թ․ հունիսի 5-ին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀՇՆ 31-03.07- «Առողջապահական կազմակերպություններ. հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մշտապես ընդգծելով հոգեկան առողջության ոլորտում իրավական ակտեր մշակող/ընդունող իրավասու մարմինների իրավունքահեն մոտեցման անհրաժեշտությունը, ուսումնասիրել է Նախագիծը և արձանագրել որոշ հոդվածներում խնդրահարույց կարգավորումներ։

Նախագծով առաջարկվում է «առողջություն» եզրույթը սահմանել որպես լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն։

Այս սահմանումը կարծես թե վերցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնադրությունից, սակայն սխալ թարգմանության պատճառով այլ բովանդակություն է ստացել։ ԱՀԿ կանոնադրության (1946 թ․) համաձայն՝ առողջությունը լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ է, և ոչ միայն հիվանդության կամ ֆիզիկական թուլության բացակայություն[“Health is a state of complete physical, mental and social well-being and not merely the absence of disease or infirmity”]։ Փաստացի ԱՀԿ-ն չի օգտագործում հաշմանդամություն եզրույթը։

Բացի այդ  Նախագծով առաջարկվող առողջության սահմանման տարբերակի ընդունման դեպքում այն հակասելու է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Այսպես, Կոնվենցիան հաշմանդամությունը  սահմանում է որպես էվոլյուցիոն երևույթ, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքում։ Հետևաբար հաշմանդամությունը չի կարող դիտարկվել առողջության սահմանման շրջանակում։

Առողջության սահմանումը կարևոր նշանակություն ունի առողջապահության բնագավառում քաղաքականությունների մշակման, ծրագրերի իրականացման հարցում։ Այն պետք է համարժեք լինի ոլորտային խնդիրներին և մարտահրավերներին։

Չնայած նրան, որ ԱՀԿ կողմից օգտագործվող սահմանումը հաճախ քննադատվում է տարբեր փորձագետների կողմից և նույնիսկ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը մշակելիս Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն հրաժարվել է ԱՀԿ Սահմանադրության նախաբանում ամրագրված առողջության սահմանումից, այն  շարունակում է մնալ որպես միջազգային համաձայնությունը արտահայտող միակ սահմանում։

Հետևաբար առաջարկում ենք վերանայել Նախագծով առաջարկվող սահմանումը և ձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝ առողջություն՝ լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ։

Նախագծով բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ կարգավորումներում առանձնացվում են հոգեբուժական կազմակերպությունները։

Այսպես, օրինակ՝ Նախագծի 83-րդ կետը նախատեսում է, որ «բժշկական միջամտությունների սենյակների տարողունակությունը ցերեկային ստացիոնարներում պետք է լինի 10 տեղից ոչ ավել։ Հոգեբուժարաններում հիվանդասենյակները  պետք է կահավորվեն առավելագույնը 6 մահճակալով»:

Նախագծի 83-րդ կետի կարգավորումները վերաբերում են միայն հոգեբուժական կազմակերպություններին։ Մինչդեռ դրանք պետք է կառուցվեն հաշվի առնելով հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման բնույթը, ինչպես նաև որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը։  Հոգեբուժական կազմակերպությունները չպետք է ունենան առանձնահատուկ կարգավիճակ, իսկ հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի հավասար հիմունքներով՝ անկախ հաստատության տեսակից։

Հաշվի առնելով վերոնշյալ մոտեցումը՝ առաջարկում ենք «հոգեբուժարաններում» բառը փոխարինել «բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների  հոգեբուժական բաժանմունքի» արտահայտությամբ։

Բացի այդ, մի շարք հոդվածներում հղում է արվում ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 4-ի N01-Ն հրամանին, որով սահմանվում են հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները։

Առաջարկում ենք հղում չանել նշված հրամանին, որպեսզի կարգավորումները տարածվեն բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների վրա։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930