Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոլոգիական անվտանգություն». էկոլոգիական քաղաքագիտության վերաբերյալ հայրենական մասնագիտական գրականության մեջ առաջին հիմնարար աշխատությունը

Հունիս 26,2024 17:55

Լույս է տեսել քաղաքական գիտությունների թեկնածու, ԶՈՒ գնդապետ, գրող Առլեն Շահվերդյանի «Էկոլոգիական անվտանգություն. ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ» վերնագրով մենագրությունը (խմբագիր՝ ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տ. Քոչարյան, գրախոսներ՝ ք.գ.դ., պրոֆեսոր Գ. Քեռյան, ք.գ.դ. Ս. Մինասյան, կ.գ.թ. Կ. Մանվելյան):

Քաղաքական էկոլոգիայի կամ էկոլոգիական քաղաքագիտության, այդ թվում՝ քաղաքական հարաբերությունների ու գործընթացների վրա էկոլոգիական անվտանգության խնդիրների ազդեցության, բնահամակարգի միտումնավոր ոչնչացման կամ էկոցիդի հետազոտություններով Ա. Շահվերդյանը զբաղվում է դեռ 2010 թվականից: Նա երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Նոր լույս ընծայված մենագրությունը հեղինակի վերջին 14 տարիների խորքային հետազոտությունների արգասիքն է և «էկոլոգիական քաղաքագիտություն» գիտաճյուղի վերաբերյալ հայրենական մասնագիտական գրականության մեջ առաջին հիմնարար աշխատությունը, որի բացառիկ արժեքը բարձր են գնահատել Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականներ և գործիչներ:

Մենագրությունում ներկայացված են էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի ռազմավարական, ռազմական ռազմավարական, քաղաքագիտական և անվտանգային գնահատումներ՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային չափումներում, արդի քաղաքական, տնտեսական, տեղեկատվական գործընթացներում, ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում` էկոլոգիական անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոտեցումների ու մեխանիզմների, արդի մարտահրավերներին համապատասխանող քաղաքականության և ռազմավարության մշակման անհրաժեշտության համատեքստում: Կարևորված են քաղաքական էկոլոգիայի կամ էկոլոգիական քաղաքագիտության դերն ու նշանակությունը, այդ թվում՝ քաղաքական հարաբերությունների ու գործընթացների վրա էկոլոգիական անվտանգության խնդիրների ազդեցությունը, բնահամակարգի միտումնավոր ոչնչացումը (էկոցիդ) և այլն: Գրքում ընդգծված է էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի նշանակության մեծացումը բնաոչնչացման դատապարտմանն ու քրեականացմանն ուղղված միջազգային իրավական գործընթացներում՝ որպես ՀՀ անվտանգային շահերի ապահովման և առաջմղման նոր ու հեռանկարային հնարավորություն: Մանրամասնորեն արծարծված են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում և, հատկապես՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ էկոլոգիական խնդիրները, հետևանքներն ու հետևությունները:

Գիրքը աչքի է ընկնում հարուստ բովանդակությամբ և տպագրական բարձր որակով: Այն տպագրվել է «Լիմուշ» տպարանում, գրանցված է ՀՀ ազգային և ԵՊՀ գրադարաններում: «Էկոլոգիական անվտանգություն. ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ» գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի «Ֆենիքս» գրախանութի ցանցում՝ Իսահակյան 18, Կորյուն 19/5 և Վաղարշյան 19 հասցեներով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930