Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց մի մասը կդիմադրի, բայց որ ասեմ՝ զենք կառնենք, կկանգնենք իշխանությունների դեմ, դա էլ սուտ կլինի»․ ի՞նչ տրամադրություններ են Տիգրանաշենում

Հունիս 26,2024 17:46

Արարատի մարզի Պարույր Սեւակի համայնքապետարանի աշխատակից Արտակ Ասատրյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց, թե վերջին զարգացումների համատեքստում ինչ տրամադրություններ են Տիգրանաշենում։

ՀՀ իշխանությունների՝ այսպես կոչված անկլավների մասին հայտարարություններից հետո հանրության շրջանում պարբերաբար մտահոգություններ են հնչում Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին։ Այս տարվա ապրիլին, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց Տավուշի մարզում սահմանազատման գործընթաց սկսելու մասին, հայտարարության մեջ արդեն հստակ հիշատակվում էր նաեւ այսպես կոչված անկլավների հարցը։ Մասնավորապես, ըստ ԱԳՆ հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել «շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցերով»։

Տիգրանաշենը միավորված է Պարույր Սևակ համայնքին։ Կառավարության՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանների գնման արտոնյալ ծրագրում Տիգրանաշենի անունը նշված չէ։

Արտակ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինչո՞ւ Տիգրանաշենը նշված չէ այդ ցանկում։ «Ծրագրից օգտվելու համար մարդը պետք է ունենա սեփական տնամերձ հողամաս, որ դիմի կառավարություն, որպեսզի կառավարությունը տա կամ չտա այդ թույլտվությունը։ Տիգրանաշենում գրանցված տնամերձ հողամաս երբեւիցե չի եղել, սկսած 1990 թվականից մենք դիմել ենք կառավարությանը՝ ասելով, որ խնդրում ենք, թողեք մենք այնտեղ մեր տներն ու տնամերձներն օրինականացնենք։ Մեզ ամեն անգամ պատասխանել են, որ Տիգրանաշենի հարցը վերջնական կլուծվի հայ-ադրբեջանական պայմանագրով։ Այսինքն՝ մեզ հասկացրել են, որ Տիգրանաշենը հայկական չէ, եւ բոլոր ժամանակներում այդ բանը եղել է։ Տիգրանաշենում՝ որպես Հայաստանի մաս, կադաստրային քարտեզագրում արված չէ, ով ինչ ուզում է, թող ասի։ Թե ո՞վ է դրա մեղավորը, դա արդեն երկրորդական է։ Եթե Աստված չանի, բանը հասնի հանձնելուն, եւ խիղճերն էլ կորցնեն, մարդկանց կարող են ասել՝ ո՞րն է քո սեփականություն այստեղ, ո՞վ ասաց, որ սա քո սեփականությունն է»,- ասաց Արտակ Սարգսյանը։

Նա նշեց, որ ապատեղեկատվություն էլ է տարածվում․ «Այս վերջերս գրեցին, որ տիգրանաշենցիներին իբր փող են տալիս, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Գյուղացիներն այդ լուրը կարդացել էին, առաջինը մեզ դիմեցին։ Մի 10-15 մարդ այդ օրը միայն ինձ է զանգել, հարցնում էին՝ այդ ո՞վ է փող տալիս, ինչո՞ւ մենք տեղյակ չենք։ Այսինքն՝ տեղացին տեղյակ չէ, որ գումար են տալիս»։

Արտակ Ասատրյանի խոսքով՝ եթե իշխանությունները որոշեն, որ Տիգրանաշենը հանձնելու են, առաջին հերթին պետք է համայնքում տների գույքագրում իրականացնեն։

«Առաջին հերթին պետք է գույքագրեն՝ քանի տուն կա, այդ տներում ովքեր են ապրում, քանի ընտանիք կա։ Իսկ այդ աշխատանքը, եթե անենք, ես պետք է անեմ։ Ես հավատացնում եմ՝ այդ մասին ոչ մի խոսակցություն առայժմ չկա։ Եթե լինի, ես կասեմ, որ եղել է»,- նշեց նա։

Հարցին, թե Պարույր Սեւակի եւ Տիգրանաշենի բնակիչները կդիմադրե՞ն, եթե որոշվի հանձնել Տիգրանաշենը, համայնքապետարանի աշխատակիցը պատասխանեց, որ չի կարող այդ հարցին միանշանակ պատասխանել։ «Տիգրանաշենի բնակիչների մի մասը Բաքվից տեղահանված փախստականներ են, մյուս մասը՝ տեղացիներ։ Կան մարդիկ, որ իրենց սիրտը ցավում է համայնքի համար, ես ընկեր ունեմ, որ հիմա շինարարություն է անում, չի հավատում, որ Տիգրանաշենը հանձնելու են։ Բնական է, մարդկանց մի մասը կդիմադրի, բայց որ ասեմ՝ զենք կառնենք, կկանգնենք իշխանությունների դեմ, դա էլ սուտ կլինի։ Ո՞նց եք պատկերացնում դիմադրությունը՝ մի 40 տուն, որից 30-40 տոկոսում սկի տղամարդիկ չկան, ի՞նչ դիմադրություն են անելու»,- նշեց նա։

Հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում՝ Տիգրանաշենը հանձնելու դեպքում հնարավո՞ր է Պարույր Սեւակում կամ հարակից համայնքներում անվտանգ ապրել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես վիրավորվում եմ այդ հարցից՝ եթե 40 տուն թուրքը, որն իր երկրի հետ կապ չունի, բացի մեր կողմից վերահսկվող ճանապարհները, պիտի գա ու մեզ խեղճացնի, ուրեմն մեզ հասնում է։ Մենք ինչո՞ւ այսպես խեղճացանք, ինչո՞ւ վախկոտ դարձանք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930