«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խորապես մտահոգված է Քևին Սփեյսիին «Ոսկե ծիրան» կինոփառատոնին որպես պատվավոր հյուր հրավիրելու որոշումից:
Թեև Սփեյսիին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դատարանները մեղավոր չեն ճանաչել սեռական բռնություն կատարելու համար, սակայն կան 50-ից ավել վկայություններ, որոնք փաստում են, որ այդ դեպքերն իրական են: Սեռական բռնությունն ու ոտնձգությունները համարվում են այն հանցագործություններից, որոնք դժվար ապացուցելի են, հատկապես, եթե դրանք կատարվել են տարիներ առաջ անչափահասների նկատմամբ: Սեռական բռնության գործերով արդարադատության մատչելիությունը լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ում և այլ երկրներում, քանի որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ արտոնյալ դիրքում գտնվող տղամարդիկ ազատվում են պատժից: Հայտնի է, որ ԱՄՆ-ում բռնաբարության գործերի միայն 1-5% է դառնում իրավապահ մարմինների քննության առարկա, և 0-5% դեպքում է կայացվում մեղադրական դատավճիռ:
Քևին Սփեյսին բախվել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ հավաստի մեղադրանքների, և նրա գործողությունները խորը և երկարատև ազդեցություն են ունեցել բազմաթիվ անձանց կյանքերի վրա:
2024թ․-ին Սփեյսին համաձայնել է վճարել 1 միլիոն ԱՄՆ դոլար «Թղթե տունը» հեռուստասերիալն արտադրող ընկերությանը՝ վերջինիս Սեռական ոտնձգությունը կանխարգելող քաղաքականությունը խախտելու համար: Այս մասին արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել դեռևս 2022թ-ին, հաշվի առնելով այն նվաստացուցիչ միջավայրը, որը նա ստեղծել էր հեռուստասերիալի անձնակազմի համար և բազմաթիվ ոտնձգության դեպքերը անձնակազմի երիտասարդ անդամների նկատմամբ:
Կարդացեք նաև
Նրան «մեծարելով»՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մտահոգիչ ազդակներ է ուղղում հանրությանը, որ սեռական բռնություն վերապրածների անվտանգությունն ու արժանապատվությունը երկրորդական հարցեր են, մինչդեռ տաղանդը և արտոնյալ դիրքը կարող են մարդուն դարձնել անձեռնմխելի:
Երևանի քաղաքապետարանին որպես փառատոնի գլխավոր հովանավորի ուզում ենք հիշեցնել, որ մեր համայնքի ներկայացուցիչն է և իր միջոցների մի զգալի մասը ձևավորվում է մեր հարկերից: Ինչպես նաև, որպես միջոցառման հովանավոր և պետությունը ներկայացնող կառույց՝ Երևանի քաղաքապետարանն ունի պարտավորություն նպաստել ստեղծելու ապահով միջավայր սեռական ոտնձգություն և բռնություն վերապրած անձանց իրավունքների պաշտպանության համար և չպետք է սատարի նման խնդրային ուղերձով միջոցառմանը։
Կինոն ու արվեստը փառաբանող նմանատիպ փառատոնները պարտավոր են պահպանել էթիկական չափանիշները, որովհետև հավատացած ենք՝ բարձրարժեք արվեստը մարդու ազնվացման լավագույն միջոցն է: Բացի այդ վստահ ենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցողների համար նմանատիպ խնդրահարույց որոշումը վատ ազդակ է առ այն, որ տաղանդը կարող է արդարացնել բռնությունը:
Վերոնշյալ արարքները կատարած հյուրը ոչ միայն չի համապատասխանում այդ չափանիշներին, այլև ծառայում է որպես մի օրինակ, որը նորմալացնում է նմանատիպ վարքագիծը և հանրությանը անուղղակիորեն ևս մեկ անգամ մղում զոհականացնել գենդերային բռնության զոհերին: Այս վարքագիծը հավանաբար ոչ միտումնավոր, բայց ակամայից ի չիք է դարձնում այն խիզախ անհատների վարքագիծը, որոնք չեն վախեցել կիսվել իրենց պատմություններով, հույս ունենալով, որ արդարադատությունը կհանգուցալուծի տարիներ ձգվող հոգեմաշ ու լուռ տառապանքը:
– Կո՛չ ենք անում «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչներին վերանայել որոշումը և չեղարկել այդ հյուրի մասնակցությունը փառատոնին:
– Կո՛չ ենք անում չօգտագործել փառատոնի հարթակը անգամ շատ տաղանդավոր, բայց նմանատիպ գործողություններում մեղադված անձանց գովազդելու նպատակով:
– Կո՛չ ենք անում մշտապես զորակցել բռնություն վերապրածներին, այդ թվում սեռական բռնություն և ոտնձգություն վերապրածներին և կանգնել նրանց կողքին:
– Կո՛չ ենք անում քաղաքապետարանին՝ որպես համայնքային հարկերից ֆինանսավորվող և իր ենթակայության տակ գործող կառույցներում սեռական ոտնձգությունը կանխարգելելու պարտավորություն ունեցող կառույցի, հովանավորելուն նախընթաց կատարել ամբողջական քննություն և չաջակցել անցյալում սեռական ոնտձգությունների մեջ մեղադրվող անձանց:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան 10 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած (ՔՀԿ) ցանց է, որը միավորվել է վերացնելու գենդերային հիմքով բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ: Մեր անդամ կազմակերպությունները, որոնք գտնվում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում, համատեղ պայքարում են գենդերային հավասարության և կանանց հզորացման ուղղությամբ՝ միաժամանակ ակտիվորեն աշխատելով գենդերային բռնության կանխարգելման և գենդերային բռնությունից կանանց և աղջիկների պաշտպանության ուղղությամբ:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա