Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան

Հունիս 26,2024 17:11

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում:

Իր զեկույցում պատգամավորն ասել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ժենյային զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ տարբեր դերակատարների ներգրավվածությամբ: Հատկապես հատկանշական է Ուկրաինայի գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվությունն Ուկրաինայում պատմամշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանությունը հավասարապես մեր բոլորի պատասխանատվությունն է` անկախ հուշարձանի մշակութային կամ ազգային պատկանելությունից, որովհետեւ խոսքը համաշխարհային պատմության պահպանման մասին է:

Անխոս, պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում` պատմության կեղծման հետագա հնարավորությամբ: Ցավով պետք է նշեմ, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Հարավային Կովկասում: 2020 թվականին մենք 2 անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը:

Եվգենիան անդրադարձել է Բելառուսում, Ուկրաինայում ու Հարավային Կովկասում պատմամշակութային հուշարձանների ավերման դեպքերին պատերազմների ժամանակ: Ես ուզում եմ նախ մի պարզաբանում անել բոլոր գործընկերների համար, քանի որ համարում եմ` Հայաստանում մուսուլմանական մզկիթների պահպանությունը պետության պարտականությունն է, եւ այս առումով, երբ նշվում է մզկիթների ավերման մասին, պետք է ասեմ, որ Երեւանում` քաղաքի սրտում, ամենամեծ իրանական մզկիթն է տեղակայված, որը վերանորոգվել եւ գտնվում է պետական պահպանության ներքո: Հաջորդ մզկիթը, որին ակնարկ է արվել քննարկումների ժամանակ, Կոնդի մզկիթն է: Ուզում եմ տեղեկացնել, որ Կոնդ թաղամասում գոյություն ունի երկու եկեղեցական կոթող. մեկը մզկիթն է, մյուսը` քրիստոնեական մատուռը: Երկուսն էլ այս պահին գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Պետությունը դրանք հաշվառել է պետռեգիստրում եւ ամեն տարի լուսանկարում է` թույլ չտալու, որ դրանք որեւէ վնասի ենթարկվեն:

Ուզում եմ տեղեկացնել, որ Կոնդն ամենախիտ բնակեցված թաղամասն է Հայաստանում, այն գտնվում է բարդ սոցիալական վիճակում: Դրա հետեւանքով է, որ դեռ 90-ականների սկզբին իրանական մզկիթը եւ առաքելական եկեղեցու կոթողը վերաձեւակերպվել եւ ապաստան են դարձել հայ բնակչությանը: Պետությունը կատարում է իր պարտականությունը, եւ Կոնդ թաղամասի նոր նախագծում դրանք պարտադիր պահպանվելու են. նրանց նախկին ձեւը վերականգնվելու է:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաեւ Խորհրդային Միության կողմից ինքնության վերացման ձեւերից մեկին: Խոսքը Երեւանի կենտրոնում Պողոս-Պետրոս եկեղեցու քանդմանը եւ դրա տեղում կինոթատրոն կառուցելու ԽՍՀՄ որոշման մասին է: Ուշագրավ է, որ եկեղեցու փոխարեն կառուցված կինոթատրոնի անունը «Մոսկվա» է: Սա ընդհանուր զեկույցի տրամաբանությամբ ցույց է տալիս ԽՍՀՄ կողմից վարվող մշակութային ինքնության ջնջման մեկ օրինակ: Ես բերել եմ ինձ հետ լուսանկարներ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ կոնտեքստի մասին ենք խոսում, երբ բարձրաձայնում ենք 80-ականների վերջում եւ 90-ականների սկզբում սոցիալական վիճակով պայմանավորված կոթողների ձեւափոխման մասին»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930