«Գոյություն ունեն իրողություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել, եթե բժշկական կրթություն չունես։ Ես այդ ոլորտում առկա գիտելիքները կիրառել չեմ կարող, բայց այդ ամենին այլ կերպ արձագանքել հնարավոր չէ», – ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում այսպես է արձագանքել Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը հայերից խլել է Լեռնային Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին:
«Նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին. Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց արյամբ։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպես կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշողությանը։ Ով իրավունք տվեց դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ «Ռուսաստանը եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ է գնացել, սա է եղել իրականությունը», և շեշտել՝ «այդ ժամանակ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»: