Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան. «Քաղաքային իշխանությունը չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ ներառում է շինթույլտվություններ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծեր»

Հունիս 26,2024 16:34

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում նշելով, որ ներկայումս մեր պետությունը մեծ ու կարեւոր խնդիրներ ունի եւ դրա համար որոշ մարդիկ նախընտրում են քաղաքային հարցերը անտեսել, ասաց, որ պետք չէ մոռանալ, որ քաղաքային իշխանությունը համապետական իշխանության դուստր կազմակերպությունն է, քաղաքային իշխանությունների աշխատանքը, որակը, դրսեւորումները, դիրքորոշումները նույնպես ցույց են տալիս, թե որքան կործանարար է ՔՊԿ-ն թե մեր պետության, թե մեր քաղաքի, թե, առհասարակ, մեր ժողովրդի, ազգի ու պետականության համար:

«Առաջինը կուզեի նշել դատական հայցերը: Ինչպես տեղյակ եք, «Մայր Հայաստանը» իմ անունից հայց է ներկայացրել վարչական դատարան, որպեսզի Տիգրան Ավինյանի երդման արարողության նիստը, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, ճանաչվի ոչ իրավազոր: Սկզբում մերժեցին: Նորից դիմեցինք եւ ընդունեցին: Սակայն մի քանի օր առաջ ստացանք պատասխան, որով դատարանը մերժեց մեր պահանջը՝ պատճառաբանելով, թե օրենքը չի պարտադրում, որ այդ նիստը լինի իրավազոր եւ որ ավագանու որեւէ իրավունք չի խախտվել:

Մենք, բնականաբար, համաձայն չենք եւ այդ վճիռը բողոքարկելու ենք: Ավագանին ունի ոչ միայն իրավունքներ, այլեւ պարտականություններ: Ավագանու անդամի ուղիղ եւ առաջնային պարտականությունն է՝ պաշտպանել երեւանցիների շահերը: Իսկ եթե կա մի իրավիճակ, որտեղ Երեւանի քաղաքապետ ընտրված անձը օրենքը խախտելով է ստանձնում լիազորությունները, մեր ուղիղ պարտականությունն է՝ դրա մասին տեղեկացնել երեւանցիներին, պայքարել դրա դեմ թե ավագանու ամբիոնից, թե դատարանում:

Մենք բողոքարկելու ենք: Եթե Հայաստանում լիներ օբյեկտիվ, անաչառ դատական համակարգ, մենք այդ դատական գործը կհաղթեինք, որովհետեւ եթե այդ նիստի իրավազորությունը պարտադիր չէ եւ եթե ամեն ինչ ճիշտ է եղել, ստացվում է, որ Ավինյանը այդ օրը կարող էր միայնակ գնալ, երդման արարողությունն անել, ավարտել, անցնել: Իսկ այդպես չի լինում:

Երկրորդ արգումենտը, որ մենք ճիշտ ենք ու որի վրա հիմնվելով շարունակելու ենք մեր պայքարը թե դատարանում, թե դատարանից դուրս, այն է, որ Ավինյանից առաջ եղած երեք քաղաքապետերի երդման արարողության նիստի քվորումն ու նիստի իրավազորությունն ապահովվել է: Եվ դա արել են, որովհետեւ պարտադիր պահանջ է, որ նիստը պետք է լինի իրավազոր»,-ասաց ավագանու անդամը:

Սամվել Հակոբյանը անդրադարձավ նաեւ քաղաքային իշխանության աշխատանքի ոճին, որը նրա կարծիքով օրենքի, մարդու ազատության խախտում է, պետական ատյանների թափանցիկ աշխատանքի խոչընդոտ է եւ կոռուպցիոն ռիսկերի բացահայտ դրսեւորում: «Երեկ եղել է ավագանու նիստ, որի օրակարգում եղել է 32 հարց: Տրամաբանությունը հուշում է, որ պետք է լինի 32 քվեարկություն: Բայց եղել է 32 հարց եւ երեք քվեարկություն: Ինչ են անում: Օրակարգի մեջ եղած նախագծերը բաժանում են երկու մասի՝ զեկուցվող եւ չզեկուցվող: Չզեկուցվողի ամբողջ իմաստն ի սկզբանե այն է եղել, որ այն հարցերը, որոնք չունեն բովանդակային կարեւորություն, էական չեն կամ առանձնապես քննարկելու հարցեր չեն պարունակում, դրանք անցնեն չզեկուցվող խմբով: Բայց խնդիրն այն է, որ այս մարդիկ չզեկուցվող փաթեթի մեջ ներառում են շինթույլտվություններ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծեր: Եվ սրանք դնում են ձեւականորեն ոչ կարեւոր հարցերի տակ ու մեկ փաթեթով անցկացնում մեկ քվեարկությամբ:

Ու սա անում է մի իշխանություն, որը իշխանության գալիս պնդում էր, որ պետք է խծբ չլինի, կոռուպցիա չլինի: Այսինքն, իրենք այս արատավոր բարքերի մասին խոսելով եկել են իշխանության»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930